Հա

Քաղաքական

19/05/2020 - 13:50

Իսրայէլի եւ Իրաքի Քուրդիստանի համագործակցութիւնը

Ինչպէս նկատում են տարբեր փորձագէտներ, վերջին տասնամռակներում զգալիօրէն մեծացել է քրդական գործօնի ազդեցութիւնը մերձաւորարեւելեան տարածաշրջանում։ Իսրայէլի եւ Մերձաւոր Արեւելքի քրդերի շփումներն ակտիւացան յատկապէս 1948-ին հրէական պետականութեան վերականգնումից յետոյ։ Այդ տարիներից արաբական համերաշխութեան հակաիսրայէլական դիմադրութիւնը հաւասարակշռելու նպատակով Թել Աւիւը սկսեց դաշնակիցներ գտնել տարածաշրջանի ոչ արաբական երկրների եւ էթնիկ փոքրամասնութիւնների շրջանում։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Ինչպէս նկատում են տարբեր փորձագէտներ, վերջին տասնամռակներում զգալիօրէն մեծացել է քրդական գործօնի ազդեցութիւնը մերձաւորարեւելեան տարածաշրջանում։ Իսրայէլի եւ Մերձաւոր Արեւելքի քրդերի շփումներն ակտիւացան յատկապէս 1948-ին հրէական պետականութեան վերականգնումից յետոյ։ Այդ տարիներից արաբական համերաշխութեան հակաիսրայէլական դիմադրութիւնը հաւասարակշռելու նպատակով Թել Աւիւը սկսեց դաշնակիցներ գտնել տարածաշրջանի ոչ արաբական երկրների եւ էթնիկ փոքրամասնութիւնների շրջանում։

Նախորդ դարի 60-ականներից քրդերի նկատմամբ Թել Աւիւի քաղաքականութիւնն սկսեց ընդունել առաւել հայեցակարգային բնոյթ, եւ տեղաւորւում էր Իսրայէլի առաջին վարչապետ Դաւիթ Բէն Գուրիոնի եւ նրա խորհրդականների Շրջագծային դաշինքի (Alliance off periphery) կամ Շրջագծային դոկտրինի ռազմավարութեան (Periphery doctrine strategy) տրամաբանութեան շրջանակում։ Իսրայէլի հետախուզական ծառայութիւնների մշակած այս ռազմավարութիւնն կիրառւել է 1950-1980-ականներին Թուրքիայի, մինչյեղափոխական Իրանի, Եթովպիայի, Իրաքի քրդերի եւ այլոց հետ յարաբերութիւններում։

Որոշ սկզբունքներ, սակայն, գործնական կիրառութիւն էին գտնում շատ աւելի վաղ՝ 1930-ականներին․ Հրէական գործակալութիւնն (Jewish agency for Israel) իր օպերատիւ ներկայացուցիչն ունէր Բաղդադում։ 1931-ին լրագրողական քողարկման տակ, Ռէուվէն Շիլոահը (Reuven Shiloah), ով հետագայում դարձաւ Իսրայէլի յատուկ ծառայութիւնների հիմնադիրն ու Մոսադի առաջին տնօրէնը, շրջում էր Քուրդիստանի լեռներով եւ գործունէութիւն ծաւալում քրդերի շրջանում՝ առաջնորդւելով հէնց այդ ռազմավարութեան տրամաբանութեամբ։ Նրա հետախուզական գործունէութիւնը կարեւոր դեր ունեցաւ հետագայում Շրջագծային ռազմավարութեան մշակման հարցում։

Թել Աւիւի համալսարանի «Jaffe center for strategic studies»-ի նախկին տնօրէն, Եոսի Ալֆէրը (Yossi Alpher), ով շուրջ 3 տասնամեակ ներգրաււած է եղել երկրի հետախուզական ու ռազմավարական հիմնահարցերում, նշում է․ «Իսրայէլը ռազմավարական համագործակցութիւն է հաստատել 3 գործընկերների հետ․

- արաբական երկրներ, որոնք արաբական ռազմականացւած ազգայնականութիւնը դիտել են որպէս սպառնալիք կամ Իսրայէլի հետ հաստատել են բարիդրացիական յարաբերութիւններ,

- ոչ արաբական եւ ոչ իսլամական երկրներ, որոնք սահմանակից են արաբական հակարամարտող երկրներին,

- ոչ արաբական եւ ոչ իսլամական փոքրամասնութիւններ, որոնք բնակւում են հակամարտութեան երկրներում։

Բացի այդ, Թել Աւիւն օգտագործում է քրդական գործօնը որպէս ազդեցութեան լծակ Մերձաւոր Արեւելքի քրդաբնակ երկրների հետ յարաբերութիւններում։ Թուրքիան, Սիրիան եւ Իրանը մտավախութիւն ունեն, որ Իրաքեան Քուրդիստանի անկախութեան համար մղւող պայքարում Թել Աւիւի աջակցութիւնը կարող է «դոմինոյի ազդեցութիւն» ունենալ իրենց երկրների քրդաբնակ շրջաններում։ 2000-ականներին Իրաքեան Քուրդիստանի հետ Իսրայէլի յարաբերութիւնների ակտիւացումից դժգոհութիւն էին յայտնում պաշտօնական Թեհրանն ու Դամասկոսը՝ մեղադրելով Իրաքեան Քուրդիստանի եւ Իրաքի ղեկավարութեանը՝ տեղի քրդերին Թել Աւիւի հետ համագործակցութեան հնարաւորութիւն ընձեռելու համար։ Վերջին տարիներին Անկարայի եւ Թել Աւիւի յարաբերութիւնների սառեցմամբ ընդգծւեց նաեւ Թուրքիայի բացասական դիրքորոշումը։

Տարածաշրջանի երկրների քրդական շարժումներն ու քաղաքական կուսակցութիւններն իրենց հերթին մեծ կարեւորութիւն են տալիս Իսրայէլի հետ համագործակցութեանը՝ իրենց իրաւունքների պաշտպանութեան, քրդերի պետականութեան հաստատման հնարաւորութեան համատեքստում։ Փորձագիտական տարբեր շրջանակներն անդրադառնում են Իսրայէլի եւ Իրաքեան Քուրդիստանի համագործակցութեանը․ յատկապէս ընդգծւում է Իրաքի քրդերին Թել Աւիւի ցուցաբերած քաղաքական-դիւանագիտական, ռազմական եւ ֆինանսական աջակցութիւնը։

Իրաքեան Քուրդիստանին Թել Աւիւի աջակցութիւնը շօշափելի դարձաւ 1950-ականներին, երբ կազմակերպւեց քուրդ հրեաների հայրենադարձութեան առաջին խոշոր ալիքը Իսրայէլ․ գործողութիւնը կրում էր Ezra and Nehemiah անունը։  1960-70-ականներին Իսրայէլն ակտիւացրել էր իր ռազմական աջակցութիւնը Իրաքեան քրդերին․ Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան նախկին բարձրաստիճան սպայ Էլիեզէր Ցաֆրիրի (Eliezer Tsafrir) վկայութեամբ, ով 1960-ականներին ղեկավարում էր Իրաքեան Քուրդիստանում Մոսադի գործողութիւնները, «Իսրայէլն իր ռազմական հրահանգիչներին ու խորհրդատուներին ուղարկում էր Մուստաֆա Բարզանիի շտաբ, որոնք վերապատրաստում էին քուրդ զինւորականներին, քրդական ստորաբաժանումներին մատակարարում հրազէն ու ՀՕՊ միջոցներ՝ Իրաքի դէմ պայքարելու համար»։

Թել Աւիւը շահագրգռւած էր թուլացնել Իրաքը՝ ոչ արաբ բնակչութեան հետ դաշինքի միջոցով։ Անհրաժեշտ է նաեւ նշել, որ մինչ Իրանի շահի ռեժիմի տապալումը 1979-ին, շահական Իրանն Իսրայէլի ռազմավարական դաշնակիցներից էր։ Իսրայէլը փորձում էր Թեհրանին նոյնպէս ներգրաւել Իրաքի կառավարութեան դէմ պայքարում, սակայն նախ՝ շահը մտավախութիւն ունէր, որ Իրաքի քրդերին աջակցելը կարող էր խնդիրներ առաջացնել Իրանի քրդերի շրջանում, երկրորդը՝ շահը չէր վստահում Բարզանիին։ Չնայած Իսրայէլի հետ դաշնակցային համագործակցութեանը՝ Իրանի շահին մտահոգում էր Իրաքեան Քուրդիստանի ինքնիշխանութեան մեծացումը։ Իսրայէլը ձգտում էր ի հակաշիռ արաբական աշխարհի՝ Մերձաւոր Արեւելքում ձեւաւորել ոչ արաբական պետութիւն։ Ցաֆրիրն ասում էր․ «Մենք ասել էինք քրդերին, ․․․որ ինչ էլ անէք, մենք աջակցելու ենք ձեզ՝ թէ՛ պատերազմում, թէ՛ խաղաղութեան ժամանակ։ Ինչ-որ առումով քրդերի հետ մեր ընդհանուր շահերն աւելի ամբողջական էին, քան Իրանի շահերը՝ քրդերի հետ»։

Աղբիւրը նշում էր, որ մի քանի ամսւայ լոբբինգի արդիւնքում, այդուհանդերձ, Մոսադին յաջողւում է փոխել Իրանի շահի դիրքորոշումը եւ Բարզանիի հետ երկխօսել։ Վաշինգտոնում տեղեակ էին պայմանաւորւածութեանը եւ աջակցում էին։ 1965-ի մայիսին Մուստաֆա Բարզանիի գրասենեակում ձեռք բերւեց առաջին համաձայնութիւնը․ կրելով քրդական աւանդական հագուստ, շահի գաղտնի ծառայութեան՝ SAVAK-ի անդամները եւ Մոսադի սպաները կարողացան հատել Իրաքի սահմանը եւ հասնել քուրդ գրոհայիններին։ Թել Աւիւն առաջարկեց վերապատրաստել, ֆինանսաւորել ու սպառազինել Բարզանիի զօրքերին՝ Իրաքի բանակին լուրջ դիմադրութիւն ցոյց տալու նպատակով։ Ֆինանսական աջակցութիւնն ու սպառազինութեան մատակարարումն իրականացւելու էր SAVAK-ի միջոցով, վերջինս իր հերթին իսրայէլցիներին տրամադրում էր ցամաքային միջանցք դէպի Իրաքեան Քուրդիստան։ Իրանի հետ համագործակցութեան շնորհիւ Իսրայէլից Իրանի տարածքով ապահովւեց սպառազինութեան մատակարարումը, բժիշկների, բուժսարքաւորումների եւ հրահանգիչների տրամադրումը Իրաքեան Քուրդիստան։   

