Հա

Քաղաքական

10/08/2020 - 11:50

«Սեւրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպէս կարեւոր փաստաթուղթ՝ Հայկական Հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրաւունքի մասին». Արմէն Սարգսեան

Սիրիական հեղինակաւոր «Ալ-Ազմենահ» թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի բացառիկ հարցազրոյցը.

«alikonline.ir» - Սիրիական հեղինակաւոր «Ալ-Ազմենահ» թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի բացառիկ հարցազրոյցը.

 

ՀԱՐՑ- Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամեակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի ընթացքում ստորագրւել էր մի կողմից Անտանտի յաղթող 13 երկրի, միւս կողմից պարտւած Օսմանեան կայսրութեան միջեւ: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամեակներով այնքան չարչրկւած Հայկական Հարցը եւ վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասէք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Սեւրի պայմանագիրն իր բնոյթով խաղաղութեան պայմանագիր էր, եւ այդ առումով, իրօք, այն կարող էր արմատապէս լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մէկը՝ Հայկական Հարցը:

Սեւրի պայմանագրին նախորդել էր 1920 թ. փետրւար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունւել էր քաղաքական որոշում առ այն, որ պէտք ստեղծել մէկ, միասնական հայկական պետութիւն: Ընդսմին, որպէս հայոց պետականութեան խարիսխ ճանաչւել էր արդէն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920 թ. յունւարի 19-ին de facto ճանաչւած Հայաստանի Հանրապետութիւնը, որին պիտի միացւէին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնւող Արեւմտեան Հայաստանի որոշ տարածքներ:

Սեւրի հաշտութեան պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճռին, որի 100-ամեակը նոյնպէս լրանում է առաջիկայ նոյեմբերի 22-ին), եւ ընդունել ինչպէս նրա որոշումն անմիջապէս, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։

 

ՀԱՐՑ- Սակայն Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրայ...

ՊԱՏԱՍԽԱՆ- Աւելի շուտ, Սեւրի պայմանագիրը չարժանացաւ լիակատար վաւերացման (հետեւաբար մնում է անկատար (unperfected) եւ, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրութեան փոփոխութեան պատճառով չեն իրականացւել, սակայն այն նաեւ երբեւէ չեղեալ չի յայտարարւել:

Սեւրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաեւ de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրայ են խարսխւած եղել կամ սրանից են ածանցւել Միջինարեւելեան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին յաջորդող որոշ ժամանակահատւածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնաւորապէս՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) եւ Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվէյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայէլ եւ Պաղեստինի իշխանութիւններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդական Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի եւ Լիբիայի:

Այս շարքում Սեւրի հաշտութեան պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական Հարցի լուծմանը եւ հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրայ։

Այն կարող էր մասամբ դարմանել 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդին հասցւած վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման, ինչպէս նաեւ մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ տեւական խաղաղութեան հաստատման:

Սակայն 1920 թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշաւանքը Հայաստանի Հանրապետութեան դէմ աւարտւեց Հայոց անկախ պետականութեան վերացմամբ եւ Հայաստանի խորհրդայնացմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդի դարաւոր պայքարը՝ մէկ պետական կազմաւորման մէջ միաւորելու բաժանւած Հայաստանի մասերը, չպսակւեց յաջողութեամբ:

Բայց Հայաստանի Հանրապետութիւնը եւ աշխարհով մէկ սփռւած ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը եւ տէրը իր հազարամեակների պատմութեան եւ քաղաքակրթութեան: Ինչ էլ արել են եւ անեն, ինչքան էլ ժխտեն ակնյայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն եւ ջնջեն հայոց պատմութեան եւ քաղաքակրթութեան նիւթական յուշարձանները եւ հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի յիշողութիւնը:

Սեւրի հաշտութեան պայմանագիրն այսօր էլ մնում է որպէս կարեւոր փաստաթուղթ՝ Հայկական Հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրաւունքի մասին։

 

ՀԱՐՑ- Կայ տարածւած տեսակէտ, թէ իբր 1923 թ. Լօզանի պայմանագիրը չեղարկել է Սեւրի պայմանագիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Բնաւ այդպէս չէ եւ չէր կարող այդպէս լինել: Լօզանի պայմանագրում ոչ միայն չկայ նման չեղարկում, այլեւ անգամ Սեւրի պայմանագրի մասին յիշատակում չկայ: Հայաստանի Հանրապետութիւնը չի ստորագրել, հետեւաբար մաս չէ Լօզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որեւէ պարտաւորութիւն չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրաւունքի Res inter alios acta (մասն չես, պարտաւոր չես) սկզբունքը: Սեւրի պայմանագիրը եւ Լօզանի պայմանագիրը երկու տարբեր իրաւական փաստաթուղթ են:

 

ՀԱՐՑ- Վերադառնանք մեր օրերին: Մերձաւոր Արեւելքը, որի անմիջական հարեւանութեամբ գտնւում են Հարաւային Կովկասի երկրները, կրկին եռում է. զինւած ընդհարումներ, քաղաքացիական պատերազմներ, ահաբեկչութեան դէմ պայքար, տարածքային վէճեր: Յուլիսի կէսերին սահմանային ընդհարումներ գրանցւեցին հայ-ադրբեջանական շփման գօտում, որը խլեց մարդկային կեանքեր եւ ծայրայեղ լարւածութիւն առաջացրեց Երեւանի եւ Բաքւի միջեւ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մէկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դէմ, եւ չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտութիւնները դադարեցւել են, մեր հարեւան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտւել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարաւորութեան պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լաւ է, որ հայկական զինւած ուժերը դրսեւորեցին մարտական բարձր պատրաստականութիւն եւ բառացիօրէն երկու-երեք օրւայ ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածաւալ ընդհարումների հրդեհից:

 

ՀԱՐՑ- Այս ծայրայեղ վտանգաւոր զարգացումների մասին յայտարարութիւններով հանդէս եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը, տարբեր մայրաքաղաքներ՝ կոչ անելով կողմերին հանդարտութեան եւ երկխօսութեան: Միայն Անկարայի տոնն էր ռազմատենչ, իր լիակատար աջակցութիւնը յայտնելով Բաքւին գործողութիւններին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, միջազգային հանրութիւնը լայնօրէն արձագանքեց իրադարձութիւններին: Խօսքը մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցով Մոսկւայի, Վաշինգտոնի եւ Փարիզի մասին է՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տաւուշի դէպքերը ցոյց տւեցին, որ կան շատ լուրջ մտահոգութիւններ:

Իմ մտահոգութեան առաջին կէտը վերաբերում է մեր հարաւային հարեւանի՝ Թուրքիայի կողմից բաւականին ագրեսիւ հռետորաբանութեանը: Թուրքիան միջազգային յարաբերութիւններին ոչ յարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եւ սա արւում է առանց որեւէ հիմնաւորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաեւ մարդկային մեծ ողբերգութեան վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանութիւն է իրականացւել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցեալի սեւ էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցոյց է տալիս նրանց մտադրութիւնը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգութիւնս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցւածքների համար: Սա բացարձակ անհեթեթութիւն է: Այդ ենթակառուցւածքները գոյութիւն ունեն, իրենց տեղում են աւելի քան 20 տարի, եւ Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրութիւն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ եւ չի լինի սպառնալիք որեւէ մէկի համար, քանի որ մենք նրա՛նց յետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանութեան միջով եւ վերապրել են: Այնպէս որ մենք շատ լաւ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժէքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դէմ, ոմանք անմարդկային գործողութիւններ են ծրագրում:

Յաջորդ մտահոգութիւնս վերաբերում է Ադրբեջանի կառավարութիւնից կամ համապատասխան գերատեսչութիւններից հնչող պաշտօնական յայտարարութիւններին, թէ Ադրբեջանը կարող է հարւածել Մեծամօրի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լաւ պատկերացնում եմ այն իրական հետեւանքները, որ կարող է լինել, եթէ յանկարծ որոշեն հարւածել ատոմակայանին: Ուստի ես այս յայտարարութիւնն ընդունում եմ որպէս ահաբեկչական գործողութեան մտադրութիւն, որը միջազգային յարաբերութիւններում բնորոշւում է որպէս միջուկային ահաբեկչութիւն: Աստւած մի արասցէ, եթէ դա յանկարծ տեղի ունենայ, մենք կունենանք կովկասեան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլեւ բոլորն են տուժելու՝ ներառեալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձաւոր Արեւելքը...

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջեւ, հարեւանների միջեւ, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։