Հա

Քաղաքական

07/07/2020 - 09:00

«ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տեսակապի միջոցով մասնակցել է Հռոմում կազմակերպւած «Միջերկրածովեան երկխօսութիւններ» (Mediterranean Dialogues) վիրտուալ  համաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տեսակապի միջոցով մասնակցել է Հռոմում կազմակերպւած «Միջերկրածովեան երկխօսութիւններ» (Mediterranean Dialogues) վիրտուալ  համաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մեզ համար նշանակութիւն չունի, թէ ով կը յաղթի ԱՄՆ առաջիկայ ընտրութիւններում: Կարեւոր է, որ մենք տեսնենք, որ Վաշինգտոնը շտկում է իր պահւածքը Իրանի նկատմամբ»,- ասել է նա՝ յաւելելով. «Ցանկացած անձ, ով կը զբաղեցնի ԱՄՆ նախագահի պաշտօնը, պէտք է քայլեր ձեռնարկի Իրանին հասցւած վնասը հատուցելու համար»: 

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչութեանը՝ Զարիֆն ասել է, նրանք, ովքեր պնդում են, թէ Իրանի դէմ դեղորայքի ներմուծման հետ կապւած պատժամիջոցներ չեն կիրառել, պէտք է իմանան, որ Իրանը զրկւած է միջազգային բանկային գործարքներից՝ բանկային պատժամիջոցների պատճառով, եւ, հետեւաբար, Իրանի համար դեղամիջոցներ գնել հնարաւոր չէ:

Շեշտելով, որ դիւանագիտութիւնը միջազգային հիմնախնդիրների կարգաւորման ամենաարդիւնաւէտ միջոցն է, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրին՝ նշելով. «Միջուկային գործարքը դիւանագիտութեան ոլորտում մեծ նւաճում էր, որը կայացաւ քրտնաջան աշխատանքի եւ լուրջ ու երկար բանակցութիւնների արդիւնքում»:

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կատարել է Միջուկային գործարքով ստանձնած իր բոլոր պարտաւորութիւնները, Զարիֆը մատնանշել է համաձայանգրում վէճերի լուծման մեխանիզմի հարցը՝ նշելով, որ Իրանը բաց աչքերով է ստորագրել Համաձայնագիրը, եւ այդ պատճառով, պատշաճ կերպով օգտագործել է վէճերի լուծման մեխանիզմը: 

Իրանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Իրանի քայլը վէճերի լուծման մեխանիզմի ակտիւացման ուղղութեամբ ոչ միայն չի հակասում Միջուկային գործարքին, այլ, ընդհակառակը, համապատասխանում է դրա բոլոր պահանջներին. «Միջուկային գործարքի ստորագրումից 5 տարի անց, Իրանը դեռ չի քաղել դրա տնտեսական օգուտները՝ միւս կողմի որոշ երկրների խափանարար գործողութիւնների, եւ եւրոպացիների ոչ յանձնառու պահւածքի պատճառով»,- շեշտել է նա: Զարիֆը յստակեցրել է, որ եթէ միւս կողմը լիարժէքօրէն կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները, ապա Իրանը պատրաստ է վերականգնելու իր սառեցրած յանձնառութիւնները:

Անդրադառնալով Իրանի զէնքի էմբարգոյի երկարաձգմանն ուղղւած ԱՄՆ ջանքերին, Իրանի դիւանագիտական համակարգի ղեկավան ասել է. «Ըստ Գործարքի՝ սահմանւել եւ համաձայնեցւել է Իրանի զէնքի էմբարգոն դադարեցնելու հնգամեայ ժամկէտը: Սա բացարձակ համաձայնութիւն է, եւ ոչ ոք չի կարող այն փոխել»: Զարիֆը յիշեցրել է Մերձաւոր Արեւելքի որոշ երկրներին ԱՄՆ-ի կողմից սպառազինութեան մեծաքանակ մատակարարումը՝ նշելով, որ դա տարածաշրջանում անկայունութեան եւ լարւածութեան մեծացման պատճառներից մէկն է. «Միայն զէնքի այն քանակութիւնը, որը Միացեալ Նահանգներն ամէն տարի վաճառում է Սաուդական Արաբիային, երեք անգամ գերազանցում է Իրանի ռազմական եւ պաշտպանական բիւջէն»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։