Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչութեան կազմակերպիչ Ջոխար Ցարնաեւի մահապատժի վճիռը չեղարկելու որոշմանը, յայտարարել է, որ դաշնային կառավարութիւնը պէտք է եւս մէկ անգամ նրան մահապատժի դատապարտի:
«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչութեան կազմակերպիչ Ջոխար Ցարնաեւի մահապատժի վճիռը չեղարկելու որոշմանը, յայտարարել է, որ դաշնային կառավարութիւնը պէտք է եւս մէկ անգամ նրան մահապատժի դատապարտի:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է Daily Mail-ը, նախագահն այս մասին գրել է իր թւիթերեան էջում:
«Հազւադէպ է պատահում, որ որեւէ մէկը Բոստոնի մարաթոնի ահաբեկչից՝ Ջոխար Ցարնաեւից, աւելի շատ մահապատժի արժանի լինի: Դատարանն ընդունել էր, որ կատարւածը սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնից յետոյ ամենասարսափելի ներքին ահաբեկչական յարձակումներից մէկն է: Մինչդեռ վերաքննիչ դատարանը չեղարկում է մահապատիժը»,- գրել է ԱՄՆ նախագահն՝ ընդգծելով, որ Ցարնաեւի գործողությունների հետեւանքով այնքան մարդկային կորուստներ են եղել ու կեանքեր կործանւել:
Թրամփի համոզմամբ՝ դաշնային կառավարութիւնը պէտք է կրկին մահապատիժ սահմանի ահաբեկչի համար:
Յիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը չեղարկել է Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչութեան կազմակերպիչ Ջոխար Ցարնաեւի մահապատժի վճիռը: Դատավճռի համապատասխան՝ Ցարնաեւը կարդարացւի մեղադրական եզրակացութեան երեք կէտով, չեղարկւել են նաեւ մահապատժի կէտերը: Այժմ դաշնային դատաւորը պէտք է որոշի՝ ինչ պատիժ սահմանել Ցարնաեւի համար:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով մահապատժի վճռի չեղարկումը, յայտարարել է, որ դա ուղղակի անհեթեթութիւն է: Բացի այդ, Թրամփը Ցարնաեւին «մարդասպան գազան» է անւանել:
2013 թւականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթիւն է հնչել, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհւել եւ 280-ից աւելի մարդ վիրաւորւել: Ահաբեկչութեան կազմակերպիչներն ու իրագործողները Ցարնաեւ եղբայրներն են, որոնցից աւագը՝ Թամերլան Ցարնաեւը, ոստիկանութեան յատուկ գործողութիւնների ժամանակ մահացել է: