Հա

Քաղաքական

28/06/2020 - 13:22

«Ալիեւը վախենում է ՀՀ նախկին իշխանութիւններից, քանի որ նրանք աւելի կտրուկ դիրքորոշում են ունեցել, իսկ Փաշինեանն անձամբ Ալիեւին երբեք չի քննադատում»․ Տարասով

«Ալիեւի համար ամենամեծ վտանգը Ղարաբաղեան կլանն է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած որոշ մեկնաբանութիւններին։

«alikonline.ir» - «Ալիեւի համար ամենամեծ վտանգը Ղարաբաղեան կլանն է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած որոշ մեկնաբանութիւններին։

Յիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահը Պաշտպանութեան նախարարութեան զօրամասերից մէկի բացումից յետոյ զինւորականների հետ հանդիպմանն ուշագրաւ ելոյթ էր ունեցել, որի ընթացքում անդրադարձել էր Ադրբեջանի Ազգային ճակատի գործունէութեանը, ՀՀ նախկին եւ ներկայ իշխանութիւնների վարած ներքին քաղաքականութեանը, Ադրբեջանի ներկայիս իշխանութիւնների արդիւնաւէտ ռազմավարութեանը բոլոր ոլորտներում եւ ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը։

Իլհամ Ալիեւը նախ նշել է, որ Ադրբեջանի Ազգային ճակատն է Շուշին յանձնել հայերին եւ Ադրբեջանի ժամանակի իշխանութիւնների հետ պայքարի շրջանակում դիմել է ամենակեղտոտ քայլերի։

Նրա որակմամբ՝ Ադրբեջանի Ազգային ճակատը եկաւ իշխանութեան եւ սկսեց քանդել երկիրը։ Ըստ նրա՝ այն ժամանակ պետքարտուղարը ներկայումս իրեն դիրքաւորում է՝ որպէս ընդդիմութիւն, եւ, թէ ինչպիսի ընդդիմութիւն են, ինչ մշակոյթ ունեն, բոլորին է յայտնի։ Ալիեւի կարծիքով՝ հասարակութիւնը պէտք է երբեք չմոռանայ այդ մարդկանց անցեալի կործանարար գործունէութիւնը։ Միեւնոյն ժամանակ, խօսելով ներկայ իրավիճակից՝ Ալիեւն ասել է, որ պէտք է աւելացնեն իրենց ուժերը, ինչն էլ անում են, եւ ԼՂ հակամարտութիւնը լուծեն ցանկացած եղանակով։

Ադրբեջանի նախագահը նշել է նաեւ, որ ՀՀ-ն, արդէն մի քանի տարի է, ինչ խորը ճգնաժամի մէջ է․ Ալիեւը յղում է կատարել ՀՀ ներկայիս իշխանութիւնների յայտարարութիւններին, թէ ինչպիսին է եղել ՀՀ նախկին ղեկավարների գործունէութիւնը։

Ի դէպ, Ալիեւի այս մեկնաբանութիւնը բուռն քննարկումների առիթ է դարձել հայաստանեան մամուլում եւ համացանցում, շատերն են նմանութիւններ տեսնում Փաշինեանի եւ Ալիեւի որոշ շեշտադրումների մէջ։ Սակայն Ալիեւը չի մոռացել քննադատել նաեւ ներկայիս իշխանութիւններին՝ նշելով, թէ Հայաստանում դիկտատուրան ամրապնդւում է, քանի որ հետապնդւում են քաղաքական ընդդիմախօսները, սահմանադրութիւնում անօրինական փոփոխութիւններ են մտցւում առանց հանրաքւէի։

Նրա խօսքով, մասսայական բնոյթ է ստացել կոռուպցիան։ Նա նաեւ նշել է, թէ վարչապետի ընտանիքը կոնտրաբանդայով է զբաղւում։ Ամփոփելով՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ, ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանն աւելի ուժեղ է դառնում բոլոր ոլորտներում, այդ թւում՝ միջազգային։ Ի դէպ, Ադրբեջանի նախագահի այս ելոյթին անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, վերջինիս էլ արձագանքել էր ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Մանէ Գէորգեանը, որեւէ կերպ չարձագանքելով Իլհամ Ալիեւի ելոյթի այն հատւածին, որը վերաբերում է ՀՀ իշխանութիւնների ներկայիս քաղաքականութեանը։ Հարկ է նշել, որ ՀՀ ԱԳՆ-ն էր անդրադարձել Ադրբեջանի նախագահի ելոյթի Ղարաբաղեան կարգաւորմանը վերաբերող հատւածին։ Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ Իլհամ Ալիեւի ծաւալուն ելոյթը, որում ոչ պակաս ուշագրաւ Ղարաբաղեան թեզեր կան, ներքաղաքական «փոխհրաձգութեան» պատճառ է դարձել։

Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ նախ՝ պէտք է հասկանալ, որ ելոյթը մեծամասամբ ուղղւած էր ներքին լսարանին, քանի որ ելոյթի մի մեծ հատւածը նւիրւած էր Ադրբեջանի Ազգային ճակատի գործունէութեանն ու անցեալին, դաւաճանութիւններին եւ նրան, որ դա երբեք չպէտք է մոռացւի, քանի որ ներկայումս ընդդիմութեան շարքերում կան այդ ճակատի ներկայացուցիչներ, ուստի այս մասին յիշատակումն այն կոնտեքստով, ինչ արեց Ալիեւը, նպատակ ունէր քննադատել Ադրբեջանի ներկայիս ընդդիմութեանը։

Նրա խօսքով, դա այն է, ինչ անում են ընդդիմութեան հասցէին ըստ էութեան բոլոր իշխանութիւնները՝ փորձելով որքան հնարաւոր է շատ անւանարկել։

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, ապա Ալիեւը որեւէ նորութիւն չի ասում, քանի որ Ադրբեջանը շարունակում է սպառազինւել, կրկնապատկել ուժը, քանի դեռ կարող է եւ քանի դեռ Ադրբեջանի տնտեսական վիճակը թոյլ է տալիս, քանի որ նաւթի գնանկումը լուրջ սպառնալիք է ադրբեջանական տնտեսութեան համար»,- ասաց Տարասովը։

Նա նաեւ ասաց, որ վերջին տարիներին բազմիցս է ասել, որ Ադրբեջանի նախագահը վախ ունի ՀՀ նախկին իշխանութիւններից, որոնք ունեն Ղարաբաղեան ծագում եւ համարւում են Ղարաբաղեան կլան։

«Այդ պատճառով էլ Իլհամ Ալիեւը քննադատում է ՀՀ նախկին իշխանութիւններին, քանի որ նրանք աւելի կտրուկ դիրքորոշում են ունեցել, իսկ Նիկոլ Փաշինեանն անձամբ Իլհամ Ալիեւին երբեք չի քննադատում, աւելին՝ ես բազմիցս նշել եմ, որ իշխանութիւնը ստանձնելուց յետոյ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ համաձայնութիւն է եղել, որ Ալիեւը չի «կրակի», քանի դեռ Փաշինեանի իշխանութեան ձեւաւորումը չի աւարտւել։ Ես նաեւ կարծում եմ, որ պէտք չէ համարել, որ Փաշինեանն ու Ալիեւը հակառակորդներ են, նրանք գործընկերներ են, եւ ՀՀ իշխանութիւնների թուլացած պահին Ադրբեջանը աջակցեց՝ չյարձակւելով։ Նա չխանգարեց Փաշինեանին, այլ աջակցեց։ Սա էական հանգամանք է։ Իսկ ամենամեծ վտանգը Ալիեւի համար Ղարաբաղեան կլանն է եղել, ղարաբաղցիները։ Երեւանցիները, նկատի ունեմ Փաշինեանին, աւելի փափուկ են, երբեք Ալիեւի դէմ չեն խօսում, սրանով է պայմանաւորւած այս երեւոյթը, զարմանալ պէտք չէ»,- ասաց Տարասովը։

Վերջինիս խօսքով, Ալիեւը քննադատում է, այդ թւում` ՀՀ իշխանութիւններին` ցոյց տալու համար, թէ ինչ է կատարւում Հայաստանում, եւ ինչպիսի լաւ իրավիճակում է Ադրբեջանը։

«Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանը չի հրաժարւել պատերազմական սցենարից, պարզապէս ներկայումս այդ սցենարն այդքան էլ ձեռնտու չէ, աշխարհաքաղաքական իրավիճակը ի նպաստ այդ ծրագրերի չէ, ուստի Ադրբեջանը սպասում է»,- ասաց Տարասովը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։