Հա

Քաղաքական

07/05/2020 - 11:50

Էր Ռիադի եւ Թել Աւիւի երկխօսութիւնը

1948-ին հրէական պետականութեան վերականգնումը վերափոխեց Մերձաւոր Արեւելքի առաջատար խաղացողների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի խաղաթղթերը։ Յաջորդ տասնամեակներում Էր Ռիադի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում առանցքային հարցերից մէկը պաղեստինեան հարցի «արդարացի» կարգաւորումն էր։ Իրականում Սաուդեան Արաբիային մտահոգում էր Մերձաւոր Արեւելքում, ի դէմս Իսրայէլի, նոր հակառակորդի ի յայտ գալն ու ազդեցութեան գօտիների վերաբաշխման հնարաւոր վտանգները։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

1948-ին հրէական պետականութեան վերականգնումը վերափոխեց Մերձաւոր Արեւելքի առաջատար խաղացողների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի խաղաթղթերը։ Յաջորդ տասնամեակներում Էր Ռիադի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում առանցքային հարցերից մէկը պաղեստինեան հարցի «արդարացի» կարգաւորումն էր։ Իրականում Սաուդեան Արաբիային մտահոգում էր Մերձաւոր Արեւելքում, ի դէմս Իսրայէլի, նոր հակառակորդի ի յայտ գալն ու ազդեցութեան գօտիների վերաբաշխման հնարաւոր վտանգները։ Տարածաշրջանում Իսրայէլի աճող ազդեցութեան զսպման ու հակազդման կարեւոր գործիք էր պաղեստինեան հիմնահարցը, որը կարող էր միաւորել արաբական, ինչպէս եւ իսլամադաւան աշխարհը։  

Արաբական աշխարհն իր շուրջը համախմբելու Էր Ռիադի ակնկալիքները մեծ էին յատկապէս արաբա-իսրայէլական պատերազմների ժամանակաշրջանում, երբ պաղեստինեան հիմնահարցի շուրջ հիմնականում դրսեւորւում էր արաբ ժողովուրդների համերաշխութիւնը։

Իրավիճակը, սակայն, սկսեց փոխւել նախորդ դարի 90-ականներից եւ յատկապէս 2000-ականներից․ Սաուդեան Արաբիայի եւ Իսրայէլի յարաբերութիւններում աստիճանաբար առաջնային էր դառնում տարածաշրջանում Թեհրանի աճող ազդեցութեան ու հաւակնութիւնների զսպման խնդիրը։

Թիրախաւորելով Իրանը՝ Իսրայէլի նկատմամբ Սաուդեան Արաբիայի նախկին կոշտ դիրքորոշումը որոշակիօրէն մեղմացաւ։

Էր Ռիադի եւ Թել Աւիւի հակասութիւնների նւազեցման, հետագայում՝ շահերի համատեղման հարցում կարեւոր էր նաեւ արտաքին՝ ամերիկեան գործօնը․ Վաշինգտոնն իր մերձաւորարեւելեան քաղաքականութեան ռազմավարութիւնը զգալիօրէն կառուցում է իր վստահելի գործընկերների՝ Սաուդեան Արաբիայի եւ Իսրայէլի հետ դաշնակցային տրամաբանութեամբ։ Աւելին, վերջին տարիներին Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի յարաբերութիւնների սրացումն է՛լ աւելի ընդգծեց ինչպէս Էր Ռիադի, այնպէս էլ Թել Աւիւի դերակատարութիւնը Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականութիւնում։

Իհարկէ, պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման հարցում Սաուդեան Արաբիան ի պաշտօնէ շարունակում է պահպանել համերաշխութիւնն արաբական աշխարհի հետ, ինչը, թերեւս, անհրաժեշտ է Սաուդեան Արաբիային արաբական աշխարհն իր շուրջը համախմբելու եւ առաջատար երկիր ներկայանալու տեսանկիւնից։  

Մերձաւոր Արեւելքում Սաուդեան Արաբիայի ազդեցութեան ընդլայնմանն էր ուղղւած 2002-ին պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան համապարփակ կարգաւորման Էր Ռիադի խաղաղութեան նախաձեռնութիւնը (Saudi intitiative)։ Էր Ռիադի համար խաղաղութեան ծրագիրը նաեւ հնարաւորութիւն էր Իսրայէլի հետ հակասութիւնները հարթելու, հակաիրանական ճամբարը ձեւաւորելու համար։ Սկզբանական շրջանում թէեւ նախաձեռնութեանը Թել Աւիւի արձագանքը ընդհանուր առմամբ մերժողական էր, սակայն կողմերն աստիճանաբար կարողացան երկխօսութեան դաշտ ձեւաւորել։

2002-ի կէսերին Իսրայէլի նախագահ Մոշէ Կացաւը Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Աբդալլահ իբն Աբդ ալ Ազիզին հրաւիրեց Երուսաղէմ՝ քննարկելու Էր Ռիադի նախաձեռնութիւնը, իսկ 2007-ի մարտին Իսրաէլի վարչապետ Էհուդ Օլմերթը զգուշաւոր ողջոյնով (cautious welcome) ընդունեց այն։

Աւելի ուշ՝ 2015-ին Իսրայէլի վարչապետ Նեթանեահուն նշում էր․ «Նախաձեռնութիւնում կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր։ Նախաձեռնութեան առաջարկից անցել է 13 տարի, եւ այդ ընթացքում Մերձաւոր Արեւելքում իրավիճակը փոխւել է։ Սակայն արաբական առաջատար երկրների հետ փոխըմբռնման հասնելու հիմնական գաղափարը լաւն է»։ Յիշեցնենք, որ խաղաղութեան ծրագրով Իսրայէլը պէտք է յետ քաշւէր մինչ 1967-ի Վեցօրեայ պատերազմը եղած սահմանը, որից յետոյ արաբական երկրները կը ճանաչեն Իսրայէլի պետութիւնը եւ դիւանագիտական յարաբերութիւններ կը հաստատեն։

Ինչպէս նկատում են որոշ փորձագէտներ, պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան համապարփակ կարգաւորման եւ Իսրայէլի ու արաբական երկրների երկխօսութեան Սաուդեան Արաբիայի նախաձեռնութիւնն անուղղակիօրէն փոխկապակցւած է 2001 սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան հետ, ինչի արդիւնքում Վաշինգտոնը Հիւսիսային Կորէան, Իրաքը, Իրանը հռչակեց «չարի առանցք»։ Անհերքելի է, որ ԱՄՆ, ինչպէս նաեւ Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում աստիճանաբար մեծանում էր ուշադրութիւնը Իրանի միջուկային յաւակնութիւնների, տարածաշրջանում իրանական ազդեցութեան ընդլայնման հարցերի շուրջ։

2006-ի լիբանան-իսրայէլական (Հեզբօլլահ-Իսրայէլ) պատերազմը, 2006-ի յունւարին Պաղեստինի խորհրդարանական ընտրութիւններին Համաս խմբաւորման յաղթանակը մեծացրեց Իսրայէլի հետաքրքրութիւնը Էր Ռիադի խաղաղ նախաձեռնութեան նկատմամբ, որն էլ հնարաւորութիւն էր Թել Աւիւ-Էր Ռիադ շահերի համատեղման առարկայացման համար։ Կարող ենք ասել, որ ինչ-որ առումով Էր Ռիադի խաղաղութեան նախաձեռնութիւնը Իսրայէլի հետ երկխօսելու պատրաստակամութեան ուղերձ էր։

2000-ականների կէսերից արաբական, իրանական, ինչպէս նաեւ իսրայէլական լրատւականներում յաճախակիացան Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի միջեւ գաղտնի հանդիպումների, բանակցութիւնների մասին հրապարակումները։ Ըստ այդ աղբիւրների, 2006-ի սեպտեմբերին Յորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացաւ Իսրայէլի վարչապետ Էհուդ Օլմերթի եւ Սաուդեան Արաբիայի Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Բանդար իբն Սուլթանի հանդիպումը։ Հաղորդւում էր, որ կողմերը հանդիպեցին՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրն ու Սաուդեան Արաբիայի խաղաղութեան նախաձեռնութիւնը։

Բանդար իբն Սուլթանն ալ Սաուդն առանցքային կերպար է Էր Ռիադի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում։ 1983-2005 թթ․ նա եղել է ԱՄՆ-ում Սաուդեան Արաբիայի դեսպանը, 2005-ին նշանակւել է Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար եւ զբաղեցրել այդ պաշտօնը մինչեւ 2015-ի յունւարը։ 2012-2014 թթ․ Սաուդեան Արաբիայի հետախուզութեան ծառայութեան գլխաւոր տնօրէնն էր։ 2014-ի յուլիսից 2015-ի յունւար Բանդար իբն Սուլթանն Սաուդեան Արաբիայի Աբդալլահ թագաւորի յատուկ յանձնակատարն էր։

Նա կարեւոր մասնակցութիւն է ունեցել Պաղեստինի, Լիբանանի ներքաղաքական հակասութիւնների կարգաւորման գործում։ Զգալի է նրա միջնորդական առաքելութիւնը Վաշինգտոնի եւ Թեհրան բանակցութիւններում․ յատկապէս շատ է խօսւում Բանդար իբն Սուլթանի եւ Իրանի միջուկային հարցերով բանակցող Ալի Լարիջանիի միջեւ հանդիպումների մասին։ Փորձագէտները բարձր են գնահատում Բանդար իբն Սուլթանի դերը Էր Ռիադ-Թել Աւիւ երկխօսութեան հարթակի ձեւաւորման, կողմերի միջեւ շփումների ակտիւացման գործում։

Պաշտպանութեան ու հետախուզութեան նախկին բարձրաստիճան սպաների վկայութեամբ, Բանդար իբն Սուլթանն Իսրայէլի հետ կապեր հաստատել է դեռեւս 1990-ականներից։ 1990-ականներին Թել Աւիւի հետ բանակցութիւններում առանցքային երկու հարցերից մէկը Իրաքից եկող սպառնալիքների չէզոքացումն էր, հետագայ տարիներին՝ Իրանի գործօնը։ Որոշ աղբիւրների հաղորդմամբ, Օսլոյի պաղեստինա-իսրայէլական բանակցութիւնների փուլում Բանդար իբն Սուլթանն ուղիղ կապի մէջ էր Վաշինգտոնում Իսրայէլի դեսպանութեան հետ եւ ոչ ֆորմալ շփումներ ունէր դեսպան Իթամար Ռաբինովիչի հետ։

2005-ին Սաուդեան Արաբիան Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն (ԱՀԿ) անդամակցութեան առիթով պարտաւորւեց վերացնել իսրայէլական ապրանքների ու ծառայութիւնների նախկինում սահմանւած արգելքը․ կազմակերպութեան կանոնադրութեամբ, կառոյցի անդամ-պետութիւնը չի կարող կառոյցի մէկ այլ անդամ-պետութեան նկատմամբ ունենալ ամբողջական առեւտրատնտեսական արգելք։  