1960-ականներն Իսրայէլի ռազմական խորհրդատուներն ու հրահանգիչները վերապատրաստում էին քուրդ պարտիզաններին՝ Իսրայէլի պետութեանը Իրաքից եկող ռազմական սպառնալիքը նւազեցնելու եւ Իրաքի հրեաների հայրենադարձութիւնը կազմակերպելու համար։ 1960-ականների կէսերին Իսրայէլի պաշտպանութեան փոխնախարար, իսկ հետագայում՝ վարչապետ Շիմոն Պերէսը գաղտնի հանդիպում ունեցաւ քուրդ առաջնորդ Քումրան Ալի Բեդի-Խանի (Kumran Ali Bedir-Khan) հետ, ով ըստ աղբիւրի, 1940 եւ 1950-ականներին լրտեսական գործունէութիւն էր իրականացնում յօգուտ Իսրայէլի։  

1967-ի Վեցօրեայ պատերազմից յետոյ Իսրայէլի աջակցութիւնը քրդերին էապէս աճեց։ Թեհրանում Իսրայէլի զինւած ուժերի ռազմական կցորդ Եակով Նիմրոդին (Yaacov Nimrodi) հիմնական միջնորդն էր։ 1960-ականներին Իսրայէլն Իրանի տարածքով հակատանկային ու հակաօդային տեխնիկա եւ այլ սպառազինութիւն էր մատակարարում Իրաքի քրդերին։ Մոսադը եւ SAVAK-ն աջակցում էին Բարզանիին ժամանակակից հետախուզական համակարգի՝ Parastin-ի (անվտանգութիւն) ստեղծման գործում։ Նիմրոդիի հաղորդմամբ, Իսրայէլը Իրաքեան Քուրդիստանում ուներ որոշ զօրախմբեր, որոնք վերապատրաստում էին քրդական զինեալ ստորաբաժանումներին (Peshmerga)։ Նիմրոդին զգալի դեր է ունեցել 1960-ականներին Իրանի սպառազինութիւնների մատակարարման խոշոր գործարքներում, խորհրդատւական ծառայութիւն էր մատուցում SAVAK-ին եւ վերապատրաստում վերջինիս մարտիկներին։ 1972-ին ամերիկացի լրագրող Ջէք Անդերսոնը (Jack Anderson) նշում էր. «Իսրայէլը Բարզանիին ամսական վճարում է 50 հազ․ԱՄՆ դոլար եւ Իրաքի քրդերին մատակարարում խորհրդային արտադրութեան սպառազինութիւն։   

Մուստաֆա Բարզանի

1980-ին Իսրայէլի վարչապետ Մենախեմ Բեգինը պաշտօնապէս հաստատեց քրդերի հետ Իսրայէլի գաղտնի յարաբերութիւնների փաստը․ ըստ նրա, Իսրայէլն աջակցել է քրդերին ոչ միայն հումանիտար ոլորտում, այլեւ մատակարարել է խորհրդատուներ ու սպառազինութիւն, ինչպէս նաեւ 1965-1975 թթ․ վերապատրաստել քուրդ զինեալներին։

1990-1991 թթ․ Պարսից ծոցի առաջին՝ Իրաքի եւ Քուվէյթի պատերազմում հրէական խոշոր կազմակերպութիւններն ակտիւ լոբբինգ էին անում աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքեան Քուրդիստանին աջակցելու եւ Իրաքի կառավարութեան բռնութիւններն ու հետապնդումները զսպելու համար։ Իսրայէլի վարչապետ Իցխակ Շամիրը ԱՄՆ պետքարտուղար Ջէյմս Բէյքէրի հետ հանդիպմանը Վաշինգտոնին կոչ արեց պաշտպանել քրդերին։

2001 թ. սեպտեմբեր 11-ի ահաբեկչութիւնը եւ 2003-ի մարտին ԱՄՆ գլխաւորութեամբ կոալիցիոն զօրքերի Իրաք ներխուժումը վերափոխեցին Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական գործընթացների ողջ տրամաբանութիւնը. վերաիմաստաւորւեց նաեւ քրդական ազգային շարժումը, անկախութեան ու պետականութեան հիմնման գործընթացը դարձաւ առաւել տեսանելի։

Սադդամ Հուսէյնի հեռացմամբ երկրում ձեւաւորւած ռազմաքաղաքական վակուումը Թել Աւիւի համար լաւ առիթ էր ակտիւացնելու գործունէութիւնը Իրաքեան Քուրդիստանում։ 2006-ի սեպտեմբերին BBC հեռուստաալիքը հեռարձակեց Իրաքի հիւսիսային շրջաններում իսրայէլցի ռազմական մասնագէտների կողմից քուրդ զինւորականների վերապատրաստման կադրեր։ Իսրայէլը հերքեց, իսկ Իրաքեան Քուրդիստանի ղեկավարութիւնը հրաժարւեց մեկնաբանել։ BBC-ի տեսանիւթում անվտանգութեան հարցերով իսրայէլցի փորձագէտները նշում էին, որ առանց տեղի քրդական իշխանութիւնների իմացութեան իրենք չէին կարող գործունէութիւն ծաւալել Քուրդիստանում։ Ասում էին նաեւ, որ 2003-ին ԱՄՆ զօրքերի Իրաք մտնելուց յետոյ ակտիւացան իսրայէլական կողմի գործողութիւնները Քուրդիստանի ինքնավարութիւնում, ինչին, ըստ աղբիւրի, մեծապէս խոչընդոտում էր Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսէյնը․ հիմնական թիրախներն էին Սիրիան եւ Իրանը, որոնք ընդհանուր սահմաններ ունեն քրդական շրջանների հետ։ BBC-ի հաղորդման առնչութեամբ Իսրայէլի կառավարութիւնը նախատեսում էր հետաքննութիւն սկսել, քանի որ դա հակասում է առանց նախնական թոյլտւութեան ռազմական նշանակութեան տեղեկատւութեան տրամադրման Իսրայէլի օրէնսդրութեանը։

2004-ին իսրայէլական մեդիա աղբիւրները հաղորդում էին, որ Թել Աւիւի պաշտօնեաները հանդիպել են քուրդ քաղաքական առաջնորդներ Մասուդ Բարզանիի, Ջալալ Թալաբանիի հետ։ Այնուհետեւ Իսրայէլի վարչապետ Արիէլ Շարոնը հրապարակայնօրէն հաստատեց Իսրայէլի եւ Իրաքեան Քուրդիստանի միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների առկայութիւնը։ 2005-ին Իրաքեան Քուրդիստանի նախագահ, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեան (Kurdistan democratic party) առաջնորդ Մասուդ Բարզանին յայտարարեց․ «Իսրայէլի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հարցում որեւէ առարկութիւն չկայ․ քրդերի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների հաստատումը յանցագործութիւն չէ, քանի որ արաբական երկրներից շատերը կապեր ունեն հրէական պետութեան հետ»։   

Ըստ իսրայէլական թերթերի, տասնեակ իսրայէլցիներ, որոնք անցել են էլիտար մարտական պատրաստութիւն, համագործակցում են հիւսիսային Իրաքի մասնաւոր իսրայէլական ընկերութիւնների հետ՝ օգնելով քրդերին հիմնել հակաահաբեկչական ստորաբաժանումներ․ քրդական կառավարութիւնը իսրայէլական անվտանգութեան եւ հաղորդակցութեան ընկերութիւնների հետ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերել՝ քրդական անվտանգութեան ուժերի պատրաստման եւ վերջիններիս ռազմական սարքաւորումներով ապահովման շուրջ: Խօսւում էր, որ Motorola-ն (մասնաճիւղ ունի Իսրայէլում) եւ Magalcom communications and computers իսրայէլական ընկերութիւնը հարիւրաւոր մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր էին ստորագրել Իրաքի քրդերի կառավարութեան հետ, որոնք ուղղւելու էին Էրբիլի միջազգային օդանաւակայանի կառուցմանը։ Ըստ այդ աղբիւրների, իսրայէլցի ձեռնարկատէր Շլոմի Միքայէլսի (Shlomi Michaels) ընկերութիւնը համագործակցութիւն էր հաստատել քրդերի կառավարութեան հետ՝ տրամադրելով տնտեսական ու անվտանգութեան հարցերով ռազմավարական խորհրդատւութիւն։  

2004-ին The New Yorker ամսագրում հրապարակւած Սէյմուր Հերշի յօդւածի համաձայն, Իսրայէլի ռազմական ու հետախուզական օպերատորները ակտիւ գործունէութիւն են ծաւալում Իրանի, Սիրիայի եւ Իրաքի քրդաբնակ շրջաններում՝ մարտական գործողութիւնների վերապատրաստման նպատակով։ Իսրայէլի նպատակը քրդական ռազմական ներուժի ուժեղացումն էր, որը կը կարողանար հակազդել շիաների ռազմական կարողութեանը եւ ստեղծել բազա Իրանում, որտեղից հնարաւոր կը լինէր հետեւել Իրանի միջուկային օբիեկտները։ Ըստ յօդւածագրի՝ «Քուրդիստանում Իսրայէլի ներգրաււածութիւնը նորութիւն չէ․ նախորդ դարի 60-70-ականներին Իսրայէլն ակտիւօրէն աջակցում էր Իրաքի դէմ քրդական ընդվզումներին։ Քրդերի միջոցով Իսրայէլն ուժեղացնում էր վերահսկողութիւնը Իրանի, Իրաքի եւ Սիրիայի նկատմամբ»։

2005-ին Իսրայէլի արտաքին հետախուզութեան ծառայութիւնը Հիւսիսային Իրաքում հիմնեց իր կիբերլրտեսական երկրորդ կայանը. առաջինը հիմնւել էր Ադրբեջանում, որն Իրանի սահմանին էր։ Իրաքեան Քուրդիստանի ռազմավարական դիրքը եւ Իրանի հետ անմիջական հարեւանութիւնը հնարաւորութիւն է տալիս վերահսկելու Իրանի գործունէութիւնը, տեղեկութիւններ հաւաքել միջուկային օբիեկտների վերաբերեալ։ 2012-ին The Sunday Times թերթը գրում էր․ «Իրանի միջուկային օբիեկտների վրայ Իսրայէլի հնարաւոր յարձակման վերաբերեալ Շարոնի հրամանն արձակւել էր Իրաքեան Քուրդիստանի Իսրայէլի հետախուզական գործակալական ցանցի նախազգուշացումներից ու զեկոյցներից յետոյ։

2006-ին Մասուդ Բարզանին Քուվէյթ այցելութեան ընթացքում պատասխանեց իսրայէլա-քրդական յարաբերութիւնների վերաբերեալ լրագրողներից մէկի հարցին․ «Եթէ Բաղդադը դիւանագիտական յարաբերութիւններ հաստատի Իսրայէլի հետ, ապա մենք կարող ենք հիւպատոսութիւն բացել Էրբիլում։ Իսրայէլական հեռուստաընկերութիւններից մէկի հաղորդման ընթացքում հեռարձակւեցին կադրեր, որտեղ 1960-ականների նկարներում Մասուդ Բարզանիի հայրը՝ Մուստաֆա Բարզանին, ջերմօրէն ողջունում էր Իսրայէլի պաշտպանութեան նախարար Մոշէ Դայանին։

2014-ին Իսրայէլի վարչապետ Նեթանեահուն իր ելոյթներից մէկում հաստատեց Թել Աւիւի աջակցութիւնը քրդերի անկախութեան համար մղւող պայքարին․ «Մենք հարկ ենք համարում աջակցել Յորդանանի հզօրացմանն ուղղւած միջազգային եւ անկախութեան հասնելու քրդերի ջանքերին։ Քրդերը կռւող ժողովուրդ են, որոնք ապացուցել են իրենց քաղաքական նւիրւածութիւնն ու չափաւորութիւնը եւ նրանք արժանի են ունենալ իրենց քաղաքական անկախութիւնը»։ Աւելի ուշ՝ 2017-ին Նեթնեահուն վերահաստատեց երկրի դիրքորոշումը՝ աջակցելու Իրաքեան Քուրդիստանի անկախ պետութեան հիմնմանը։ «Իսրայէլն աջակցում է քուրդ ժողովրդի օրինական ջանքերին՝ հասնելու իրենց սեփական պետութեան հիմնմանը»։

Մասուդ Բարզանի

2014-ի կէսերին Իսրայէլի ԱԳՆ նախկին նախարար Աւիգդոր Լիբերմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրոյցում ասաց․ «Իրաքը մասնատւում է մեր աչքի առաջ, եւ կը պարզւի, որ անկախ քրդական պետութեան ստեղծումը վաղաժամ եզրակացութիւն է»։ Կրկին 2014-ի կէսերին Իսրայէլի նախագահ Շիմոն Պերէսը ԱՄՆ նախագահ Բ․ Օբամայի հետ հանդիպմանը նոյնպէս անդրադարձաւ քրդերի հարցին, ասելով՝ «քրդերը դէ ֆակտօ ստեղծել են իրենց պետութիւնը»։

Թել Աւիւի համար Իրաքեան Քուրդիստանը կարեւորւում է նաեւ նաւթի խոշոր պաշարներով ու մատակարարման ուղիների նկատմամբ վերահսկողութեան հնարաւորութեամբ։ Մինչ 2017-ի սեպտեմբերի անկախութեան հանրաքւէն, Իրաքեան Քուրդիստանը վերահսկում էր ողջ Իրաքի նաւթի պաշարների զգալի հատւածը։ Հասկանալի է, որ Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն կարող էր վերափոխել տարածաշրջանում ուժերի դասաւորութիւնը։ Իրաքի կենտրոնական իշխանութիւնների հետ Իրաքեան Քուրդիստանի հակասութիւններում էական նշանակութիւն ունի նաւթագազային պաշարների վերահսկողութեան հարցը։

2018-ի տւեալներով, Իրաքը Նաւթ արտահանող երկրների կազմակերպութիւնում երկրորդ, աշխարհում՝ 4-րդ խոշոր նաւթարդիւնահանողն է։ Պաշտօնական տւեալներով, Իրաքն օրական արդիւնահանում է շուրջ 4․32 մլն բարել նաւթ։ Որոշ տւեալներով, քրդական նաւթը երկրի արդիւնահանւող ողջ նաւթի 60%-ն էր։ Սակայն, ինչպէս նկատում են փորձագէտները, բաւական բարդ է ստուգել այդ վիճակագրութիւնը։

