Հա

Քաղաքական

30/05/2020 - 08:10

«Լռելեայն» COVID-19-ն աւելի յաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին

Ըստ նոր հետազօտութիւնների՝ կորոնավիրուսով անախտանիշ մարդկանց թւի գնահատումը ենթադրում է, որ «լռելեայն» COVID-19-ն աւելի յաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին:

«alikonline.ir» - Ըստ նոր հետազօտութիւնների՝ կորոնավիրուսով անախտանիշ մարդկանց թւի գնահատումը ենթադրում է, որ «լռելեայն» COVID-19-ն աւելի յաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է news.yahoo.com-ը:

JAMA Network Open-ում հրապարակւած առաջին հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Ուհանում դէպքերի 42 տոկոսն անախտանիշ է եղել: Thorax-ում հրապարակւած երկրորդ հետազօտութեամբ յայտնաբերւել է անախտանիշ դէպքերի աւելի մեծ յաճախութիւն՝ զբօսանաւով Անտարկտիկա շրջագայութեան դէպքերի 81 տոկոսը:

Ուհանի վերաբերեալ հետազօտութեան մէջ հետազօտւել է COVID-19-ի դրական արդիւնքով մարդկանց 78 տոկոսը, եւ պարզւել է, որ 33 մարդու մօտ ախտանիշներ չեն եղել: Այս պացիենտներն աւելի յաճախ եղել են 20-ից մինչեւ 30 տարեկան կամ 40-ին մօտ կանայք:

Մինչդեռ երկրորդ հետազօտութեամբ հետազօտւել է զբօսանաւում 217 մարդ, որոնք ուղեւորւում էին Անտարկտիկա: Նաւը ափից հեռացել էր մարտի կէսին, այն բանից անմիջապէս յետոյ, երբ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կորոնավիրուսը համավարակ էր յայտարարել:

Նաւի վրայ առաջին դէպքը գրանցւել էր երթուղին սկսելուց յետոյ 8 օր անց: Յաջորդ 2 շաբաթւայ ընթացքում 8 մարդու նաւից պէտք է տարհանէին, քանի որ նրանք հիւանդացել էին:

Նաւում մնացած 217 մարդկանց COVID-19-ի ախտորոշման թեստ են կատարել: Պարզւել էր, որ վարակւած է կէսից աւելին (59 տոկոսը), բայց այս պացինետներից միայն 19 տոկոսի մօտ կային ախտանիշներ: Մնացած 81 տոկոսն անախտանիշ էր:

«Մարդկանցից շատերը մինչեւ հիմա այդպէս էլ չեն հասկանում, որ անախտանիշ դէպքերը կարող են նոյնքան տարածւած լինել, եւ նրանք հարց են տալիս՝ ինչո՞ւ են ստիպւած դիմակ կրել, եթէ իրենց լաւ են զգում, կամ ինչո՞ւ պէտք է իրենք սոցիալական հեռաւորութիւն պահպանեն»,- նշել է Նեշւիլի Վանդերբիլտի համալսարանի Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն հիւանդութիւնների հարցերով փորձագէտ, բժիշկ Ուիլեամ Շաֆնէրը:

«Սոսկ արտաշնչելը կարող է վիրուսային մասնիկներ ուղարկել»,- ասել է Շաֆնէրը:

Սակայն Չինաստանում անցկացւած հետազօտութեան մէջ նշւում էր, որ անախտանիշ հիւանդները չեն կարող վիրուսն այնքան երկար տարածել, ինչպէս անում են ախտանիշներով պացիենտները: Ուհանի համալսարանի Չժունան հիւանդանոցից հետազօտողները յայտնաբերել են, որ անախտանիշ պացիենտները վիրուսն արտազատում են 8 օր, իսկ ախտանիշներով հիւանդները՝ 19 օր:

Այդուհանդերձ, COVID-19-ի անախտանիշ դէպքերը խնդիր են մնում:

«Սա անչափ կարեւոր է, որովհետեւ դուք տեսականօրէն կարող էք ինֆեկցիան տարածել, քանի որ վիրուսն անչափ վարակիչ է»,- ասել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեսթերի Մայօ կլինիկայի ինֆեկցիոն հիւանդութիւնների մասնագէտ, բժիշկ Ադիտեա Շահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։