Հա

Քաղաքական

20/07/2020 - 13:25

Ագրեսիւ եւ ռազմատենչ Ադրբեջանին ԱԳ նախարար պէտք չէ

Ռազմական հերթական սադրանից յետոյ, աւելի շուտ ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի զարմանս շատերի, հրապարակային կշտամբանքից յետոյ աշխատանքից հեռացրեց երկարամեայ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովին։ Ճիշտ է, նրա շուրջ օղակը սեղմւում էր մի քանի ամիս, բայց անակնկալ էր, որ պաշտօնաթողութիւնը վրայ կը հասնի հէնց այդ ժամին, հէնց այդպիսի նսեմացնող ձեւով։

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Ռազմական հերթական սադրանից յետոյ, աւելի շուտ ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի զարմանս շատերի, հրապարակային կշտամբանքից յետոյ աշխատանքից հեռացրեց երկարամեայ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովին։ Ճիշտ է, նրա շուրջ օղակը սեղմւում էր մի քանի ամիս, բայց անակնկալ էր, որ պաշտօնաթողութիւնը վրայ կը հասնի հէնց այդ ժամին, հէնց այդպիսի նսեմացնող ձեւով։

Յուլիսեան մարտերում Ադրբեջանի ռազմական ձախողումը կրկին ի ցոյց բերեց Ալիեւի վարած արտաքին քաղաքականութեան սնանկութիւնը՝ մեծ վնաս հասցնելով նաեւ երկրի ու հէնց Ալիեւի կերպարին։ Արտաքին գործերի նախարարին հեռացնելով` փորձ արւեց պարտութեան դառը ծանրութիւնը հեռացնել բանակից, որի վարկը կտրուկ անկում էր ապրում գեներալի մահւան, դիրքի, թանկարժւք ԱԹՍ-ների կորստեան եւ վերջապէս ՈՒԱԶ-ի անիմաստ մանեւրի արդիւնքում։
Ուժի կիրառումն այս անգամ Ալիեւը փորձում էր արդարացնել անպտուղ բանակցութիւններով։ Պատահական չէ, որ նա այդ մասին հրապարակային նշեց կառավարութեան նիստում, որտեղ փորձում էին «գտնել Մամեդեարովին»։

Բանն այն է, որ Ալիեւը դժգոհում է, որ փորձեր են արւել COVID-ի հետ կապւած համաձայնութիւններ ձեռք բերել Հայաստանի ու Արցախի հետ։ Սա ցոյց է տալիս Ալիեւի հակամարդկային կերպարը։

Երբ համաշխարհային հանրութիւնը ջանքեր էր թափում հաստատելու գլոբալ զինադադար՝ համավարակի դէմ արդիւնաւէտ պայքարելու համար, Ադրբեջանի նախագահը նոյն այդ մոտիւացիայով կշտամբում ու նսեմացնում է իր դիւանագիտական ծառայութեանը։

Ակնյայտ է, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի առաւելապաշտական, ոչ ճկուն, ոչ մարդակենտրոն մօտեցումը, որը վերածւել է ամէն գնով տարածքներ վերադարձնելու մոլուցքի, այն հիմնական պատճառն է, որ բանակցութիւններում առաջընթաց չի լինում, ինչն էլ յանգեցնում է ուժային բռնկումների։

Ակնյայտ է նաեւ, որ Ալիեւների կլանն առաջնային խնդիր ունի իշխանութիւնը երկարացնելու ու լեգիտիմացնելու։ Եւ այդ գործընթացում հանրային աջակցութիւն ապահովելու համար առանցքային դերակատարութիւն ունի հակահայկականութիւնն ու Ղարաբաղի վերադարձի նարատիւը։

Եւ երբ շատ միջազգային փորձագէտների մօտ հարց է առաջանում, թէ ինչու հիմա, եւ ինչու Տաւուշում, ապա հայեացքները պէտք է ուղղել Բաքու, որը վերջին շրջանում հակամարտութիւնը «տաք» պահելու եւ ստատուս-քւոյի անկայունութիւնը ցոյց տալու համար շարունակաբար ընդլայնում է սադրանքների աշխարհագրութիւնը՝ ներառելով նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ մէկ Նախիջեւանի, մէկ Տաւուշի ուղղութեամբ։

Ադրեջանի ռազմավարութիւնը չի փոխւել․ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ուղեկցող հարկադրական դիւանագիտութեան միջոցով ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների։ Նման «վտանգաւոր լարախաղացութեան» արդիւնքում էլ լինում են սրացումներ՝ Ադրբեջանի համար առանց որեւէ արդիւնքների, ինչպէս եղաւ 2016 թ․-ի ապրիլին, այնպէս էլ 2020 թ․-ի յուլիսին։

Հակահայկական այդ ատելութիւնը, Ալիեւի անհեթեթ պատմական յաւակնութիւնները եւ ամբարտաւան վստահութիւնը սեփական ճշմարտացիութեան մէջ՝ անխուսափելիօրէն բերելու էին այնպիսի իրավիճակի, երբ ադրբեջանական իշխանութիւնները կորցնելու էին կապն իրականութեան հետ, ինչի դրսեւորումն էր ադրբեջանական իշխանութիւնների պաթետիկ, խղճալի սպառնալիքները՝ հրթիռակոծելու հայկական ատոմակայանը։

Սա ոչ միայն ահաբեկչական յանցագործութիւն է, այլ նաեւ ցոյց է տալիս, որ այդ երկիրը դուրս է միջազգային հանրութիւնից եւ չի կիսում պետութիւնների միջեւ փոխգործակցութիւնը կարգաւորող հիմնարար սկզբունքներն ու արժէքները։

Այս ամէնում Ադրբեջանին արերկբայօրէն աջակցում է միջազգային հանրութեան եւ տարածաշրջանային անվտանգութեան համար գլխացաւ դարձած մէկ այլ երկիր՝ Թուրքիան, որը դարձել է գրեթէ բոլոր հարեւան երկրների համար սպառնալիք։ Թուրքական բարձրագոյն իշխանութեան միանշանակ աջակցութիւնը Ադրբեջանի ռազմական նկրտումներին ցոյց է տալիս, թէ այդ երկիրը որքան անպատասխանատու է տարածաշրջանային անվտանգութեան նկատմամբ։ Թուրքիան այլեւս անկարող է եւ նոյնիսկ չի էլ ցանկանում թաքցնել իր իմպերիալիստական յաւակնութիւնները, որը խորապէս պէտք է մտահոգի ինչպէս գլոբալ, այնպէս էլ ռեգիոնալ անվտանգութեան պահպանմամբ հետաքրքրւած խաղացողներին։

Ադրբեջանական այս հերթական ագրեսիան էապէս ազդելու է խաղաղ գործընթացի վրայ, որն առանց այդ էլ դոփում է տեղում։ Ալիեւը շարունակում է խորացնել խզումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ՝ վստահութեան ամրապնդման ջանքերը փոխարինելով տարաբնոյթ թանկարժէք, բայց, ինչպէս դէպքերը ցոյց տւեցին, ոչ այդքան օգտակար սպառազինութեամբ։

Դիւանագիտական փորձի բացակայութեամբ արտաքին գործերի նախարարի նշանակումը վկայում է, որ Ալիեւը յոյսեր չի կապում բանակցութիւնների հետ եւ շարունակելու է շեշտը դնել ռազմական լուծման վրայ։ Միւս կողմից էլ թոյլ ԱԳ նախարարը նշանակելու է, որ արտաքին քաղաքականութիւնը բացառապէս մշակւելու է նախագահի աշխատակազմում եւ Ալիեւի ռազմական ֆանտազիաներն այլեւս ձերբազատւած են դիւանագիտական թէկուզեւ նւազ զսպումներից։

 

Panorama.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։