Հա

Քաղաքական

04/08/2020 - 11:50

«Պատւաստանիւթերի մրցավազք»․ ինչո՞ւ է Արեւմուտքը մեղադրում Ռուսաստանին

Երբ կորոնավիրուսի համավարակը բառացիօրէն ծնկի իջեցրեց համաշխարհային տնտեսութիւնը, քաղաքական ու լրատւական դաշտում ի յայտ եկաւ միջազգային մրցակցութեան նոր ժանր՝ «պատւաստանիւթերի մրցավազք»։ Հէնց այս մասին է պատմում «ՌԻԱ Նովոստի»-ի սիւնակագիր Իւան Դանիլովի նիւթը։

«alikonline.ir» - Երբ կորոնավիրուսի համավարակը բառացիօրէն ծնկի իջեցրեց համաշխարհային տնտեսութիւնը, քաղաքական ու լրատւական դաշտում ի յայտ եկաւ միջազգային մրցակցութեան նոր ժանր՝ «պատւաստանիւթերի մրցավազք»։ Հէնց այս մասին է պատմում «ՌԻԱ Նովոստի»-ի սիւնակագիր Իւան Դանիլովի նիւթը։ Գրում է Sputnik Արմենիան:

Պատւաստանիւթերի մրցավազքում յաղթանակը ոչ միայն քաղաքական, այլեւ սկզբունքային հարց է՝ արեւմտեան հասարակութեան համար սեփական «ես»-ի նկատմամբ յարգանքը պահպանելու տեսանկիւնից։

Եւրոպական հումանիզմի լաւագոյն աւանդոյթներով (ինչը ժամանակակից աշխարհում հիմնականում նշանակում է ոչ թէ եւրոպացի կամ ամերիկացի, այլ խորհրդային կամ ռուսական կրթութիւն ունեցող մարդ) դաստիարակւած մարդու համար բաւական դժւար է հասկանալ «պատւաստանիւթերի մրցավազքի» ժամանակակից մոլուցքը։ Սակայն դա կարելի է փորձել բացատրել քաղաքական կամ կոմերցիոն PR-ի տեսանկիւնից։

PR տիրոյթում հաւաքական Արեւմուտքը, աւելի կոնկրետ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, մի քանի լուրջ «կորոնավիրուսային վնասւածք» են ստացել։ Նախեւառաջ, հեռաւոր Չինաստանին յաջողւեց ճնշել համավարակը․ Չինաստանն աւելի շուտ գիտակցեց խնդիրն ու արդիւնաւէտ կերպով սահմանափակեց տնտեսական վնասը։ Այդ ֆոնին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, նաեւ Եւրոմիութեան որոշ երկրներ այնքան էլ ոգեշնչւած չեն։

Հաւաքական Արեւմուտքի ինքնագնահատականին ակամայ վնաս հասցրեց Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուսից մահացութեան մակարդակը զգալի ցածր է․ զանգւածային թեստաւորում կազմակերպւեց, ինչն առաջ բերեց արեւմտեան լրատւամիջոցների վրդովմունքը։ Ռուսաստանին սկսեցին մեղադրել վիճակագրութիւնը կեղծելու մէջ, թէեւ ակնյայտ էր, որ Նիւ Եօրքում համաճարակի զոհ դարձածների դիակները պահում էին փողոցներում նախատեսւած յատուկ սառնարաններում, ինչն արդէն իսկ բաւարար է բժշկական ու պետական կառավարման որակի տարբերութիւնը գնահատելու համար։

Այդ ֆոնին, անկախ պահանջւող ծախսերից ու հնարաւոր ռիսկերից, հաւաքական Արեւմուտքի (նաեւ որոշ յաւակնոտ արեւմտեան քաղաքական գործիչների համար) պատւաստման արտադրութեան հարցում առաջինը լինելու հարցը կենսական անհրաժեշտութիւն է դառնում, քանի որ անհրաժեշտ է ցոյց տալ, որ, օրինակ, ԱՄՆ-ն «դեռ առաջինն է աշխարհում»։

Միաժամանակ ամերիկեան ԶԼՄ-ներն ընթերցելիս տարօրինակ տպաւորութիւն է ստեղծւում՝ կախւած այն հանգամանքից, թէ ում է պատկանում այս կամ այն պարբերականը, արդեօ՞ք դրա սեփականատէրը Դոնալդ Թրամփի կողմնակիցն է, թէ ոչ։ Խմբագրութիւնները «երկրպագում» են կա՛մ պատւաստանիւթի մշակմամբ զբաղւող ամերիկեան ընկերութիւններին, կա՛մ գերմանական, բրիտանական ու նոյնիսկ հնդկական ընկերութիւններին ու համալսարաններին այն հաշւարկով, որ «պատւաստանիւթի մրցավազքում» յաղթի «ճշմարտութիւնը», որ «Թրամփի անիծեալ ռեժիմը» չկարողանայ դրանից քաղաքական բոնուսներ ստանալ։

Մակրոմակարդակում էլ նման հակամարտութիւն կայ․ ՆԱՏՕ-ի կամ G7 գործընկերների հետ ջանքերը համաձայնեցնելու փոխարէն՝ Վաշինգտոնը, յամենայնդէպս, որոշ գերմանական լրատւամիջոցների գնահատմամբ, փորձում է «խլել» ու Գերմանիայից ԱՄՆ տեղափոխել հեռանկարային կենսատեխնոլոգիական ընկերութիւնը, որը կարեւոր հակհամաճարակային մշակումներ ունի։

Այս համատեքստում տրամաբանական է, որ ցանկացած հաղորդագրութիւն, որ Ռուսաստանը կամ Չինաստանը մօտ են կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի ստեղծմանն ու զանգւածային կիրառմանը, արեւմտեան լրատւական դաշտում ալերգիկ ռեակցիայի, նոյնիսկ անաֆիլակտիկ շոկի զգացողութիւն է առաջացնում։

Իհարկէ, կարելի է ենթադրել, որ ամերիկեան առողջապահական ոլորտի պաշտօնեաներն իսկապէս առաջնորդւում են միայն մասնագիտական նկատառումներով, սակայն հաշւի առնելով վերոյիշեալը, լուրջ կասկածներ կան իրադարձութիւններին քաղաքական երանգ հաղորդելու վերաբերեալ։ Որպէս օրինակ կարելի է նշել ԱՄՆ գլխաւոր վարակաբանի՝ The Wall Street Journal-ում հրապարակւած կարծիքը, ինչը նրա արձագանքն է Ռուսաստանում արդէն այս աշնանը ծրագրւող բուժաշխատողների զանգւածային պատւաստման, ինչպէս նաեւ չինական պատւաստանիւթերի հնարաւոր բարեյաջող փորձարկումների մասին լուրերին։

Կոնգրեսի COVID-19-ի ենթակոմիտէի լսումների ժամանակ բժիշկ Էնտոնի Ֆուչին, որը ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիւանդութիւնների գլխաւոր մասնագէտն է, յայտնել է, որ ամենայն հաւանականութեամբ ԱՄՆ-ն չի օգտագործի Չինաստանում կամ Ռուսաստանում մշակւած պատւաստանիւթերը։

«Ես իսկապէս յոյս ունեմ, որ չինացիներն ու ռուսները իրականում թեստաւորում են պատւաստանիւթը՝ որեւէ մէկին ներարկում անելուց առաջ։ Մինչեւ թեստաւորում անցկացնելը պնդել, թէ պատւաստանիւթը պատրաստ է կիրառման, իմ կարծիքով, առնւազն խնդրայարոյց է»,- ասել է նա։

Բժիշկ Ֆաուչին յոյս է յայտնել, որ ԱՄՆ-ն մինչեւ տարեվերջ պատւաստանիւթ կը ստանայ։

Ելնելով տարբեր երկրներում հնարաւոր պատւաստանիւթերի համեմատական վերլուծութիւնից, որը ներկայացնում է Bloomberg գործակալութիւնը, Ֆուչին յոյսը դրել է Moderna ամերիկեան ընկերութեան պատւաստանիւթի վրայ։

Յատկանշական է, որ Bloomberg-ի ցանկում ռուսական մշակումները չկան (յամենայնդէպս՝ այդպէս էր յօդւածը գրելու պահին), ինչը կարող է արեւմտեան ընթերցողի մօտ սխալ տպաւորութիւն գործել ու այնպիսի կարծիք ստեղծել, որ ռուսական պատւաստանիւթը «օդից է յայտնւել»։

Արդէն իսկ կարելի է ենթադրել՝ ինչպէս է շարունակւելու «պատւաստանիւթերի մրցավազքը»․ ռուսական ու չինական պատւաստանիւթերը կը յայտարարւեն վտանգաւոր՝ ուղեկցւելով կեղծ լուրերի արտանետումներով։

Առաւել կասկածամիտ արեւմտեան լսարանի համար առաջ կը մղւի այն թեզը, որ նոյնիսկ, եթէ պատւաստանիւթերն «աշխատում» են, ապա դրանք ստացւել են չինացի, իրանցի ու ռուս հաքերների գողացած տւեալների հիման վրայ, ընդ որում՝ հանրութեանն արդէն պատրաստել են նման կարծիքի համար։ Իսկ վերջում Ռուսաստանին ու Չինաստանին կը մեղադրեն «պատւաստանիւթային ազգայնականութեան» ու համաճարակի դէմ պայքարը միջազգային մրցումի վերածելու մէջ։ Զուգահեռաբար առաջ կը տարւի Արեւմուտքում սեփական պատւաստանիւթը ստեղծելու թեզը՝ այդ կարեւոր հարցում Պեկինից կամ Մոսկւայից կախւածութիւն չունենալու համար։

Բանն այն է, որ այս «վերահսկելի նահանջի» (արդէն կասկած չկայ, որ դա նահանջ է անողոք իրականութեան առջեւ) իւրաքանչիւր փուլում արեւմտեան մեդիամեքենան կը կորցնի իր լսարանի նորանոր սեգմենտներին։ Իսկ այդ ամէնը կաւարտւի ռուսական ու չինական ապատեղեկատւութեան դէմ պայքարելու անհրաժեշտութեան մասին հերթական համաժողովներով ու ամերիկեան եւ եւրոպական պրոֆիլային կառոյցների՝ նախկին իմիջային վեհութիւնը վերականգնելու համար բիւջէ տրամադրելու պահանջով։

Սակայն լսարանի վստահութիւնը հեշտ է կորցնել, եւ այն դանդաղ է վերականգնւում, ընդ որում՝ կորոնավիրուսը կարագացնի հասարակութեան վստահութեան դեգրադացիայի ընթացքը, որն առանց այդ էլ առկայ էր արեւմտեան աշխարհում։ Իսկ Ռուսաստանը, Չինաստանն ու միւս «շարքային մեղաւորները», որոնց սիրում են մեղադրել արեւմտեան լրատւամիջոցները, իրականում այս խնդրի հետ որեւէ կապ չունեն, ու մեր արեւմտեան գործընկերները տառապելու են «պատւաստանիւթային ազգայնականութիւնից» սեփական մեղքով ու, հաւանաբար, հպարտ միայնութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։