2014-ի կէսերից մինչ անկախութեան հանրաքւէն քրդական զօրքերն ամբողջութեամբ վերահսկում էին Քիրքուքի նաւթի պաշարներով հարուստ նահանգը, ինչպէս նաեւ Իրաքի վիճելի այլ շրջանները։ Իրաքի կենտրոնական իշխանութիւնը զգալի քաղաքական, ռազմական ռեսուրս էր սպառել ԴԱԷՇ խմբաւորման հետ երկարատեւ պայքարում, ինչը հնարաւորութիւն տւեց քրդերին առժամանակ կայունութիւն ու անվտանգութիւն ապահովել քրդաբնակ շրջաններում։ Արդիւնքում, Էրբիլի ղեկավարութիւնն իր վերահսկողութեան տակ գտնւող նաւթագազային պաշարների շահագործման հարցում ներգրաւեց օտարերկրեայ ներդրողների։ Քրդական կառավարութեան հետ համագործակցութեան ուղիղ բանակցութիւններ սկսեցին մի շարք նաւթարդիւնահանող օտարերկրեայ խոշոր ընկերութիւններ։

2012-ից Իրաքեան Քուրդիստանի շրջանում նաւթի հետախուզման աշխատանքներ էին տանում ամերիկեան ExxonMobil եւ Chevron ընկերութիւնները։ Իրաքեան Քուրդիստանում գործունէութիւն էին ծաւալում նաեւ թուրքական Genel energy, նորւեգական DNO, Gulf keystone petroleum ընկերութիւնները։ Իրաքեան Քուրդիստանի կառավարութեան գնահատականով, Քուրդիստանի նաւթի պաշարները 45 մլրդ բարել են (աւելի քան 6 մլրդ տոննա նաւթ)։

2017-ի սկզբին Gazprom Neft ընկերութեան ղեկավարութիւնը կայտարարեց Իրաքեան Քուրդիստանում նաւթի արդիւնահանման ծաւալների 17․3%-ով աւելացման մտադրութեան մասին։ Ընկերութիւնը Քուրդիստանում իրականացնում էր 3 նախագիծ․ Shakal եւ Halabja, որոնցից իւրաքանչիւրում Gulf Neft Middle East դուստր ընկերութեանն էր պատկանում նախագծի բաժնետոմսերի 80%-ը, Իրաքեան Քուրդիստանի կառավարութեանը՝ 20%-ը։ 3-րդ նախագիծն (Garmian) իրականացւում էր կանադական Western Zagros ընկերութեան հետ համատեղ, որի ղեկավարութիւնը նշում էր, որ Քուրդիստանը տարածաշրջանի այն բացառիկ շրջաններից է, որտեղ դեռեւս հնարաւոր է բացայայտել նաւթի խոշոր հանքավայրեր։

Մինչ անկախութեան հանրաքւէի յայտարարումը, Իրաքեան Քուրդիստանի կառավարութեան հետ ներդրումային պայմանագրեր ստորագրեց Rosneft ընկերութիւնը։ 2017-ի սեպտեմբերին Rosneft-ը յայտարարեց, որ պատրաստւում է ընդլայնել Իրաքեան Քուրդիստանի հետ համագործակցութիւնը էներգետիկ ոլորտու. մասնաւորապէս խօսքը վերաբերում էր ընկերութեան մասնակցութեանը Քուրդիստանի գազատարի կառուցման նախագծում, որը բնական գազ էր մատակարարելու Քուրդիստանի ինչպէս էլեկտրակայաններին ու գործարաններին, այնպէս էլ առաջիկայ տարիներին՝ Թուրքիային ու եւրոպական շուկայ։

Իրաքի կառավարութիւնը մտադիր էր Քուրդիստանում արդիւնահանւող նաւթի մի մասն ուղղել Իրանի նաւթավերամշակման գործարան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն ձախողելու նպատակով։ Նշենք, որ Իրաքի քրդական ինքնավարութեան եւ կենտրոնական կառավարութեան միջեւ մի քանի տարի շարունակ գործում էր փոխհամաձայնութիւն, ըստ որի Էրբիլը Բաղդադին էր փոխանցում օրական ոչ պակաս, քան 250 հազ․ բարել նաւթ՝ դաշնային բիւջէի 17%-ի դիմաց։ Սակայն հետագայում կողմերը մեղադրեցին միմեանց պայմանաւորւածութիւնը խախտելու մէջ․ արդիւնքում համաձայնութիւնը չեղարկւեց։ Ուստի, անկախութեան հանրաքւէն նոր լարւածութիւն էր բերելու Բաղդադ-Էրբիլ յարաբերութիւններում։

Փորձագէտներից շատերը նկատում են, որ հանրաքւէն այսպես, թե այնպէս կայանալու էր, սակայն քրդական կառավարութիւնը չէր գնալու անկախութեան հռչակման ճանապարհով, այլ օգտագործելու էր հանրաքւէն որպէս Բաղդադի ու Անկարայի վրայ ճնշման լծակ։ Ընդհանրապէս Իրաքի Քուրդիստանի անկախութեան հանրաքւէի նպատակը անկախութեան հռչակումը չէր։ Նախ՝ Մասուդ Բարզանին ունէր իր անձնական շահերը։ Ռուսաստանի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէնի խորհրդական Ելենա Սուպոնինայի գնահատմամբ, «հանրաքւէն խոշոր իրադարձութիւն էր, որի շնորհիւ Մասուդ Բարզանին գրանցում է իր դիրքը պատմութեան մէջ»։

