Հա

Քաղաքական

04/08/2020 - 13:30

«Թուրքիան ձգտում է լարւածութիւնը պահել հարաւկովկասեան ուղղութեամբ՝ փորձելով դիմակայութեան մեջ ներքաշել Մոսկւային»․ Կարէն Վերանեանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների նպատակների մասին

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով՝ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամէն կերպ այս օրերին անցկացւող համատեղ զօրավարժութիւնները ներկայացնել որպէս աննախադէպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զօրավարժանքներում որեւէ նախադէպային տարր չկար, նման ծաւալի կամ խորութեան համատեղ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ առաջին անգամ չեն ընթանում։

«alikonline.ir» - Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով՝ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամէն կերպ այս օրերին անցկացւող համատեղ զօրավարժութիւնները ներկայացնել որպէս աննախադէպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զօրավարժանքներում որեւէ նախադէպային տարր չկար, նման ծաւալի կամ խորութեան համատեղ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ առաջին անգամ չեն ընթանում։

«Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատւական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ, ինչպէս նաեւ վախի ու լարւածութեան մթնոլորտ ստեղծել մեր հանրութեան շրջանում»,- ասում է նա:

 

- Պարոն Վերանեան, այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններ, որոնք յաջորդում են Տաւուշի սահմանին յուլիսեան լարւածութեանը: Դատելով այս օրերին իրականացւող զօրավարժութիւնների բնոյթից եւ երկու երկրների հռետորիկայից՝ ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

- Նախ կցանկանայի ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամէն կերպ այդ համատեղ զօրավարժութիւնները ներկայացնել որպէս աննախադէպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զօրավարժանքներում որեւէ նախադէպային տարր չկար, նման ծաւալի կամ խորութեան համատեղ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ առաջին անգամ չեն ընթանում։ Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատւական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ, ինչպէս նաեւ վախի ու լարւածութեան մթնոլորտ ստեղծել մեր հանրութեան շրջանում։ Քարոզչական հնարքներից մէկն այն տեսանիւթի հրապարակումն էր, որտեղ թուրքական ռազմական տեխնիկան մուտք էր գործում Նախիջեւան։ Այդ տեսանիւթը շատ արագ սկսեց տարածւել մեր մեդիա տիրոյթում ու սոցցանցերում՝ «Թուրքիան մտնում է Նախիջեւան», «Թուրքիան յարձակւելու է Հայաստանի վրայ» եւ այլ նման անհիմն խորագրերով հրապարակումներով։ Կը ցանկանայի նշել, որ մեր հանրութիւնը նման իրավիճակներում չպէտք է առաջնորդւի զգացմունքայնութեամբ եւ դառնայ հակառակորդի ապատեղեկատւութեան զոհը։

Նշեմ, որ թուրքական արտադրութեան ռազմական տեխնիկա ու սպառազինութիւն տարիներ շարունակ մատակարարւում է Նախիջեւան։ Գաղտնիք չէ, որ դրանց զգալի մասը յարձակողական բնոյթի է, այս ամէնը նորութիւն չէ մեզ համար․ հայկական կողմը ոչ միայն հետեւում է Նախիջեւանի ռազմականացման գործընթացին, այլեւ անհրաժեշտ պրագմատիկ քայլեր ձեռնարկում այդ մարտահրաւէրների զսպման, հակազդման ու չէզոքացման ուղղութեամբ։

Անհրաժեշտ է նկատել, որ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններով Անկարան եւ Բաքուն հետապնդում են մի քանի նպատակ՝ միասին վերցրած ու առանձնացւած շահերով։ Առաջին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, բացայայտ տապալելով ռազմական գործողութիւնները, փորձում է «յաջողութեան» կամ «յաղթանակի» իմիտացիա ստեղծել, որպէսզի կարողանայ արդարանալու հիմքեր ունենալ իր հանրութեան առաջ՝ յուլիսեան ռազմական գործողութիւնների տապալման համար։ Երկրորդ՝ յաջորդելով յուլիսեան լարւածութեան ընթացքում տեղի ունեցած հայ-ռուսական զօրավարժանքներին՝ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները միտւած են ցոյց տալ Թուրքիայի պատասխան քայլը։ Առհասարակ, յուլիսեան ռազմական գործողութիւնները շատ աւելի խորքային էին, քան զուտ հայ-ադրբեջանական դիմակայութիւնը։ Այն ներառում էր տարածաշրջանային շահեր, մասնաւորապէս Թուրքիա-Ռուսաստան շահերի դիմակայութիւնը։ Երրորդ՝ Թուրքիան ձգտում է լարւածութիւնը պահել հարաւկովկասեան ուղղութեամբ՝ փորձեր կատարելով դիմակայութեան մէջ ներքաշել Մոսկւային։ Չորրորդ, Թուրքիան Ադրբեջանին աջակցելու՝ իր հնչեցրած յայտարարութիւններին հաւատարիմ մնալու պատրւակով կարող է փորձել Ադրբեջանին հրահրել հերթական արկածախնդրութեան, ինչի հետեւանքով Բաքւի անյաջողութիւնները կը թուլացնեն երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան դիրքերը երկրի ներսում․ սա շահաւէտ է Անկարայի համար, քանի որ նման պարագայում Ադրբեջանը դառնում է առաւել վերահսկելի Թուրքիայի համար։

 

- Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան օրերին աննախադէպ ակտիւութիւն դրսեւորեց, Հայաստանի դէմ սպառնալիքները հնչում էին տարբեր պաշտօնեաների շուրթերից: Ի՞նչ էք կարծում` դրանք միայն հռետորաբանութեա՞ն մակարդակում էին, թէ՞ այնուամենայնիւ պատեհ առիթով կարող են վերածւել գործողութիւնների: Ի՞նչ սպասի Հայաստանը:

- Յուլիսեան ռազմական գործողութիւնների ընթացքում էլ առիթներ եղել են նշելու, որ Թուրքիան հիմքեր չունի Հայաստանի նկատմամբ ռազմական գործողութիւններ իրականացնելու․ չկան ինչպէս դրա ներքին, այնպէս էլ արտաքին՝ տարածաշրջանային նախադրեալները։ Չեմ կարծում, որ Անկարան, յանուն Ադրբեջանի ու վերջինիս շահերի, ցանկութիւն ունենայ ներքաշւել հերթական տարածաշրջանային միջնորդաւրւած պատերազմում, այն էլ՝ Ռուսաստանի ազգային շահերի համար կենսական նշանակութիւն ունեցող յետխորհրդային տարածքում եւ այն էլ՝ փխրուն կայունութեամբ ու ռիսկային տարածաշրջանում։ Կարծում եմ` Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների հակահայկական ագրեսիւ յայտարարութիւններն առաջին հերթին ուղղւած էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ անձամբ Ալիեւին՝ Անկարայի համերաշխութիւնն Ադրբեջանին յայտնելու նպատակով։ Միւս կողմից, չեմ բացառում, որ Անկարան նման յայտարարութիւններով ձգտում է սիրաշահել Ալիեւին ու դրդել նրան հերթական արկածախնդրութեան՝ Ադրբեջանի ներքաղաքական, ռազմաքաղաքական ու հանրային ուղղութիւններով իր դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի, ոչ միայն սխալ է կարծել, որ Անկարայի ու Բաքւի շահերը ամբողջութեամբ համընկնում են, այլեւ որոշ դէպքերում Թուրքիան ձգտում է դուրս գալ Հայաստանի կամ արցախեան ուղղութեամբ գործընթացներում Ադրբեջանի նկատմամբ իր մեծ եղբոր ստանձնած պարտաւորւածութեան ճնշող սահմաններից։

Այսինքն, խորքային անկայունութեան կամ աւելի լայն ռազմական գործողութիւնների չպէտք է սպասել ոչ Բաքւի, եւ ոչ էլ առաւել եւս Անկարայի անուղղակի մասնակցութեամբ։ Թուրքիան աւելի շուտ շարժւում է այն տրամաբանութեամբ, որ սպառնալիք հնչեցնելն աւելի արդիւնաւէտ է, քան բուն սպառնալիքի գործադրումը։

 

- Ի պատասխան Թուրքիայի ակտիւութեան՝ Հայաստանն այս ընթացքում պարբերաբար հանդէս է գալիս քննադատութիւններով: Արդեօք միայն քննադատութիւնները բաւարար են եւ համոզիչ արտաքին աշխարհի համար՝ Հայաստանին այս հարցում օժանդակելու գործընթացում:

- Այնքան էլ համամիտ չեմ այդ ձեւակերպման հետ, թէ հայկական կողմը հանդէս է գալիս Թուրքիային հասցէագրւած քննադատութիւններով։ Իրականում այս օրերին հայկական կողմը մեծ ծաւալի քաղաքական, դիւանագիտական, իրաւական ու տեղեկատւական աշխատանքներ է իրականացնում, որոնք միջազգային հանրութեանը ցոյց են տալիս Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումն ու քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ։ Այդ աշխատանքներում յստակ ուրւագծւում է այն իրողութիւնը, որ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան համար։ Ձեր ուշադրութիւնն եմ ցանկանում հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ յայտարարութիւնների հնչեցումն առհասարակ ինքնանպատակ չէ․ յայտարարութիւնների հնչեցմանը նախորդում ու յաջորդում են համապատասխան գործողութիւններ ու գործընթացներ, որոնց բովանդակութիւնն ու խորքայնութիւնն արդէն ամփոփւում է յայտարարութեան տեսքով։ Եւ Թուրքիայի զսպման, հակազդման՝ հայկական կողմի քայլերը real politics-ում ամենեւին էլ չեն սահմանափակւում մեր տարածաշրջանով, այլ ուղղակի կամ անուղղակի ընդգրկում են համագործակցային երկկողմանի ու բազմակողմանի ձեւաչափեր՝ աշխարհագրորեն ընդգրկելով Մերձաւոր Արեւելքը, Արեւելեան Միջերկրածովն ընդհուպ մինչեւ Հիւսիսային Աֆրիկա եւ այլն։ Կարծում եմ`հայկական կողմի արտաքին արձագանքման գործողութիւններն արդիւնաւէտ են, օպերատիւ, նախայարձակ ու թիրախային։

 

- Շատերը ակնարկում են, որ թուրքական ազդեցութեան մեծացումը Հարաւային Կովկասում հարւած է Ռուսաստանին եւ Իրանին: Այս երկրները, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող են խաղալ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիւ ձգտումները զսպելու համար, եւ արդեօք անհրաժեշտութեան պարագայում ժամանակ եւ ռեսուրս կը ծախսե՞ն դրա համար:

- Առհասարակ, Էրդողանի նէոօսմանեան յաւակնութիւնները լրջօրէն մտահոգում են աշխարհի տարբեր ազդեցիկ խաղացողներին, դրանք չեն կարող չմտահոգել նաեւ Թեհրանին ու Մոսկւային․ առաւել եւս, երբ խօսքը գնում է հարաւկովկասեան տարածաշրջանի մասին, որը գտնւում է Ռուսաստանի ու Իրանի անմիջական շահերի ազդեցութեան գօտում։ Յուլիսեան լարւածութեան ընթացքում Թուրքիայի ապակառուցողական գործելաոճը նոյնպէս գտնւում է Ռուսաստանի ու Իրանի ուշադրութեան կենտրոնում, եւ կողմերից որեւէ մէկը չի պատրաստւում զիջել իր դիրքերը տարածաշրջանում՝ ի հաշիւ Անկարայի։ Ռուսաստանն արդէն յստակօրէն ցոյց տւեց տարածաշրջանի կարեւորութիւնը՝ հայկական կողմի հետ անցկացնելով խոշոր զօրավարժութիւններ։ Թեհրանը թէեւ սահմանափակւեց հաւասարակշռւած յայտարարութիւններով, սակայն real politics-ում յստակ է դիրքաւորւում տարածաշրջանում Թուրքիա-Ռուսաստան-Իրան շահերի առանցքում։ Կը ցանկանայի նշել, որ մեր տարածաշրջանում շահերի միջեւ ձեւաւորւած ուժային հաւասարակշռութիւնը, եւ այդ հաւասարակշռութեան ստատուս քւոն շարունակում է պահպանւել, եւ չկան նախադրեալներ, որոնք կարող են խախտել այդ փխրուն հաւասարակշռութիւնը։

 

- Այս օրերին նաեւ խօսք է գնում այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ կամ համագործակցել հակաթուրքական դաշինքների հետ: Նշւում է, որ յաջողւած է Հայաստան-Յունաստան-Կիպրոս հակաթուրքական դաշինքը: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այն, որքանո՞վ է հնարաւոր Հայաստանի՝ այլ դաշինքների հետ համագործակցելը: Դա ի՞նչ արդիւնք կարող է տալ:

- Բազմիցս խօսւել է այն մասին, որ Թուրքիայի ապակայունացնող նկրտումները լրջօրէն մտահոգում են տարածաշրջանի հիմնական խաղացողներին։ Անկարայի յաւակնութիւնները զսպելու նպատակով ձեւաւորւում են նոր դաշինքներ կամ առանցքներ։ Մասնաւորապէս՝ շատ է խօսւել Իսրայէլ-Յունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքի մասին, որը ԱՄՆ քաղաքական հովանու ներքոյ է, եւ անւանում են հակաթուրքական դաշինք։ Վերջերս տարածաշրջանային խոշոր խաղացողներից մէկը՝ Եգիպտոսը նոյնպէս հանդէս եկաւ հակաթուրքական դաշինք ձեւաւորելու անհրաժեշտութեան ու պատրաստակամութեան մասին յայտարարութեամբ։ Հակաթուրքական տարբեր ճամբարներում ու գործընթացներում ակտիւ գործունէութիւն է իրականացնում տարածաշրջանում մէկ այլ ազդեցիկ պետութիւն՝ Արաբական Միացեալ Էմիրութիւնները։ Հայաստանն իր հերթին արդիւնաւէտութեամբ զարգացնում է Հայաստան-Յունաստան-Կիպրոս եռակողմ դաշինքը։ Նկատենք, որ Հայաստանը բարիդրացիական յարաբերութիւններ ունի Եգիպտոսի հետ, Յունաստանն ու Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցներն են, վերջին շրջանում արդիւնաւէտութիւն է նկատւում նաեւ հայ-իսրայէլական յարաբերութիւններում։ Ասել է թէ, Հայաստանը կարող է եւ թերեւս արդէն քայլեր կատարում է հակաթուրքական նշւած դաշինքների ու գործընթացների միջեւ երկխօսութեան ու համագործակցութեան, կոորդինացման հարթակ ստեղծելու ուղղութեամբ։ Այս կարեւոր նախաձեռնողականութիւնը կընդլայնի Հայաստանի ներգրաււածութիւնը տարբեր գործընթացներում, ինչն իր հերթին սկզբունքային նշանակութիւն ունի Հայաստանի տարածաշրջանային կշռի, հեղինակութեան բարձրացման ու դիրքերի ամրապնդման համար։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։