Այդուհանդերձ նշենք, որ Սաուդեան Արաբիայի արգելքն այդպէս էլ ամբողջապէս չհանւեց․ 2006-ի յուլիսին ԱՄՆ-ում Սաուդեան Արաբիայի դեսպանը յայտարարեց, որ իր երկիրը չի դադարեցնելու Իսրայէլի հետ առեւտրի արգելքը։ Վաշինգտոնը դիրքորոշմամբ, Իսրայէլի նկատմամբ տնտեսական-առեւտրային արգելքի պահպանումը չի համապատասխանում ԱՀԿ կանոնադրութեանը։

Յիշեցնենք, որ դեռ 2005-ի նոյեմբերին Սաուդեան Արաբիան յայտարարել էր Իսրայէլի նկատմամբ տնտեսական արգելքի վերացման պատրաստակամութեան մասին, սակայն այդպէս էլ շարունակեց արգելել Իսրայէլում արտադրւած, ինչպէս նաեւ իսրայէլական արտադրական բաղադրիչ ունեցող այլ երկրների ապրանքների մուտքը Սաուդեան Արաբիա։

Պէտք է նկատել, որ Իսրայէլի նկատմամբ Սաուդեան Արաբիայի առեւտրատնտեսական արգելքի մեղմացումը դրական անդրադարձաւ կողմերի միջեւ երկխօսութեան ձեւաւորման վրայ։  

Յատկանշական է, որ վերջին տարիներին յաճախակիացել է արաբ սուննիական վարչակարգերի եւ Իսրայէլի կառավարութեան, յատուկ ծառայութիւններում աշխատած նախկին զինւորականների շփումների մասին տեղեկութիւնները։ Տեղեկատւութեան մի զգալի հատւած վերաբերում է Իսրայէլի ժամանակակից սպառազինութեան մատակարարման հնարաւորութիւններին։ 2011-ին լուրեր յայտնւեցին, որ Իսրայէլը հաւանութիւն է տւել Գերմանիայի կողմից Սաուդեան Արաբիային Leopard տեսակի (2A7+) 200 տանկերի վաճառքի գործարքին։

Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի, Բեռլինը մտադիր էր սաուդական կողմին վաճառել ժամանակակից տանկեր։ Յիշեցնենք, որ 1980-ին Գերմանիայի կառավարութիւնն արգելում էր երկրի հայրենական ռազմարդիւնաբերական ընկերութիւններին տանկ մատակարարել Էր Ռիադին։ Der Spiegel-ը հաղորդում էր․ «Վերջին տասնամեակներում Գերմանիայի կառավարութիւնը մերժել էր Leopard տանկերի մատակարարման Սաուդեան Արաբիայի առաջարկները՝ մտավախութիւն ունենալով, որ գործարքները կարող են սպառնալիք լինել Իսրայէլի անվտանգութեանը, սակայն Իսրայէլի բարձրտեխնոլոգիական պաշտպանական համակարգն այդ գործարքում սպառնալիք այլեւս չի տեսնում»։  

2010-2016 թթ․ Գերմանիան Սաուդեան Արաբիային մատակարարել է շուրջ 2․9 մլրդ. դոլար սպառազինութիւն ու ռազմական տեխնիկա։ 2018-ի հոկտեմբերին, սակայն, Գերմանիան ժամանակաւորապէս դադարեցրեց սպառազինութիւնների վաճառքը՝ պայմանաւորւած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանութեամբ, իսկ հետագայում սպառազինութեան մատակարարման արգելքը երկարաձգւեց մինչեւ 2019-ի սեպտեմբեր՝ պայմանաւորւած Եմէնի հետ ռազմական գործողութիւններով։

2015-ի մայիսին The Times of Israel պարբերականում հրապարակւած յօդւածում նշւում էր, որ Թել Աւիւը մտադիր էր Սաուդեան Արաբիային տրամադրել Երկաթեայ գմբեթ (Iron Dome) ՀՕՊ համակարգ՝ Եմէնի հութիների կողմից արձակւող հրթիռների չէզոքացման նպատակով։ Աղբիւրի համաձայն, սաուդական կողմը, սակայն, մերժել էր։ Յիշեցնենք, որ Սաուդեան Արաբիայի եւ Իրանի միջնորդաւորւած պատերազմում Թեհրանը տարատեսակ աջակցութիւն է ցուցաբերում հութիներին ։ Այդուհանդերձ, թերեւս քիչ է հաւանականութիւնը, որ Թել Աւիւ-Էր Ռիադ յարաբերութիւնների ներկայիս պայմաններում Իսրայէլը համաձայնէր Էր Ռիադին տրամադրել ռազմավարական նշանակութեան Երկաթեայ գմբեթ ՀՕՊ համակարգ։

2016-ին Էր Ռիադը նախատեսում էր Հարաւաֆրիկեան Հանրապետութեան (ՀԱՀ) հետ համատեղ հիմնել ԱԹՍ-երի արտադրութեան գործարան, որի նպատակը, ըստ աղբիւրի, սաուդական կողմ՝ ՀԱՀ-ի միջոցով իսրայէլական արտադրութեան ԱԹՍ-ներ գնելն էր։ Տեղեկատւութիւնը տրամադրել էր Mujtahid ծածկանւամբ սաուդցի ռազմական յայտնի փորձագէտը, ով 2000-ականների սկզբներին իր թւիթերեան էջում յաճախակի էր տեղեկատւական արտահոսքեր տալիս Սաուդեան Արաբիայի արքայական ընտանիքի վերաբերեալ։ ԱԹՍ-երի գործարքի հետ կապւած, վերլուծաբանը նպատակ ունէր ներկայացնել, թէ ինչ մեխանիզմնով է գործում երկկողմ համագործակցութիւնը։ Սաուդցի ռազմական փորձագէտը մեղադրանքներ հնչեցրեց Սաուդեան Արաբիայի պաշտպանութեան նախարար Մուհամմադ իբն Սալմանի հասցէին, ըստ որի վերջինս իսրայէլական արտադրութեան ԱԹՍ-երի ձեռքբերման գործում սպասարկում էր Իսրայէլի շահերը։ Ըստ որոշ փորձագէտների, Մուհամմադ իբն Սալմանը երկրի երկրորդ ազդեցիկ պաշտօնեան էր եւ առանցքային դերակատարութիւն ունէր Էր Ռիադ-Թել Աւիւ շփումներում։

