Հա

Քաղաքական

08/07/2020 - 08:25

«Ամերիկեան վարչակազմի քաղաքականութիւնը Մեծ Եղեռնի հարցում չի փոխւել»․ Սպիտակ տուն

Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականութիւնը Մեծ Եղեռնի հարցում փոփոխութեան չի ենթարկւել։ Այս մասին ըստ News.am-ի՝ «Ամերիկայի ձայն»-ին յայտարարել են Սպիտակ տնից եւ յաւելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործութիւն եւ ողբերգութիւն է, եւ ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

«alikonline.ir» - Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականութիւնը Մեծ Եղեռնի հարցում փոփոխութեան չի ենթարկւել։ Այս մասին ըստ News.am-ի՝ «Ամերիկայի ձայն»-ին յայտարարել են Սպիտակ տնից եւ յաւելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործութիւն եւ ողբերգութիւն է, եւ ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Դենւէր քաղաքի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրին Սպիտակ տան խօսնակ Քէյլի Մըքենանի անդրադարձը ակտիւօրէն քննարկւել է ամերիկեան մամուլում։

Երկուշաբթի Քէյլի Մըքենանն արտաբերել է «Հայոց Ցեղասպանութիւն» արտայայտութիւնը՝ անդրադառնալով ամերիկեան Դենւէր քաղաքում վանդալիզմի թիրախ դարձած Հայոց Ցեղասպանութեան յուշահամալրին: Այն յարձակման էր ենթարկւել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականութեան դէմ բողոքի ցոյցերի ընթացքում:

«Երբ պղծւում է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկութեան դէմ կատարւած բոլոր յանցագործութիւնների՝ այդ թւում ստրկութեան զոհերի յիշատակը, գործ ունենք գիտակցութեան եւ պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Սպիտակ տան մամուլի խօսնակը:

Աղբիւրը հիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերւում է ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւերից, որոնք անցած տարի ընդունել էին երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը: Վարչակազմը 1915 թւականի իրադարձութիւնները Օսմանեան կայսրութեան տարածքում խուսափում է որակել «ցեղասպանութիւն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրոյթը:

Թուրքիան արձագանքել է Սպիտակ տան մամուլի խօսնակի խօսքերին․ պաշտօնական Անկարան  լրատւամիջոցներին յայտնել է, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնօրէն յայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանութիւնը լրատւամիջոցներին յայտնել է, որ անընդունելի է որակում Հայոց Ցեղասպանութիւն եզրի օգտագործումը՝ կարծիք յայտնելով, որ մամուլի խօսնակի կողմից դրա կիրառումն իբր «լեզւի ցաւալի սայթաքման արդիւնք է, որը խնդրին տւել է այլ բովանդակութիւն»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանութիւնը, ֆէյսբուքեան իր գրառման մէջ մեկնաբանել է Դենւէրում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արած մեկնաբանութիւնն այս առիթով: ՀՀ դեսպանութիւնը շեշտել է նաեւ, որ Հայաստանը գնահատում է Միացեալ Նահանգների իշխանութիւնների պատշաճ ուշադրութիւնն այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպութիւնները եւս արձագանքել են մամուլի խօսնակի խօսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտութիւն է յայտնել վարչակազմին Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրը յիշատակելու համար, իսկ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանութիւնը կարող է առաջին քայլը հանդիսանալ դէպի Հայոց Ցեղասպանութեան ճանաչում ԱՄՆ-ի իշխանութիւնների բոլոր մարմինների կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։