Միացեալ Նահանգները խստօրէն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը:
«alikonline.ir» - Միացեալ Նահանգները խստօրէն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խօսնակ Մորգան Օրթագուսը:
«Կոչ ենք անում կողմերին անմիջապէս դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյութիւն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագայ սրացումից խուսափելու համար եւ խստօրէն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խօսնակը:
Հաղորդագրութեան համաձայն՝ ԱՄՆ-ը, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաւատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան երկարատեւ, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու յանձնառութեանը եւ շարունակում է ակտիւօրէն ներգրաււած լինել այդ նպատակին հասնելուն ուղղւած ջանքերում:
«Միացեալ Նահանգները միանում է առարկայական բանակցութիւնները որքան հնարաւոր է շուտ վերսկսելու վերաբերեալ Մինսկի խմբի համանախագահների կոչին եւ շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստաւոր լինելուն պէս տարածաշրջան վերադարձի կարեւորութիւնը»,- ընդգծել է Օրթագուսը: