ԱՄՆ-ում TikTok-ի գլխաւոր մենեջեր Վանեսա Պապպասը շնորհակալութիւն է յայտնել ամերիկացի օգտատէրերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնից յետոյ սոցցանցին աջակցելու համար եւ յայտարարել է, որ ընկերութիւնը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում:
«alikonline.ir» - ԱՄՆ-ում TikTok-ի գլխաւոր մենեջեր Վանեսա Պապպասը շնորհակալութիւն է յայտնել ամերիկացի օգտատէրերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնից յետոյ սոցցանցին աջակցելու համար եւ յայտարարել է, որ ընկերութիւնը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում: Գրում է Tert.am-ը:
«Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել միլիոնաւոր ամերիկացիների, որոնք ամէն օր օգտւում են TikTok-ից՝ ուրախութիւն բերելով մեր առօրեայ կեանք: Մենք աջակցութեան բազմաթիւ խօսքեր ենք լսել եւ ցանկանում ենք ասել շնորհակալութիւն: Մենք մտադիր չենք ոչ մի տեղ հեռանալ… Մենք այստեղ ենք երկար ժամանակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապպասը թւիթերեան տեսաուղերձում:
Նրա խօսքով՝ 100 մլն ամերիկացիներ օգտագործում են TikTok-ը որպէս ժամանցի եւ կապի միջոց, յատկապէս համավարակի ընթացքում:
Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աւելի վաղ յայտարարել էր, որ նախատեսում է արգելել TikTok յաւելւածի օգտագործումն ԱՄՆ-ում:
Աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն եւս յայտարարել էր, որ յաւելւածը կարող է արգելւել երկրում այլ չինական սոցցանցերի հետ միասին: Որպէս պատճառաբանութիւն վերջինս նշել էր, որ այդ ընկերութիւնները կարող են մասնաւոր բնոյթի տեղեկութիւն հաղորդել Չինաստանի իշխանութիւններին: