Հա

Քաղաքական

04/05/2020 - 12:25

«Չինաստանը ժամանակին չի ընդունել կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի միջոցառումները». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար միջոցառումները ժամանակին չի ընդունել: Վաշինգտոնը մտադիր է պարզել, թէ դա ինչով էր պայմանաւորւած:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար միջոցառումները ժամանակին չի ընդունել: Վաշինգտոնը մտադիր է պարզել, թէ դա ինչով էր պայմանաւորւած: Ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Կիրակի Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում վիրուսի մասին խօսելիս նշել էր. «Այն Չինաստանից է եկել: Այն պէտք է անմիջապէս կասեցնէին: Նրանք նախընտրել են դա չանել, կամ ինչ-որ բան է տեղի ունեցել: Բանը կա՛մ ոչ բանիմացութիւնն է, կա՛մ: Նրանք ինչ-որ պատճառով դա չեն արել»: «Մենք ստիպւած ենք պարզել, թէ ինչ պատճառ էր դա»,- շեշտել է Թրամփը:

Թրամփը վստահ է, որ Չինաստանի իշխանութիւնները կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի ամենավաղ փուլում են սխալ կատարել, այնուհետեւ մոլորութեան մէջ են գցել միջազգային հանրութեանը՝ փորձելով այն թաքցնել:

«Կարծում եմ, որ դրանում կասկած չկայ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թէ համարո՞ւմ է արդեօք, որ Չինաստանը միջազգային հանրութեանը մոլորութեան է մատնել: «Մենք ցանկանում էինք [կորոնավիրուսի դէմ պայքարին] միանալ շատ վաղ փուլում, իսկ նրանք չցանկացան, որ դա անենք: Եւ դուք դեռ կը տեսնէք, թէ դա որքան վաղ է եղել»,- յաւելել է Թրամփը:

«Ես անձամբ կարծում եմ, որ նրանք հրէշաւոր սխալ են թոյլ տւել եւ չեն ցանկացել դա խոստովանել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն կիրակի յայտարարել էր Վաշինգտոնի տրամադրութեան տակ եղած ապացոյցների մասին, որ կորոնավիրուսն իբր սկսել է տարածւել Ուհանի լաբորատորիայից: Պոմպէոն դրական էր պատասխանել հարցին այն մասին՝ համարո՞ւմ է արդեօք, որ վիրուսն արհեստականօրէն էր ստեղծւած: Պետքարտուղարը նաեւ Չինաստանի իշխանութիւններին հերթական անգամ մեղադրել է վիրուսի տարածման մասին տեղեկութիւնների մի մասը թաքցնելու մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։