Հա

Քաղաքական

10/05/2020 - 12:45

«Վերջին շրջանում Ադրբեջան-Իրան յարաբերութիւններում լարւածութեան երկու կէտ ենք ունեցել եւ երկուսն էլ առնչւում են Արցախին». Վարդան Ոսկանեան

Իրանագէտը նաեւ արձանագրեց, որ Ադրբեջանն իր երկարաժամկէտ քաղաքականութիւնը վարում է՝ ելնելով մէկ հիմնական նպատակից՝ հնարաւորինս թուլացնել Հայաստանը, հնարաւորութեան դէպքում վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմ, սա, իրենց եզրաբանութեամբ, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, եւ տարածաշրջանում հաստատել գերակայ դիրքեր:

«alikonline.ir» - «Վերջին շրջանում Ադրբեջան-Իրան յարաբերութիւններում լարւածութեան երկու կէտ ենք ունեցել եւ երկուսն էլ առնչւում են Արցախի Հանրապետութեանը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական զանազան հակահայկական եւ հակաիրանական լրատւական ռեսուրսներ տեսանիւթ տարածեցին, թէ իբրեւ իրանական բեռնատարները կորոնավիրուսի համաճարակ են «բերում» Արցախ: Այս տեսանիւթի հիման վրայ որոշակի հռետորաբանութեան մակարդակում տարբեր անդրադարձներ եղան թէ՛ իրանական, թէ՛ ադրբեջանական կողմից: Վերջինս յայտարարեց, որ իրանական բեռնատարները որեւէ անելիք չունեն Արցախում»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջան-Իրան յարաբերութիւններում նկատւող լարւածութեանը:

Նրա խօսքով՝ վերը նշւած խնդիրը դեռ չհարթած, առաջացաւ երկրորդ խնդիրը, որն առնչւում է Իրանի կողմից Արաքս գետի վրայ հիդրոհանգոյցների շինարարութեանը: Այս հինդրոհանգոյցները մասնակիօրէն գտնւում են նաեւ Արցախի Հանրապետութեան անքակտելի մաս հանդիսացող տարածքներում, այն տարածքներում, որոնց նկատմամբ Ադրբեջանը մինչ այսօր յաւակնութիւններ ունի:

«Այս առումով Ադրբեջանի կողմից տեղի ունեցան բողոքի որոշակի գործողութիւններ, մի կողմից՝ միաւորւեցին Ադրբեջանի հակաիրանական ուժերը, միւս կողմից՝ Իլհամ Ալիեւի հանդէպ քննադատական մօտեցում ունեցող որոշակի ընդդիմադիր շրջանակներ: Ամենակարեւորը ոչ թէ հիդրոհանգոյցների խնդիրն է, այլ, դատելով ադրբեջանական կողմի արձագանքներից, նաեւ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան պաշտօնական յայտարարութիւնից: Այստեղ խօսքն աւելի շատ վերաբերում է կամուրջներին, որոնք փաստացի կապում են Արաքսի երկու կապերը, այսինքն՝ դէ ֆակտօ Արցախը կապում են Իրանին: Ահա սա՛ է, որը լրջօրէն անհանգստացրել է ադրբեջանական կողմին: Գիտենք, որ հայ-իրանական սահմանի բաւականին զգալի հատւածը բաղկացած է Արցախ-Իրան սահմանագծից, եւ այդ շրջանի հնարաւորութիւններն ու ներուժն ամբողջովին օգտագործւած չեն: Բնականաբար, իրանցիներն այս ուղղութեամբ աշխատում են, ուրախալի է, եւ, կարծում եմ՝ կարեւոր էր, որ այս սահմանագծի հատւածը կարծես թէ որոշակիօրէն սկսել է ակտիւանալ: Ամէն դէպքում, դատելով առկայ տեղեկատւութիւնից, որոշակի նման գործընթացներ կան»,- յաւելեց Վարդան Ոսկանեանը:

Հարցին՝ Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների լարւածութիւնն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ, Վարդան Ոսկանեանը պատասխանեց, որ հայ-իրանական յարաբերութիւնները չպէտք է կապել Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստան-Իրան յարաբերութիւնների օրակարգը՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, իրացնելու պարագայում որեւէ խնդիր չի կարող լինել ադրբեջանական կողմից:

