Հա

Քաղաքական

25/06/2020 - 15:30

Էրդողանն ընդդէմ Հայոց Ցեղասպանութեան, կամ ինչից է այդքան վախենում Անկարան

Թուրքիան փորձում է կանխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ալիքը, որը սկսւել է աշխարհում։ Դրանով է պայմանաւորւած Անկարայի մտահոգութիւնը եւ Հայոց Ցեղասպանութեան հարցով գերատեսչութիւն ստեղծելու որոշումը։ Դրանում համոզւած է թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

«alikonline.ir» - 1915 թւականի իրադարձութիւնների հետ կապւած Թուրքիայի իշխանութիւնների ակտիւութիւնը խօսում է նրանց՝ Օսմանեան կայսրութիւնում կատարւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ մտահոգութիւնների մասին, որը սկսւել է աշխարհում:

Թուրքիան փորձում է կանխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ալիքը, որը սկսւել է աշխարհում։ Դրանով է պայմանաւորւած Անկարայի մտահոգութիւնը եւ Հայոց Ցեղասպանութեան հարցով գերատեսչութիւն ստեղծելու որոշումը։ Դրանում համոզւած է թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

Աւելին, նա կարծում է, որ Թուրքիան այսօր զբաղւում է պատմութիւնը կեղծելով, այդ իսկ պատճառով նրա նախաձեռնութիւնն ի սկզբանէ դատապարտելի է։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Թուրքիայում` Հայոց Ցեղասպանութեանն առնչւող բոլոր հարցերի վերաբերեալ առանձին գերատեսչութիւն կը ստեղծւի։ Նման որոշում է կայացրել Թուրքիայի բարձրագոյն խորհրդատւական խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ։

«Չեմ կարծում, որ նոր կառոյցի ստեղծումը թոյլ կը տայ թուրքական ստայօդ քարոզչութեանը նոր մակարդակ սահմանել։ Նրանք կը շարունակեն այն, ինչ արել են տասնամեակներ շարունակ, գուցէ աւելի նպատակադրւած, աւելի շատ ջանքեր գործադրելով»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Սաֆրաստեանը։

Թուրքագէտը Թուրքիայի իշխանութեան որոշումը կապում է անցած շաբաթ Էրդողանի ղեկավարութեամբ տեղի ունեցած Բարձրագոյն խորհրդատւական խորհրդի նիստի հետ։ Նիստի ժամանակ քննարկւել են այսպէս կոչւած «հակազդման միջոցառումները՝ ուղղւած Օսմանեան պետութիւնում 1915 թւականի իրադարձութիւնների շուրջ անհիմն հակաթուրքական զրպարտութիւնների»։

Սաֆրաստեանն ընդգծեց, որ Թուրքիան գերատեսչութեան ստեղծմամբ փորձում է կանխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման այն ալիքը, որը սկսւել է աշխարհում։ Աւելին, նա կանխատեսում է, որ մօտ ապագայում 1915 թւականի դէպքերը կը ճանաչի նաեւ Եգիպտոսը։ Աւելի վաղ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչեց Սիրիան։

«Մենք չպէտք է մոռանանք, որ այն, ինչ անում է Թուրքիան պատմութեան եւ իրականութեան աղաւաղում է, իսկ այն, ինչ անում ենք մենք` դա իրականութիւնը, պատմական փաստերը ճանաչելու պահանջ է»,- նշեց Սաֆրաստեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանը պէտք է շարունակի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման քաղաքականութիւնը, այդ թւում՝ սփիւռքի հետ համագործակցութեամբ։

Ստեղծւած իրավիճակը ոչ այնքան գունեղ է մեկնաբանում մէկ այլ թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը։ Նա եւս կարծում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում ՀՀ իշխանութիւնը պէտք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, չի կարելի խաղադրոյք կատարել միայն սփիւռքի վրայ։

Լոքմագեօզեանը նշեց, որ նման գերատեսչութիւններն ու կառոյցները Թուրքիայի համար նոր չեն, դրանք եղել են նաեւ նախկինում եւ դրանց աշխատանքը կեղծ տեղեկութիւն տարածելն է։

«Այժմ հաւանաբար այդ ամէնն աւելի պրոֆեսիոնալ մակարդակով կարւի, ինչը կարող է Հայաստանի համար որոշակի խնդիրներ ստեղծել»,- ընդգծեց Լոքմագեօզեանը։

Ըստ նրա` շատերը դրա վրայ «միաւորներ են հաւաքում»։ Եթէ գիտութեան ոլորտում մարդն ուզում է առաջընթաց ունենալ, որեւէ բանի հասնել Թուրքիայում, բաւական է, որ նա հակահայկական ատենախօսութիւն պաշտպանի կամ օդւած գրի։

Նա մտահոգւած է, որ Հայաստանը չունի Հայոց Ցեղասպանութեան հարցերով զբաղւող որեւէ կառոյց։ Եւ իշխանութիւններն ըստ էութեան այդ գործը դրել են սփիւռքի ու Հայ Դատի յանձնախմբի ուսերին։

Լոքմագեօզեանը ենթադրում է, որ Թուրքիան լաւ ֆինանսական ռեսուրսներ ունի, կարող է առաջ մղել Ցեղասպանութեան մերժման իր դրոյթները, այդպիսով խոչընդոտելով Հայաստանի գործունէութեանը։

Թուրքագէտը կարծում է, որ իշխանութիւնները պէտք է այդ հարցով համագործակցեն տարբեր կառոյցների հետ, ծրագրեր մշակեն եւ ուժեղացնեն Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած իրենց քաղաքականութիւնը։

1915 թւականին տեղի ունեցած ոճրագործութիւնը, որի հետւանքով Օսմանեան կայսրութիւնում աւելի քան 1,5 մլն հայ է սպանւել, 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է համարւում։ Թուրքիան աւանդաբար մերժում է ցեղասպանութիւն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցաւագին է ընդունում այդ հարցի վերաբերեալ քննադատութիւնները։

Հայոց Ցեղասպանութիւնն առաջինը ճանաչել է Ուրուգւայը 1965 թւականին, այնուհետեւ նրա օրինակին են հետեւել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտւան, Սլովակիան, Շւեդիան, Շւէյցարիան, Յունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեզուէլան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիւիան, Չեխիան, Աւստրիան, Լիւքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ Ապրիլի 24-ը յայտարարել Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։