Հա

Քաղաքական

07/07/2020 - 12:25

«Չի բացառւում, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնն ապագայում որոշակիօրէն փոխւի, այդ թւում՝ ԼՂ հակամարտութեան ուղղութեամբ»․ Լուկիանով

«Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայիս փուլում, կարծում եմ, քննարկւում են իրավիճակային խնդիրներ»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքագէտ Ֆեօդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղեան կարգաւորման գործընթացին եւ Ադրբեջանում ԱԳՆ-ի դէմ իրականացւող գործողութիւններին։

«alikonline.ir» - «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայիս փուլում, կարծում եմ, քննարկւում են իրավիճակային խնդիրներ»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքագէտ Ֆեօդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղեան կարգաւորման գործընթացին եւ Ադրբեջանում ԱԳՆ-ի դէմ իրականացւող գործողութիւններին։

Յիշեցնենք, որ օրերս տեղի ունեցաւ Մնացականեան-Մամեդեարով հերթական տեսակոնֆերանսը։ Յաջորդ տեսակոնֆերանսը տեղի կունենայ այս ամիս։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն էին տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ներկայիս դինամիկան եւ խաղաղութեան գործընթացում նախատեսւող յաջորդ քայլերը: Համանախագահները, բացի աւանդական ձեւակերպումներից, նշել էին, որ դրական են գնահատում տեղում յարաբերական կայունութիւնը եւ գոհունակութիւն էին յայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել առկայ հաղորդակցական ուղիղ կապերը` էսկալացիայից խուսափելու համար, ինչպէս նաեւ մտահոգութիւն յայտնել, որ վերջին հրահրող յայտարարութիւնները, թշնամական հռետորաբանութիւնը կարող են խաթարել կարգաւորման գործընթացը:

Ադրբեջանի Պետական անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներն այսօր յատուկ գործողութիւն են սկսել Ադրբեջանի ԱԳՆ շէնքում։ Տեղեկութեան համաձայն՝ հակակոռուպցիոն գործողութեան շրջանակում ձերբակալւել են ԱԳՆ մի շարք պաշտօնատար անձինք, գրում են Բաքւի լրատւամիջոցները։ Որպէս պատճառներ են նշւում կոռուպցիոն խնդիրները, ինչպէս նաեւ հանգամանքը, որ Մամեդեարովը, ըստ ադրբեջանական քաղաքական որոշ շրջանակների, տապալել է նաեւ Ղարաբաղեան ուղղութեամբ ադրբեջանական դիւանագիտութիւնը։

Ֆեօդոր Լուկիանովի գնահատմամբ՝ աւելի ուշագրաւ է այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ում, քան նախարարական հանդիպումը, որի ընթացքում, ինչպէս ինքն է հասկացել՝ քննարկւել են ընթացիկ հարցեր։ Ըստ նրա՝ նման բազում հանդիպումներ են եղել ու դեռ կը լինեն։

«Դրանք ոչինչ չեն որոշում, իմ կարծիքով, միայն իրավիճակային խնդիրներ կը քննարկւեն եւ կը լուծւեն։ Սա երկարաձգւած հակամարտութիւն է, ու որքան հասկանում եմ, դեռ երկարաձգւելու է։ Աւելի հետաքրքիր է այն, թէ ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, քանի որ յատկապէս վերջին ամիսների ընթացքում սրւել էին տրամադրութիւններն ընդդէմ արտգործնախարար Մամեդեարովի, ում դէմ էին արտայայտւում որոշ պատգամաւորներ, նախկին քաղաքական գործիչներ, մեղադրում եւ այլն։

Այսինքն՝ այդ թեւն այսօր գլուխ բարձրացրեց, եւ ենթադրաբար կը լինեն այլ զարգացումներ եւս։ Այս իրավիճակում, կարծում եմ, պէտք է հասկանալ, թէ ինչպէս կը փոփոխւի ապագայում Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը՝ կը լինի աւելի մե՞ղմ, թէ՞ ընդհակառակը, այնուամենայնիւ, ներկայիս դիւանագիտութեանն ուղղւած քննադատութիւնը շատ է, ինչը նշանակում է, որ վերանայումներ Ադրբեջանի  արտաքին քաղաքական այդ ուղղութեան մէջ լինելու են, եւ, բնականաբար, դրանք ոչ բովանդակային վերանայումներ չեն լինի։ Չեմ կարծում, որ դիրքորոշումներ կը փոխւեն, սակայն սրութեան հարցում փոփոխութիւններ կը լինեն, ներկայիս զարգացումները դա են վկայում, եւ դրան է, որ պէտք է հետեւել, այդ թւում՝ զգօն լինել»,- ասաց Լուկիանովը։

Նրա խօսքով, ե՛ւ ղեկավարների, ե՛ւ նախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ մշտապէս քննարկւել ու քննարկւում են կարգաւորմանը վերաբերող գաղափարներ։

«Ինչ են արել նախարարներն այդքան հանդիպումների ընթացքում․ բնականաբար, քննարկել են լուրջ հարցեր։ Այս դէպքում, կարծում եմ, կարեւոր չէ, թէ այդ հարցերը ներառւած են ռուսական կամ ամերիկեան փաթեթում, բոլորն էլ հասկանում են, որ, եթէ լուծումը չլինի հաւասարակշռւած, ապա հակամարտութիւնը չի կարգաւորւելու, այլ մտնելու է աւելի դժւար դիմակայութեան փուլ։ Այս ամէնի ուղղութեամբ առաջընթաց, ըստ իս, չի գրանցւում, քանի որ ստատուս-քւոն ձեռնտու է բոլորին։ Սա մի փոքր տարօրինակ է հնչում, բայց եկէք հասկանանք, որ ստատուս-քւոյի փոփոխութիւնը ցանկացած տեսքով, այդ թւում՝ ոչ բանակցային եւ բանակցային, ձեռնտու է լինելու կողմերից միայն մէկին, քանի որ բազային հարցերում բոլոր կողմերն էլ պէտք է զիջումներ անեն, որը չեն անի։ Իսկ Ռուսաստանն այստեղ միջնորդ է, եթէ կան ռուսական առաջարկներ, ապա դրանք քննարկւած եւ համաձայնեցւած են միւս միջնորդ երկրների հետ, եւ, կարծում եմ՝ սա այն դէպքն է, երբ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կը ցանկանան, որ թէկուզ ռուսական փաթեթով կարգաւորվի հակամարտութիւնը, իսկ այդ փաթեթը, բնականաբար, Ռուսաստանը օդից չի վերցրել, դրանք մինչ այժմ քննարկւած հարցեր են»,- ասաց Լուկիանովը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։