Հա

Քաղաքական

29/06/2020 - 13:00

Ի՞նչ խնդիրներ է լուծում Էրդողանը Հայկական Հարցի շահարկմամբ

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ կայացած խորհրդատւական բարձրագոյն կոմիտէի նիստում որոշում է կայացւել ստեղծել յատուկ մարմին, որը պիտի զբաղւի Հայոց Ցեղասպանութեան հերքմամբ։

«alikonline.ir» - Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ կայացած խորհրդատւական բարձրագոյն կոմիտէի նիստում որոշում է կայացւել ստեղծել յատուկ մարմին, որը պիտի զբաղւի Հայոց Ցեղասպանութեան հերքմամբ։ Էրդողանի հրահանգաւորմամբ՝ նոր կառոյցը պէտք է զբաղւի Հայոց Ցեղասպանութեան թեմայով նոր մարտավարութեան մշակմամբ, ինչպէս նաեւ միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառոյթով:

Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ էր բերւել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը, իսկ ամերիկեան դատարաններում սկսեցին քննւել Թուրքիայի դէմ հայերի ներկայացրած հայցերը։ Նշեալ կոմիտէի նիստում ընդգծւել է, որ մինչ օրս չկայ մէկ միասնական մարմին, որը կը զբաղւի Հայոց Ցեղասպանութեան հերքմանն ուղղւած փաստերի հաւաքմամբ եւ միասնական քաղաքականութեան մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարաւորինս արագ աւարտել նախատեսւող կառոյցի ստեղծման աշխատանքները։

168․am-ի հետ զրոյցում թուրք քաղաքագէտ, հրապարակախօս Ջենգիզ Աքթարը, պատասխանելով հարցին, թէ ինչու յանկարծ հայ-թուրքական յարաբերութիւնները եւ ընդհանրապէս հայկական ուղղութեամբ քաղաքականութիւնն իրենց արտաքին քաղաքական դոկտրինից դուրս բերած Թուրքիայի իշխանութիւնները որոշեցին նման կառոյց ստեղծել, ասաց, որ նման որոշման համար ըստ ամենայնի մի քանի պատճառ կայ։

Նախ նա նշեց, որ թէկուզեւ աւելի վաղ սպասելի էր եւ խօսւում էր այս մասին, բայց անհասկանալի էր, թէ ինչու նման կառոյց ստեղծելու որոշում կայացւեց մի փուլում, երբ չկայ այլ խնդիր, քան կորոնավիրուսը։

Ըստ նրա՝ սա իշխանութիւնների ստեղծած արտաքին թշնամու կերպարի շահարկման շարունակութիւնն է` շեղելու համար հասարակութեանը, փորձագէտներին Թուրքիայի իրական ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներից։

Նրա խօսքով՝ փորձ է արւում ցոյց տալ, թէ որքան կարեւոր հարց է Թուրքիայի համար ներկայումս Հայկական Հարցը, ինչն այդքան էլ այդպէս չէ, քանի որ այդ դէպքում պէտք է լիներ քաղաքականութիւն, եւ ոչ թէ՝ հակազդեցութիւն։

«Եթէ պարզ փորձենք բացատրել, ապա կառոյցը պէտք է զբաղւի հայկական լոբբիին դիմադրելով, եւ ուղղւած լինի լոբբիին ու առանձին որոշ դէպքերի, ինչն այսքան տարի անց այնքան էլ հասկանալի չէ։ Թուրքիայի իշխանութիւնների տեսանկիւնից նման կառոյցի անհրաժեշտութիւնը կար, քանի որ հայկական կառոյցներն աշխարհում աշխատում են հայկական շահերն առաջ մղելու ուղղութեամբ, երբեմն ունենում են յաջողութիւններ, թէեւ բուն Հայաստանում շատ է խօսւում այն մասին, որ աւանդական լոբբին իրեն սպառել է, եւ նոր գործիքներ ու շեշտադրումներ են հարկաւոր։ Այդ յաջողութիւններից էր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ապա՝ Սենատում ճանաչման բանաձեւերի ընդունումը, որը Թուրքիայում բաւականին ծանր ընդունւեց իշխանութեան կողմից։ Բայց աւելի էական է այն հանգամանքը, որ Թուրքիան մշտապէս ունի մտավախութիւններ, եւ յատկապէս՝ ներկայումս, որ այս հարցը կը դառնայ լծակ Թուրքիայի դէմ աշխարհաքաղաքական լարւած իրավիճակներում։ Մենք տեսանք, որ ԱՄՆ Կոնգրեսում այս բանաձեւերն ընդունւեցին մի իրավիճակում, երբ Էրդողանի քաղաքականութիւնն անողոք կերպով քննադատւում էր ԱՄՆ-ում, յարաբերութիւնները չափազանց սրւած էին։ Չէ՞ որ հայկական լոբբին նոր չէ, որ փորձում էր նման բանաձեւ ներկայացնել եւ անցկացնել Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, իսկ վերջին փորձը յաջողւած էր համապատասխան տրամադրութիւնների ֆոնին։ Թուրքիան կանխատեսում է, որ լարւածութիւններ դեռ շատ են լինելու, եւ եթէ Հայաստանի հետ չկայ դիւանագիտական կամ կարգաւորման օրակարգ, ապա հարկաւոր է զբաղւել նման հարցերով՝ հակազդելով հայկական լոբբիի ջանքերին։ Չեմ կարծում, որ այս մարմնի աշխատանքն էական եղանակ է փոխելու Թուրքիայի համար այդ հարցում, քանի որ իրական քաղաքականութեան եւ հետեւանքների դէմ պայքարելու փոխարէն՝ արւում են մակերեսային քայլեր, եւ չկայ իրական քաղաքականութիւն ոչ մի կողմից»,- ասաց Աքթարը։

Վերջինս այն կարծիքին է, որ նման կառոյցի ստեղծումն ինչ-որ առումով ցոյց է տալիս քաղաքական սնանկութիւնը։

«Թուրքիայի իշխանութիւններն իրական խնդիրները՝ հարեւանների եւ գործընկեր երկրների հետ յարաբերութիւնները կարգաւորելու փոխարէն, պէտք է զբաղւեն նման հարցերով, որի լսարանը կը լինի՝ ինչպէս թուրք հասարակութիւնը, այնպէս էլ՝ դրսում, յատկապէս՝ Միացեալ Նահանգներում եւ եւրոպական երկրներում։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքականութեանը, ապա թուրք վերլուծաբանն ասաց, թէ բացի այն յայտարարութիւններից, թէ Հայաստանը պատրաստ է յարաբերութիւնների հաստատման, չի լսել։

«Իմ տպաւորութեամբ, հաշւի առնելով Հայաստանի ներսում ստեղծւած իրավիճակը, ինչպէս նաեւ աշխարհում ներկայումս տեղի ունեցող զարգացումները, Հայաստանը հասկանում է, որ ներկայումս Թուրքիան շահագրգռւած չէ քաղաքական գործընթաց սկսել Հայաստանի հետ, կայ ադրբեջանական գործօնը, Հայաստանն ինքը եւս այլ հարցերով եւ առաջնահերթութիւններով է զբաղւած, ուստի հայ-թուրքական յարաբերութիւնների մասին խօսակցութիւնները սահմանափակւում են լոբբինգի յաջողութիւնների եւ գերտէրութիւնների շահերից բխող քայլերի շրջանակում։ Իրենք՝ Հայաստանն ու Թուրքիան, որեւէ օրակարգ չեն ստեղծում, որեւէ տօն չեն ստեղծում յարաբերութիւնների վերականգնման եւ կարգաւորման համար, ինչը, իհարկէ, չափազանց բացասական հանգամանք է մեր տարածաշրջանի կայունութեան եւ ապագայի համար»,- ասաց քաղաքագէտը։

Իր հերթին՝ ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին եւս կարծում է, որ սա պայմանաւորւած է Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական օղակի սեղմմամբ եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական կանխատեսումներով, որոնցում հայկական թեման կարող է օգտագործւել Թուրքիայի դէմ։

«Ժամանակ առ ժամանակ իսկապէս այն օգտագործւել է, ուստի որոշում կայացւեց նման կառոյց ստեղծել, որը կը հետեւի, թէ ինչ է կատարւում աշխարհում Ցեղասպանութեան ճանաչման եւ կանխարգելման գործընթացի շրջանակում, ինչ բանաձեւեր են պատրաստւում, ինչ փուլում են դրանք, ինչպէս է պէտք դրանց հակազդել, ինչ փաստական բազա հաւաքագրել, ներկայացնել համապատասխան կառոյցներին անհրաժեշտութեան դէպքում։

Այն, ինչ երկար ժամանակ արել են Թուրքիայի դեսպանատները տարբեր երկրներում, կը լինի աւելի կազմակերպւած, ինչպէս ես եմ պատկերացնում։ Բայց թէ որքանով արդիւնաւէտ կը լինի այս կառոյցի գործունէութիւնը եւ ինչ կը տայ Թուրքիայի իշխանութիւններին, խիստ կասկածելի է, քանի որ, եթէ չլինի Հայկական Հարցը, կայ քրդական հարցը եւ Թուրքիայի դէմ շատ հարցեր կան, Թուրքիան ունի շատ արտաքին խնդիրներ, խնդրայարոյց յարաբերութիւններ, որոնք ինքն էլ սրում է եւ ստանում արձագանքներ։ Բայց կարող է եւ շատ արդիւնաւէտ լինել՝ ստւերելով, օրինակ, հայկական լոբբիին, ուստի այստեղ ուշադիր պէտք է լինեն հայկական համապատասխան կառոյցները եւս»,- ասաց Նադէին-Ռաեւսկին։

Հարցին, թէ ինչպէ՞ս է գնահատում ՀՀ քաղաքականութիւնն այս ուղղութեամբ, Նադէին-Ռաեւսկին պատասխանեց, որ քաղաքականութիւն՝ որպէս այդպիսին, չկայ։ «Բայց Թուրքիան նախընտրեց նախապայմաններ առաջադրել, յարաբերութիւնները պայմանաւորել Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հակամարտութեամբ, ըստ էութեան, չցանկացաւ այս փուլում որեւէ առաջընթաց ապահովել Հայաստանի հետ յարաբերութիւններում, եւ այս առումով թուրքական քաղաքականութիւնն աւելի քննադատելի է։ Չցանկանալու էական պատճառներից մէկն էլ, կարծում եմ, Ցեղասպանութեան հատուցման հարցի առկայութիւնն է, որին Թուրքիան ոչ մի կերպ պատրաստ չէ»,- ասաց նա։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։