Յատկանշական է, որ տարիներ շարունակ Սաուդեան Արաբիան փորձել է ուժեղացնել երկրի զինւած ուժերը ԱԹՍ-երի հնարաւորութիւններով։ 2013-ին սաուդական կողմը քննարկում էր այդ թւում ՀԱՀ-ից (Denel Dynamics ռազմարդիւնաբերական ընկերութիւնից) հետախուզական նշանակութեան ԱԹՍ-եր ձեռք բերելու հնարաւորութիւնը։ Իսրայէլը ԱԹՍ-երի արտադրութեան համաշխարհային առաջատար երկրներից է, սակայն երկկողմ հնարաւոր գործարքը, հասկանալի պատճառներով, կը հանգեցնէր արաբական աշխարհի սուր քննադատութեանը։  

Ըստ որոշ տւեալների, 2015-ին Իսրայէլի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, ով գործարարութեամբ էր զբաղւում, ԱՄԷ-ում գտնւող միջնորդից ստացել էր յարձակողական կիբերտեխնոլոգիաների ձեռքբերման հարցում Սաուդեան Արաբիային աջակցելու առաջարկ։ The Marker պարբերականի լրագրող Գուր Մեգիդոյի հաղորդմամբ, միջնորդը հաւաստիացնում էր, որ իր ետեւում կանգնած է սաուդական թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանը եւ նրա եղբայր Խալեդ իբն Սալմանը։ Թերթի տւեալներով, միջնորդը թւարկել էր այն ընկերութիւնները, որոնց արտադրանքով հետաքրքրւած է Էր Ռիադը։ Սակայն գործարքն այդպէս էլ չիրականացւեց։

2018-ի հոկտեմբերին ԱՄԷ-ում գործող Ալ-Խալիջ լրատւական կայքը հաստատում էր, որ Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են եւ ստորագրել Էր-Ռիադին $250 մլն արժէքով հետախուզական ժամանակակից սարքաւորումների մատակարարման գործարք։ Կայքը, յղում անելով դիւանագիտական աղբիւրներին, հաստատում էր, որ սարքաւորումների մի մասն արդէն մատակարարւել է։

2018-ի յունւարին շւէյցարական Basler Zeitung պարբերականը նշում էր, որ Սաուդեան Արաբիայի կառավարութիւնը հետաքրքրութիւն է ցուցաբերել իսրայէլական արտադրութեան Մերկաւա տանկերի համար նախատեսւած հակատանկային պաշտպանութեան համակարգերի ձեռքբերման հարցում։

2015-ի յունիսին Միջազգային յարաբերութիւնների խորհրդի վաշինգտոնեան գրասենեակում (Washington office of the Council on Foreign Relations) Մերձաւոր Արեւելքում Թեհրանի ազդեցութեան զսպման, ընդհանուր շահերի հակազդման հարցերի քննարկման նպատակով հանդիպեցին սաուդցի պաշտօնաթող գեներալ-մայոր Անւար Էշքին (Anwar Eshki) եւ ՄԱԿ-ում Իսրայէլի նախկին դեսպան Դորի Գոլդը (Dore Gold)։ Կողմերը քննարկել են Իրանի հակազդման ընդհանուր շահերը։ Աղբիւրը նշում է, որ երկու նախկին պաշտօնեաները քանիցս են հադիպել։ Ենթադրաբար, խօսքը չհրապարակւած հանդիպումների մասին է։ Հանդիպմանը Դորի Գոլդը նշում էր․ «մենք՝ երկու կողմերս, Միացեալ Նահանգների դաշնակիցներն ենք, եւ ես յուսով եմ, որ համընդհանուր ռազմավարական հարցերի շուրջ սա մեր քննարկումների մեկնարկն է»։ Հանդիպման մասին TheNew York Times-ը նշում էր, որ թէեւ կողմերը չունեն դիւանագիտական յարաբերութիւններ, Սաուդեան Արաբիայի կառավարութիւնը երբեք պաշտօնապէս չի ճանաչել Իսրայէլի պետութիւնը, սակայն երկու երկրները տարիներ շարունակ համագործակցում են հետախուզական տւեալների փոխանակմամբ՝ յատկապէս Իրանի վերաբերեալ։

Դորի Գոլդը զբաղեցրել է մի շարք կարեւոր պաշտօններ Իսրայէլի տարբեր կառավարութիւններում․ 1996-1997թթ․ Իսրայէլի վարչապետ Նեթանեահուի արտաքին հարցերով խորհրդականն էր, 1997-1999 թթ․-ին՝ ՄԱԿ-ում Իսրայէլի դեսպանը։ 2002-2004 թթ․ նշանակւեց նախկին վարչապետ Արիէլ Շարոնի խորհրդական։ 2015-ի մայիսին Նեթանեահուն Գոլդին նշանակեց ԱԳՆ գլխաւոր տնօրէն (Director-General of the Israeli Ministry of Foreign Affairs), պաշտօնավարեց մինչեւ 2016-ի հոկտեմբեր։ Դ․ Գոլդը ներկայում Jerusalem Center for Public Affairs (JCPA) հետազօտական կենտրոնի նախագահն է։ Գոլդը կարեւոր մասնակցութիւն է ունեցել Իսրայէլի եւ արաբական երկրների բանակցութիւններում։ Նկատենք նաեւ, որ Գոլդի դոկտորական դիսերտացիան Սաուդեան Արաբիայի վերաբերեալ է։

2016-ի յուլիսին պաշտօնաթող գեներալ Անւար Էշքին այցելեց Իսրայէլ, որտեղ Էր Ռիադի խաղաղութեան նախաձեռնութեան շուրջ Իսրայէլի հետ երկխօսութեան զարգացման նպատակով հանդիպումներ ունեցաւ Քնեսետի անդամների հետ։ Գեներալի գլխաւորած պատւիրակութեան կազմում էին նաեւ սաուդցի գիտահետազօտական, ակադեմիական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Գեներալը հանդիպում ունեցաւ նաեւ ԱԳՆ գլխաւոր տնօրէն Դորի Գոլդի հետ։ Նշենք, որ Էշքինն աւագ պաշտօններ է զբաղեցրել Սաուդեան Արաբիայի պաշտպանութեան եւ արտաքին քաղաքական գերատեսչութիւններում։

2009-2010 թթ. լուրեր շրջանառւեցին, որ Սաուդեան Արաբիան թոյլատրել է իսրայէլական կողմին իր օդային տարածքով աւիահարւածներ հասցնել Իրանի միջուկային օբիեկտներին։ Ընդ որում, ասում էին, որ այդ տեղեկութիււնը հաստատել էր ամերիկեան պաշտպանական աղբիւրներից մէկը եւ որ այն համաձայնեցւած է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ։ Սաուդեան Արաբիայի հիւսիային հատւածի օդային նեղ միջանցքի տրամադրումը կը կրճատի Իրանին օդային հարւածներ հասցնելու տարածութիւնը․ թիրախներն Իսրայէլից 2250 կմ. հեռաւորութեան վրայ են։ Ըստ աղբիւրի, նախատեսւում էր թիրախաւորել Նաթանզի եւ Ղոմի ուրանի հարստացման օբիեկտները, Սպահանի գազապահեստարանը եւ Արաքի ծանր ջրով աշխատող ռեէակտորը (Araks heavy-water reactor)։

Որոշ տւեալներով, Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան նախկին ղեկավար Մեիր Դագանը (Meir Dagan) հաւաստիացրել էր վարչապետ Նեթանեահունին, որ Էր Ռիադը համաձայնել է իր օդային տարածքը տրամադրել Իսրայէլին։ Նշւում էր, որ 2009-ի սկզբին Դագանը գաղտնի քննարկումներ է ունեցել Սաուդեան Արաբիայի ղեկավարների հետ։ Այդ մասին տեղեկատւութիւնը հիմնւում էր բրիտանական The Sunday Times թերթում հրապարակւած զեկոյցի վրայ։ Սաուդական կողմը, սակայն, հերքեց այդ տեղեկատւութիւնը։

2014-ի կէսին Լոնդոնում գործող Middle East Eye լրատւականի խմբագիր Դէյւիդ Հիրսթը (David Hearst) յօդւած հրապարակեց, ըստ որի պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնում Սաուդական Արաբիան աջակցել է Իսրայէլի գործողութիւններին եւ որ երկու երկրների հետախուզութեան ծառայութիւնների պաշտօնեաները կանոնաւոր հանդիպումներ են ունեցել։ Յօդւածում հեղինակը վերահաստատում էր, որ Էր Ռիադը թոյլատրում է Իսրայէլին օգտագործել իր օդային տարածքը Իրանին հարւածելու նպատակով։ Ըստ Հիրսթի, Սաուդեան Արաբիան ֆինանսաւորում է Իրանի դէմ Իսրայէլի արշաւը․ «Սաուդեան Արաբիային եւ Իսրայէլին միաւորում են տարածաշրջանում ընդհանուր շահերը։ Կողմերը ապահովագրում են իրենց՝ ներխուժելով հարեւան պետութիւններ (Լիբանան, Եմէն) կամ ֆինանսաւորելով միջնորդաւորւած պատերազմներն ու յեղաշրջումները (Սիրիա, Եգիպտոս, Լիբիա), հակառակորդներ կամ մրցակիցներ են տեսնում՝ ի դէմս Իրանի, Թուրքիայի, Կաթարի, Համասի․․․։ Եւ նրանք ունեն ընդհանուր դաշնակիցներ ի դէմս ԱՄՆ-ի, բրիտանական ռազմական արդիւնաբերական ինստիտուտների։ Խնդիրն այն է, որ երկու ռազմական տէրութիւնների միջեւ պատմութեան մէջ առաջին անգամ առկայ է բաց կոօրդինացում»։ Յիշեցնենք, որ Հիրսթի յօդւածի հրապարակւեց 2014-ի յուլիս-օգոստոսին Գազայի հատւածում Իսրայէլի «Անխորտակելի ժայռ» ռազմական գործողութիւնների ժամանակ։

2005-2018 թթ. Մեծ Բրիտանիայում Սաուդեան Արաբիայի դեսպան Մուհամմադ իբն Նաուաֆ իբն Աբդուլազիզը (Mohammed bin Nawaf Al Saud) Գազայի հատւածում Իսրայէլի գործողութիւնները որակեց «մարդկութեան դէմ յանցագործութիւն», սակայն այդպէս էլ չհերքեց, որ երկու երկրների ներկայացուցիչները կապեր են ունեցել․ «Սաուդեան Արաբիայի թագաւորութեան եւ Իսրայէլի ցանկացած շփում սահմանափակւել է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած փորձերով»։

2016-ի ապրիլին Եգիպտոսն ու Սաուդեան Արաբիան ծովային սահմանի սահմանազատման համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի կողմերը համաձայնութեան եկան Կարմիր ծովում Տիրան եւ Սանաֆիր կղզիները Սաուդեան Արաբիային յանձնելու շուրջ։ Եգիպտոսը Սաուդեան Արաբիայի հետ մի շարք համաձայնագրեր է կնքել, այդ թւում՝ Սինայի թերակղզում ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին: Կղզիների կարգավիճակը սահմանւում էր 1979-ին Իսրայէլի ու Եգիպտոսի խաղաղութեան պայմանագրով, եւ սաուդական կողմը խոստանում էր յարգել պայմանագրի սկզբունքները։ Ռազմավարական նշանակութեան կղզիները Կարմիր ծովում են՝ Աքաբայի ծոցի հարաւային հատւծում։ Իսրայէլի կառավարութիւնն գործարքի վերաբերեալ որեւէ բողոք չարտայայտեց։ Քնեսեթի արտաքին յարաբերութիւնների ու պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբիի խօսքով, «դա վերաբերում է մեզ եւ չի մտահոգում մեզ»։ Սաուդեան Արաբիայի նախկին արգործնախարար Ադել ալ Ջուբէյրի խօսքով, «կղզիների վերադարձի հարցում որեւէ յարաբերութիւն չի լինելու թագաւորութեան եւ Իսրայէլի միջեւ. կայ պայմանագիր եւ պարտաւորութիւններ, որոնք Եգիպտոսը ընդունել է, եւ թագաւորութիւնը նոյնպէս պարտաւորութիւն ունի այդ հարցում»։

Ապրիլին Իսրայէլի պաշտպանութեան նախարար Մոշէ Եաալոնը յայտարարեց, որ Սաուդեան Արաբիան ծովով ազատ ելումուտի գրաւոր երաշխիք է ներկայացրել եւ համաձայնել է յարգել խաղաղութեան պայմանագիրը:

Նշենք, որ Տիրան եւ Սանաֆիր կղզիների վերահսկողութիւնը քանիցս անցել է տարբեր կողմերի․ 1967-ի 6-օրեայ պատերազմից յետոյ դրանք անցան Իսրայէլին, 1982-ից՝ Եգիպտոսին։ Կղզիների ռազմավարական նշանակութիւնը նաեւ նրանում է, որ գտնւում են դէպի Յորդանանի Աքաբա եւ Իսրայէլի Էյլատ նաւահանգիստները տանող ծովուղու անմիջական հարեւանութեանբ։

Ըստ որոշ աղբիւրների, 2017-ի մարտին Յորդանանում, ամերիկեան եւ յորդանանեան կողմերի միջնորդութեամբ, տեղի ունեցաւ Մուհամմադ իբն Սալմանի եւ իսրայէլական պաշտօնատար անձանց հանդիպումը, որտեղ կոօրդինացւեցին ռազմական գործողութիւնները եւ հետախուզական ծրագրերը։ Հաղորդւում էր, որ նախորդ նման հանդիպումը կայացել էր 2015-ին Էյլատում։  

Ըստ որոշ հաղորդագրումների, 2017-ի սեպտեմբերին գաղտնի այցելութեամբ Իսրայէլ էր ժամանել սաուդական թագաւորական ընտանիքի ներկայացուցիչներից մէկը, շրջանառւում էր Մուհամմադ իբն Սալմանի անունը։ Տեղեկատւութեան համաձայն, վարչապետ Նեթանեահուի եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաների հետ բանակցութիւններում սաուդացի թագաժառանգը քննարկել էր սաուդական խաղաղութեան նախաձեռնութիւնը, ինչպէս նաեւ Իրանի միջուկային ծրագրին համատեղ հակազդելու հարցեր։ Ըստ այդ աղբիւրների, պաշտպանութեան նախարար Մուհամմադ իբն Սալմանը գեներալ Անւար Էշքիի ուղեկցութեամբ այցելել էր Իսրայէլ։ 2017-ի հոկտեմբերին Էր Ռիադը յայտարարեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը։

2017-ի յունիսին երկու երկրները բանակցում էին տնտեսական կապերի հաստատման ուղղութեամբ․ հաղորդւում էր, որ կողմերը պայմանաւորւածութիւն ունեն իսրայէլական Էլ-Ալ աւիաընկերութեանը (El Al) թոյլ տալ օգտագործելու թագաւորութեան օդային տարածքը։ 2017-ի յուլիսին Իսրայէլի հաղորդակցութիւնների նախարար Այուբ Քարան (Ayoub Kara) բանակցում էր Էր Ռիադի հետ՝ Թել Աւիւ-Մեքքա ուղիղ թռիչքի կազմակերպման շուրջ, որը հնարաւորութիւն կը տար Իսրայէլի իսլամադավան բնակչութեանն այցելել Մեքքա։ Քարայի խօսքով, հարցի առնչութեամբ նա կապի մէջ էր Սաուդեան Արաբիայի, Յորդանանի եւ այլ երկրների կառավարութեան ներկայացուցիչների հետ, եւ վերջիններս պատրաստ էին հարցին լուծում տալ։ Այդ ուղղութեամբ կողմերի միջեւ երկխօսութեան հնարաւորութիւնը մեծացաւ, երբ 2017-ի մայիսին նախագահ Թրամփը առաջին անգամ Սաուդեան Արաբիայից ուղիղ թռիչքով ժամանեց Իսրայէլ։ Կողմերի միջեւ ձեռք բերւեց պայմանաւորւածութիւն, ըստ որի 2018-ի մարտից Air India աւիաընկերութիւնը Սաուդեան Արաբիայի օդային տարածքով կազմակերպելու է Դելի-Թել Աւիւ ուղիղ թռիչքներ։ Այդ մասին յայտարարեց նաեւ Իսրայէլի վարչապետ Նեթանեահուն, եւ առաջին թռիչքը տեղի ունեցաւ 2018-ի մարտի վերջին։

2017-ի նոյեմբերին Իսրայէի գլխաւոր շտաբի ղեկավար Գադի Այզենկոտն առաջին անգամ հարցազրոյց տւեց Լոնդոնում գործող սաուդական Էլաֆ լրատւականին։ Այզենկոտն ընդգծում էր Իրանի դէմ նոր միջազգային կոալիցիայի ձեւաւորման անհրաժեշտութիւնը, Իրանի եւ աջակցող երկրների դէմ պայքարում արաբական երկրների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի հետ հետախուզական տւեալների փոխանակման Թել Աւիւի պատրաստակամութիւնը։ Նրա խօսքով, Իրանի հարցում Թել Աւիւի եւ Էր Ռիադի միջեւ առկայ է «լիակատար փոխըմբռնում»․ «Սաուդեան Արաբիան երբեք չի եղել մեր թշնամին եւ չի մասնակցել Իսրայէլի դէմ պատերազմներին»։  

2017-ի դեկտեմբերին Էլաֆին հարցազրոյց էր տւել նաեւ Իսրայէլի տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան նախարար Իսրայէլ Կացը՝ թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանին հրաւիրելով Իսրայէլ, սակայն կայքն այդ հատւածը չհրապարակեց։

2018-ի մարտին Times of Israel պարբերականը, յղում անելով էմիրաթական Al Khaleej Times թերթին, նշում էր․ «Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի յարաբերութիւններում նկատւում է ջերմացում, որը, այդուհանդերձ, հրապարակային չէ»։ Հաղորդւում էր, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաները եգիպտական կողմի միջնորդութեամբ մի քանի գաղտնի հանդիպում են ունեցել Կահիրէում՝ քննարկելու Թրամփի առաջարկած մերձաւորարեւելեան խաղաղութեան ծրագիրը («Դարի գործարքը», Middle East peace plan)։ Պարբերականում ասւում էր, որ «երկու երկրների ջերմ յարաբերութիւնները վնասում են Պաղեստինի իշխանութիւններին, տպաւորութիւն է, որ Իսրայէլն այլեւս տարածաշրջանում ամենախոշոր թշնամին չէ»։

Բացի այդ, Լոնդոնում հրապարակւող արաբական Ալ արաբի ալ ջադիդ թերթը 2018-ի մարտին հաղորդում էր, որ Մուհամմադ իբն Սալմանը հանդիպել էր Իսրայէլի կառավարութեան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի «Դարի գործարքը»։ Ըստ աղբիւրի, Էր Ռիադը մտադիր էր Իսրայէլին ներառել Կարմիր ծովի առափնեայ տարածքների զարգացման նախագծում։

2018-ի յունիսին Թրամփի աւագ խորհրդական Ջարեդ Քուշնէրը, ով զգալի աշխատանք է տարել Թրամփի նախագահութեան շրջանում ԱՄՆ-Իսրայէլ համագործակցութեան ամրապնդման ուղղութեամբ, հանդիպել է թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի հետ՝ քննարկելու «Դարի գործարքը»։ 2019-ի փետրւարին Քուշնէրը Սաուդեան Արաբիայում կրկին հանդիպեց Սալմանի հետ՝ խաղաղութեան նախաձեռնութեան համար երկկողմ համագործակցութեան ակտիւացման նպատակով։ 2018-ի վերջերին մեդիայում լուրեր շրջանառւեցին, որ Նեթանեահուն եւ նրա աշխակազմը ջանքեր են գործադրում Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի դիւանագիտական յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ։ Mako պարբերականի հաղորդմամբ, բանակցութիւններին մասնակցում էր Մոսադի ղեկավար Եոսի Քոհենը, աջակցում էին նաեւ ամերիկացի դիւանագէտները։ Իսրայէլական կողմը ձգտում էր, որպէսզի երկու երկրների միջեւ շփումները դառնան բաց ու պաշտօնական։

2018-ի նոյեմբերին The Washington Post-ին տւած հարցազրոյցում Թրամփը յայտարարեց, որ Սաուդեան Արաբիայի հետ դաշնակցային յարաբերութիւնների պահպանումը անհրաժեշտ է Իրանին հակազդելու եւ Իսրայէլին աջակցելու համար․ «Սաուդցիները կարեւոր դաշնակից են, առանց նրանց Իսրայէլը աւելի շատ խնդիրներ կունենար։ Մեզ պէտք է հակազդեցութիւն Իրանի դէմ»,- ասել էր նա։

2018-ի նոյեմբերին The Washingtin Post-ը գրում էր, որ Նեթանեահուն բազմիցս զրուցել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաների հետ՝ աջակցութիւն յայտնելով Մուհամմադ իբն Սալմանին՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանութեան կազմակերպման համար թագաժառանգի հասցէին հնչած մեղադրանքների հետ։ Ըստ Նեթանեահուի, թագաժառանգը կարեւոր ռազմավարական գործընկեր է մերձաւորարեւելեան տարածաշրջանում։ Աղբիւրում նշւում էր, որ Իսրայէլը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն աջակցում են Թրամփի վարչակազմին՝ ընդդէմ Իրանի։

Որոշ փորձագիտական գնահատականներով, Ջամալ Հաշոգիի սպանութիւնը միտւած էր խաթարելու Էր Ռիադի եւ Թել Աւիւի յարաբերութիւնները։ Խնդիրն այն է, որ լրագրողի սպանութեան հետաքննութեան գործում ուշադրութեան կենտրոնում էին յայտնւել թագաւորական նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանին եւ Սաուդեան Արաբիայի հետախուզութեան նախկին փոխնախարար Ահմադ Ասիրին, որոնք երկուսն էլ պատասխանատու էին Էր Ռիադ-Թել Աւիւ կուլիսային բանակցութիւնների ու գաղտնի հանդիպումների համար։ Նշւում էր, որ Սաուդ ալ Քահթանին պատասխանատու էր սաուդական մեդիա դաշտում Իսրայէլի կերպարի բարելաւման համար։ Ընդ որում, շեշտւում էր, որ երկուսն էլ Մուհամմադ իբն Սալմանի մտերիմների ու վստահելի խորհրդատուների շարքում են։

Ըստ The Washington post-ի, Սաուդ ալ Քահթանիի անունը շրջանառւում էր 2017-ին Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի լրտեսական ծրագրի վաճառքի գործարքում: Իսրայէլը հաւանութիւն էր տւել Սաուդեան Արաբիային NSO ընկերութեան Pegasus լրտեսական ծրագրի վաճառքին։ Աղբիւրի համաձայն, Էր Ռիադը կարող էր օգտագործել ծրագիրը Ջամալ Հաշոգիի հեռախօսազանգերի ու հաղորդագրութիւնների գաղտնալսման համար։

2019-ի յունւարին Յորդանանում կայացաւ արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ օրակարգի կարեւոր հարցերից մէկը Իսրայէլի հետ յարաբերութիւնների բարելաւումն էր։ 2019-ի մարտին Սաուդեան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը ձգտում էին Արաբական երկրների լիգայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի հիմնարար փաստաթղթից հանել Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորման դէմ դրոյթը, սակայն նախագահող Յորդանանը մերժեց առաջարկ։

2019-ի յուլիսին Իսրայէլ այցելեց արաբական երկրների լրագրողների ու բլոգերների 6 հոգանոց խումբը։ Այցը կազմակերպել էր Իսրայէլի կառավարութիւնը՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ Թել Աւիւի դիրքորոշմանը ծանօթացման նպատակով։ Լրագրողական խումբն այցելեց Հոլոքոստի «Եադ վա Շեմ» թանգարան, Քնեսեթ, հանդիպեց քաղաքական գործիչների, դիւանագէտների, գիտական շրջանակների հետ։ Առաջին անգամ լրագրողական պատւիրակութիւնում ընգրկւել էին ներկայացուցիչներ Սաուդեան Արաբիայից ու Իրաքից։

2019-ի սեպտեմբերին Իսրաէլի ԱԳՆ-ն առաջին անգամ թւիթերեան էջում արաբերէն շնորհաւորեց Սաուդեան Արաբիային՝ 1932-ին Արաբական թերակղզու Նեջդ եւ Հիջազ շրջանների միաւորման ազգային տօնի առթիւ։ «Շնորհաւորում ենք սաուդցի ժողովրդին թագաւորութեան ազգային տօնի առթիւ։ Թող այս տօնը կրկին տեղի ունենայ ապահով, անվտանգ եւ խաղաղութեան մթոնոլորտում, համագործակցութեան եւ բարիդրացիական յարաբերութիւններում։ Խնդրում ենք բարձրեալին, որպէսզի զարգացման, բարգաւաճման եւ առաջընթացի ապահովմանն ուղղւած ձեր ջանքերը յաջողութեամբ պսակւեն»,- ասւած էր հաղորդագրութեան մէջ։ 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ-ում Սաուդեան Արաբիայի դեսպան Ռիմա Բինթ Բանդար ալ Սաուդն իր հերթին շնորհաւորական ուղերձ յղեց հրէական Ռոշ հա Շանա տօնի առթիվ՝ մաղթելով «երջանիկ եւ քաղցր նոր տարի»։

2020-ի յունւարին հաղորդում է, որ Իսրայէլի ԱԳՆ-ն պաշտօնապէս թոյլատրել է երկրի քաղաքացիներին այցելել Սաուդեան Արաբիա։ Ի պատասխան, սակայն, Սաուդեան Արաբիայի ԱԳՆ-ն յայտարարեց, որ Իսրայէլի քաղաքացիներին արգելւում է մուտք գործել երկիր․ «իրավիճակը կարող է փոխւել այն դէպքում, երբ երկու երկրների միջեւ ստորագրւի խաղաղութեան պայմանագիր»։

Մերձաւոր Արեւելքում Թեհրանի ազդեցութեան հակազդման անհրաժեշտութիւնը մեծացնում է Թել Աւիւ-Էր Ռիադ շահերի համատեղման հնարաւորութիւնը։ Վաշինգտոնի հովանու ներքոյ Իրանի զսպման քաղաքականութիւնում Իսրայէլի ու Սաուդեան Արաբիայի յետկուլիսային երկխօսութիւնը աստիճանաբար դառնում է առաւել առարկայական ու հրապարակային։ Չնայած Թեհրանի դէմ պայքարում շահերի համատեղմանը՝ Թել Աւիւն ու Էր Ռիադը շարունակում են պահպանել «զգուշաւոր» մրցակցութիւնը Մերձաւոր Արեւելքում։  

 

Orbeli.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։