«Բնական է՝ այս տարածաշրջանում մենք փաստացի պատերազմի մէջ ենք Ադրբեջանի հետ, եւ այդ պետութիւնը փորձում է վարել Հայաստանի մեկուսաման, շրջափակման քաղաքականութեան ամբողջացման մի ծրագիր, որը միտւած է Իրանի հետ ջերմացման՝ շատ դէպքերում պատրանք ստեղծելով կամ սեփական տնտեսական ներկայութիւնը Հայաստանի հետ սահմանակից իրանական նահանգներում ուժեղացնելով՝ փորձ կատարել՝ հարաւից եւս Հայաստանը շրջափակել: Ասեմ, որ այդ փորձերը դատապարտւած են ձախողման, եթէ մենք իրացնենք մեր օրակարգերն Իրանի հետ»,- շեշտեց Վարդան Ոսկանեանը:

Նա միաժամանակ յաւելեց, որ գրեթէ նոյնանման քաղաքականութիւն արդէն մի քանի տասնամեակ շարունակ Ադրբեջանը վարում է Վրաստանում, որտեղ ակնյայտ է, որ Ադրբեջանը՝ իր ունեցած ֆինանսական միջոցներով եւ տնտեսական ներկայութեամբ, փորձում է հնարաւորինս սահմանափակել հայ-վրացական յարաբերութիւնները՝ Հայաստանի շրջափակման իր ծրագրի տրամաբանութեան մէջ:

«Բնականաբար, Վրաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնները բնականոն հունի մէջ են, բայց ադրբեջանական ներկայութիւնն ինչ-որ դէպքերում խոչընդոտում է այդ յարաբերութիւնների ընդլայնմանն ու զարգացմանը: Հետեւաբար՝ Իրանի հետ, եւ՝ ոչ միայն, մեր քաղաքականութիւնը կառուցելիս, մշտապէս պէտք է նկատի ունենանք այն սպառնալիքները, որոնք կան ադրբեջանական կողմից, նաեւ մեր գործողութիւնները ծրագրենք՝ հաշւի առնելով այս հանգամանքը:

Իսկ Իրանի հետ յարաբերութիւնների խորացումը տարբեր մակարդակներում, բնականաբար, բխում է մեր երկկողմ շահերից, այն Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների համար ունի կենսական նշանակութիւն: Ուստի կարծում եմ՝ երկու կողմերն էլ պէտք է աշխատեն այդ ուղղութեամբ՝ հաշւի առնելով, որ որոշակի կնճիռներ առաջացել էին այդ յարաբերութիւններում՝ յատկապէս Իսրայէլում Հայաստանի դեսպանատան բացման հետեւանքով:

Ըստ իս՝ կողմերը քննարկումների միջոցով պէտք է բոլոր առկայ կնճիռները կարողանան հնարաւորինս արագ հարթել: Ամենեւին սազական չէ հայ-իրանական յարաբերութիւններում հռետորական, ԶԼՄ մակարդակում որոշակի փոխհրաձգութեան առկայութիւնը, որի ականատեսը եղանք որոշ ժամանակ առաջ»,- շեշտեց նա:

Իրանագէտը նաեւ արձանագրեց, որ Ադրբեջանն իր երկարաժամկէտ քաղաքականութիւնը վարում է՝ ելնելով մէկ հիմնական նպատակից՝ հնարաւորինս թուլացնել Հայաստանը, հնարաւորութեան դէպքում վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմ, սա, իրենց եզրաբանութեամբ, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, եւ տարածաշրջանում հաստատել գերակայ դիրքեր:

«Այս ծրագիրը տեղաւորւում է աւելի լայն մտայնութեան մէջ, որը վերաբերում է թուրք-ադրբեջանան ընդհանուր ռազմավարութեանը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանի համար նախատեսւած է ոչ ամենեւին այնպիսի դիրք, որը մենք կը ցանկանայինք: Հետեւաբար, մեր գործողութիւնները ցանկացած խնդրում, որը վերաբերում է տարածաշրջանին եւ արտատարածաշրջանային մեր գործընկերների հետ յարաբերութիւններին, պէտք է համակարգւի՝ նաեւ հաշւի առնելով այս մտայնութիւնը: Եթէ Ադրբեջանին եւ Թուրքիային պէտք է թոյլ Հայաստան, ապա մեզ պէտք է ամենահզօր Հայաստանը, որը տարածաշրջանում կը լինի գերտէրութիւն, այս ուղղութեամբ է, որ մենք պէտք է աշխատենք: Զանազան կենցաղայինին ձգտող խնդիրները, որոնք զբաղեցնում են մեր միտքը, ուղեղը եւ մեզանից խլում են հսկայածաւալ ռեսուրսներ, չեմ կարծում, թէ օգնում են այս տեսլականին հասնելու համար»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը:

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։