Հա

Քաղաքական

29/07/2020 - 09:55

«Պուտինի հետ հեռախօսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թոյլատրւած ճնշում գործադրել Հայաստանի վրայ, ինչը Ռուսաստանը կը հանդուրժի, ինչը՝ ոչ». Ալեքսանդր Կրիլով

Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող, ՌԴ Կովկասագէտների գիտական հանրութեան նախագահ Ալեքսանդր Կրիլովի խօսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բաւականին վտանգաւոր զարգացում է ապրում, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որոշել է զանգել եւ զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերեալ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող, ՌԴ Կովկասագէտների գիտական հանրութեան նախագահ Ալեքսանդր Կրիլովի խօսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բաւականին վտանգաւոր զարգացում է ապրում, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որոշել է զանգել եւ զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերեալ: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց՝ առաջիկայում Նախիջեւանում սպասւող թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններն աւելի են սրում իրավիճակը:

«Իհարկէ, Էրդողանի համար կարեւոր է հասկանալ, թէ որքան հեռու կարելի է գնալ Ռուսաստանի հետ կոնֆլիկտում, որքան է իրեն թոյլատրւած ճնշում գործադրել Հայաստանի վրայ, ինչը Ռուսաստանը կը հանդուրժի, ինչը՝ ոչ: Զանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ Պուտինի վերաբերմունքը այդ ամէնի նկատմամբ»,- ասաց նա:

Ըստ Ալեքսանդր Կրիլովի՝ Պուտինի վերաբերմունքը ծայրայեղ բացասական է: «Չեմ կարող ասել, թէ արդեօք Նախիջեւանում տեղի կունենան զօրավարժութիւններ, թէ՝ ոչ, բայց կարծում եմ՝ ամէն ինչ յստակ ասւել է՝ հաշւի առնելով հայ-ադրբեջանական ջարդերը, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհով»,- ասաց նա՝ նկատելով, որ ակնյայտ է, որ նման բախումները ոչ թէ ազգային հողի վրայ ատելութեան դրսեւորումներ են, այլ՝ սադրանքներ, որոնք միտում ունեն մաքսիմալ կերպով սրելու յարաբերութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ «Կարծում եմ՝ այդ թեման եւս քննարկւել է»:

Յիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութիւնը: Երկու երկրների նախագահների զրոյցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնութեամբ։

Ալեսքսանդր Կրիլովի խօսքով՝ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ յարաբերութիւնները եւս կարեւոր են: «Կայ Մոնտրյոյի կոնւենցիա, եւ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Թուրքիան ունեն միեւնոյն շահերը, այն է՝ Սեւ ծովը չվերածւի ոչ տարածաշրջանային պետութիւնների ազդեցութեան գօտի: Միացեալ Նահանգները պատրաստ է ապակայունացնել իրավիճակը որտեղ որ հնարաւոր է, առաւել եւս Սեւ ծովում, իսկ սա թոյլ չտալու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են: Այո, հնարաւոր է` Կովկասում Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքականութիւնը տարբեր են, բայց այս հարցում նրանց շահերը համընկնում են»,- ասաց նա:

Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ այն կարծիքները, թէ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր յարաբերութիւնները լաւացնելու է, համագործակցելու՝ ի հաշիւ Հայաստանի շահերի, արհեստական են, պրոպագանդիստական բնոյթ են կրում:

«Ռուսաստանն իր շահերը չի կառուցում՝ զոհաբերելով ուրիշի շահերը: Եւ Հայաստանն էլ իր համար շատ կարեւոր է Հարաւային Կովկասում: Յայտարարութիւնները, թէ Ռուսաստանը Հայաստանին կարող փոխարինել Թուրքիայով կամ Ադրբեջանով, ասացի՝ պրոպագանդիստական են, այն մարդկանց համար, որոնք նման վախեր ունեն: Բայց նման բան չկայ»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ անկախ նրանից, որ արդէն չորս իշխանութիւն է փոխւել, ամէն անգամ յարաբերութիւնները որպէս գործընկերային են դիրքաւորւել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Պատասխանելով դիտարկմանը, թէ արդեօք Հայաստանը խնդիր չունի զգուշանալու Թուրքիայի գործողութիւններից՝ Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ իրավիճակն իսկապէս սրւում է, եւ դա տեղի է ունենում Նախիջանում թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների ֆոնին:

«Բացի այդ՝ կայ նաեւ Լիբիայում, Սիրիայում, Ուկրայինայում Ադրբեջանի համար վարձկանների հաւաքագրում: Ակնյայտ է, որ պատրաստւում են ինչ-որ ռազմական գործողութեան ղարաբաղեան սահմանին կամ էլ Հայաստանի հետ ամբողջ սահմանի երկայնքով: Այստեղ սադրանքները բացառւած չեն, բայց մեծամասշտաբ ռազմական գործողութիւնները քիչ հաւանական են յատկապէս միջազգայնօրէն ընդունւած հայ-ադրբեջանական սահմանում. ՀԱՊԿ-ը անմիջապէս գործի կանցնի, քանի որ կառոյցի, Ռուսաստանի՝ Հայաստանը պաշտպանելու պարտաւորութիւնները ուժի մէջ են մտնելու»,- ասաց նա՝ նկատելով, որ Ղարաբաղում արդէն իրավիճակն աւելի վտանգւած է, քանի որ այնտեղ նման երաշխիքներ չեն գործում:

Անդրադառնալով նրան, որ շատ է խօսւում այն մասին, թէ հայ-ռուսական յարաբերութիւններում խնդիրներ կան, Ռուսաստանը ՀՀ նոր իշխանութիւններին չի վստահում, եւ այդ խնդիրները նկատելի դարձան վերջին շրջանում, երբ Ռուսաստանը այդպէս էլ ակտիւութիւն չդրսեւորեց, երբ հայ-ադրբեջնական սահմանում լարվւածութիւն էր, Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ վատ է, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն իրենց արտացոլումն են ունենում երկու երկրների յարաբերութիւնների վրայ:

«Իրականում յարաբերութիւնները զարգանում են բաւականին կառուցողական կերպով: Հայաստանի սակրաւորներն աշխատում են Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցութեամբ, եւ դա քայլ է, որին ՀԱՊԿ-ից ոչ մի երկիր չգնաց: Իհարկէ, կան խնդիրներ երկու երկրների յարաբերութիւններում, եւ դա նորմալ է, բայց վատ է, որ Հայատսանի ներքաղաքական իրավիճակը ազդում է երկու երկրների յարաբերութիւնների վրայ»,- ասաց նա:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։