Յիշեցնենք, որ անկախութեան հանրաքւէից անմիջապէս յետոյ՝ 2017-ի հոկտեմբերին, Իրաքի կառավարութեան ուժերի ու տեղի քրդերի միջեւ բախումներ տեղի ունեցան։ Արդիւնքում Իրաքի քրդերը կորցրեցին Իրաքի նաւթի պաշարներով երկրորդ խոշոր շրջանը՝ Քիրքուքը։  

Մարիաննա Բելենկայայի կարծիքով, Քիրքուքի նաւթը կռւախնձոր էր Էրբիլի ու Բաղդադի, ինչպէս նաեւ քրդական առաջատար կուսակցութիւների միջեւ․ Դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Մասուդ Բարզանին եւ Քուրդիստանի Հայրենասիրական միութիւն կուսակցութեան (Patriotic union of Kurdistan) հիմնադիր Ջալալ Թալաբանին քանիցս վիճում էին նաւթից ստացւած եկամուտների բաշխման հարցում։ Բարզանին Քիրքուքը Իրաքի կառավարութեան ուժերի վերահսկողութեան տակ անցնելու հարցում մեղադրում էր Թալաբանիի ընտանիքին․ ԶԼՄ-երում լուրեր շրջանառւեցին, որ Թալաբանիի որդին պայմանաւորւածութիւն էր ձեռք բերել շիական Ալ Հաշդ ալ Շաաբի կազմակերպութեան հետ՝ խոստանալով Բաղդադի վերահսկողութեանը յանձնել բոլոր վիճելի տարածքներն ու քրդերի վերահսկողութեան տակ գտնւող ռազմավարական օբիեկտները։

Ըստ հեղինակի, վերջին շրջանում Քիրքուքի՝ քրդերի վերահսկողութեան տակ գտնւող նաւթահանքերում արդիւնահանւում էր օրական 275 հազ․ բարել նաւթ։ Քիրքուքի նկատմամբ վերահսկողությեան հաստատմամբ Իրաքի կառավարութիւնը յայտարարեց, որ Քիրքուքի նաւթի արդիւնահանումը մտադիր է հասցնել օրական մինչեւ 1 մլն բարելի։ Բաղդադը մտադիր էր նաեւ վերականգնել օրական մինչեւ 400 հազ․ բարել թողունակութեամբ նաւթատարը Քիրքուքից դէպի թուրքական Ջէյհան՝ շրջանցելով Իրաքի Քուրդիստանը։ Իսրայէլի համար Իրաքեան Քուրդիստանը եւ առաջին հերթին՝ Բարզանին դաշնակից էր ընդդէմ Իրանի, աւելին՝ Իրաքի քրդերն ապահովում էին Իսրայէլի նաւթի ներկրման 77%-ը։

Քիրքուքի գործողութիւնը, ըստ ԶԼՄ-երի, ծրագրւել էր Բաղդադի կողմից՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անմիջական ղեկավարութեամբ։ Յայտնի է, որ այդ գործողութիւնների նախաշեմին Սուլէյմանիայում էր գտնւում ԻՀՊԿ Ղոդս հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ մայոր Ղասեմ Սուլէյմանին՝ Քուրդիստանի հայրենասիրական միութիւն կուսակցութեան  հիմնադիր, Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի յիշատակին յարգանքի տուրք մատուցելու նպատակով։ Հասկանալի է, որ այցելութեան ընթացքում Սուլէյմանին հանդիպել էր Թալաբանիի ընտանիքի հետ։

Նշենք նաեւ, որ Քուրդիստանի հայրենասիրական միութեան կապերն Իրանի հետ մէկ տասնամեակի պատմութիւն չունեն։ Լրատվւական աղբիւրներով, Իսրայէլի զինւած ուժերը կարող էին ներգրաււել հակամարտութիւնում եւ աջակցել Իրաքի քրդերին, ինչի արդիւնքում Իսրայէլի թիրախում կը յայտնւէր Ալ Հաշդ ալ Շաաբի կազմակերպութիւնը։ Փորձագէտների մի մասը գտնում էր, որ 2017-ի հոկտեմբերի 18-ին իսրայէլական կողմի նախաձեռնութեամբ Նեթանեահու-Պուտին հեռախօսազրոյցի ընթացքում Իսրայելի վարչապետը կարող էր Պուտինին հաղորդել Թել Աւիւի ծրագրի մասին՝ օգտագործելու Սիրիայի օդային միջանցքը դէպի Քուրդիստան իսրայէլական կործանիչների թռիչքի համար։ Յիշեցնենք, որ զրույցի ընթացքում քննարկւել էին Սիրիայում, Իրանում ու Քուրդիստանում իրավիճակին վերաբերող հարցեր։

Իսրայէլն աջակցեց Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէին, սակայն այդպէս էլ չճանաչեց այն որպէս պետութիւն։ Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէի հարցում Թել Աւիւի աջակցութիւնը Մերձաւոր Արեւելքի եւ պաղեստինեան հարցերով վերլուծաբան Լամիս Անդոնին (Lamis Andoni) պայմանաւորում է աշխարհաքաղաքական գործօններով․ «Իսրայէլը ձգտում է ապահովել Իրաքեան Քուրդիստանից նաւթի մատակարարումների անվտանգութիւնը, սակայն, ինչն աւելի կարեւոր է, այդ երկիրը ցանկանում է կառուցել պրոիսրայէլական սուբիեկտ, որը կը հակազդի արաբական աշխարհին։ Իսրայէլը հաւատացած է, որ անկախ քրդական պետութիւնը կարող է ծառայել որպէս Իսրայէլի զինւած ուժերի ու հետախուզութեան համար հաւանական յենակէտ՝ տալով այդ երկրին լծակ Իրանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ։ Իսրայէլը ապագայ քրդական պետութիւնը ընկալում է որպէս տարածաշրջանում ոչ արաբական հաւանական դաշնակից, որի վրայ ուղղակիօրէն չի ազդում պաղեստինեան գործը»։

Վերլուծաբանի կարծիքով, հանրաքթէի ընթացքում քրդական քաղաքներում Իսրայէլի երեւացող դրօշները, հնչող «Մենք երկրորդ Իսրայէլն ենք» կոչերը խօսում են քրդական քաղաքական մշակոյթի փոփոխութեան եւ անցեալից շեղման մասին, երբ քուրդ զինեալները 1960-ականների վերջերին, 70-ականներին ու վաղ 80-ականներին Բէյրութում կռւում էին Պաղեստինի ազատութեան կազմակերպութեան (ՊԱԿ) անդամների կողքին։ Քրդերի անկախութեան աջակցմամբ Իսրայէլը բացայայտօրէն փորձում էր համեմատականներ անցկացնել իր եւ քրդերի պետականութեան համար մղւող պայքարի միջեւ․ այդ կերպ Թել Աւիւը ձգտում է ջնջել զուգահեռները գաղութատիրութեան, ճնշումների դէմ քրդերի եւ պաղեստինցիների մղած պայքարի միջեւ։

2017-ի սեպտեմբերի 25-ի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէի առնչութեամբ Իսրայէլի Արդարադատութեան նախարար Այելէթ Շաքեդը (Ayelet Shaked) կարծիք յայտնեց, որ «Իսրայէլն աջակցում է քրդերի անխակութեանն առնւազն Իրաքի հատւածում»։ «Իսրայէլը եւ Արեւմուտքի երկրները մեծ հետաքրքրութիւն ունեն Քուրդիստանի պետութեան հաստատման հարցում․ եկել է ժամանակը, որպէսզի ԱՄՆ-ն աջակցի այդ գործընթացին»։

2017-ի հոկտեմբերին Վաշինգտոնի ինստիտուտի (The Washington institute) Մերձաւոր Արեւելքի ու քրդերի հարցերով հետազօտող Բիլալ Վահաբը (Bilal Wahab) նշում է, որ «քրդերը ներգրաււած էին Իրաքի զօրքերի դէմ ասիմետրիկ պատերազմում եւ օգուտ էին քաղում Իսրայէլի աջակցութիւնից։ Վերապատրաստումից բացի, Իսրայէլը քրդերին ապահովում էր Արեւմուտքի, մասնաւորապէս՝ Վաշինգտոնի հետ կապի խողովակներով։ Քրդերին ցուցաբերած աջակցութիւնը տեղաւորւում էր Իսրայէլի շրջագծային դաշինքների ձեւաւորման արտաքին քաղաքական ռազմավարութեան մէջ, որը Մերձաւոր Արեւելքի ոչ արաբական երկրների ու սուբիեկտների հետ Իսրայէլի յարաբերութիւնների հիմքն էր, ինչպէս օրինակ, Թուրքիան եւ մինչյեղափոխական Իրանը։ Դժւար թէ իսրայէլա-քրդական յարաբերութիւնները լինեն առաւել հանրային, քանի դեռ Քուրդիստանը չի հասել անկախ պետականութեան»:

Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէի առիթով ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծաբան եւ Ազգային անվտանգութեան խորհրդի (National security council) ներկայացուցիչ Քեննէթ Փոլաքը (Kenneth M. Pollack), ով յաճախ էր այցելում Իրաքեան Քուրդիստանում, ասում էր․ «տարածաշրջանում Իսրայէլին բարեկամներ են անհրաժեշտ, եւ քրդերը ընդհանուր վերցրած ցանկանում են բարեկամանալ եւ նրանց չի մտահոգում Պաղեստինը։ Աւելին, Իսրայէլը ձգտում է կարեւոր դաշնակից ունենալ Իրանի դէմ պայքարում»։ Նրա խօսքով, «Իրաքի ու Իրանի քրդերը խոր կապեր ունեն, եւ Իրանի համար խնդիրներ ստեղծելու ուղիներից մէկը Իրանի քրդերի համար անկախութեան խրախուսումն է»։

 

Orbeli.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։