Հա

Քաղաքական

01/09/2020 - 11:50

«Ադրբեջանի ակտիւացումը պայմանաւորւած է նաեւ Հայաստանի դերակատարումը զսպելով». Արաբագէտ

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի եւ Յունաստանի միջեւ լարւածութիւնը նոր թափ ստացաւ, երբ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատւածում սկսեց իրականացնել երկրաբանական հետախուզական աշխատանքներ։

«alikonline.ir» - Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի եւ Յունաստանի միջեւ լարւածութիւնը նոր թափ ստացաւ, երբ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատւածում սկսեց իրականացնել երկրաբանական հետախուզական աշխատանքներ։

ԵՄ ղեկավարները դատապարտել էին Անկարայի քաղաքականութիւնը՝ պահանջելով վերջ դնել այդ սադրիչ քայլերին:

ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն էլ յայտարարել էր՝ Թուրքիայի իշխանութիւնները պէտք է իմանան, որ Եւրոմիութիւնը Յունաստանի եւ Կիպրոսի կողքին է։

Թուրքիայի գործողութիւնները քննադատել են նաեւ Եւրոմիութեան անդամ 27 երկրների պետական այրերի՝ Յունաստանի ծովային սահմանում եւ Կիպրոսի ափերում Թուրքիայի քայլերը, Թուրքիայից պահանջելով վերջ դնել լարւածութեանը տարածաշրջանում:

168.am-ի հետ զրոյցում արաբագէտ Արմէն Պետրոսեանն անդրադառնալով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողութիւններին՝ նշեց, որ արեւելեան միջերկրածովեան տարածաշրջանում հիմնական ակտիւութիւնը էներգառեսուրսների որոնման ուղղութեամբ է եւ ծովային սահմանների յստակեցումը։

«Մէկ բան ակնյայտ է, որ վերջին շրջանում Թուրքիայի գործողութիւններն արեւելեան միջերկրածովեան տարածաշրջանում ստեղծել են բաւականաչափ պայթիւնավտանգ իրավիճակ այդ տարածաշրջանում ներգրաււած բոլոր դերակատարների համար։ Սրա վառ ապացոյցն է վերջին օրերին նաեւ մարտավարական բնոյթի տարաբնոյթ գործողութիւնները Միջերկրական ծովի տւեալ հատւածում, ինչպէս նաեւ այդ տարածաշրջանում շահագրգիռ դերակատարների եւ միջազգային կազմակերպութիւնների ակտիւ արձագանքները, ինչպէս եղած գործընթացների, այնպէս էլ՝ Թուրքիայի բուն գործողութիւնների հետ կապւած։ Մէկ բան ակնյայտ է, որ Անկարան կարծես թէ սկզբունքային տրամադրւածութիւն ունի աւելի մեծացնելու իր դերակատարումն արեւելեան միջերկրականում, մասնաւորապէս հետեւեալ ուղղութիւններով։ Առաջինը՝ առանցքային դերակատար էներգակիրների տեղափոխման երկիր, որպէս էներգիա արդիւնահանող երկիր, ինչպէս նաեւ պատմական առումով շուրջ մէկ տարի սահմանափակումները վերացնելու ուղղութեամբ յստակ նպատակային գործողութիւններ անելու տեսանկիւնից»,- նշեց Արմէն Պետրոսեանը։

Նրա խօսքով՝ ակնյայտ է, որ Թուրքիայի նման գործողութիւններն արժանանում են յատկապէս շահագրգիռ երկրների, մասնաւորապէս՝ Յունաստանի, Կիպրոսի, արաբական տարածաշրջանային եւ ԵՄ-ի որոշ երկրների կտրուկ արձագանքին։ Սակայն ստեղծւած իրավիճակն այնպիսին է, որ կողմերից որեւէ մէկը կարծես չի ցանկանում գնալ զիջումների, ինչն աւելի է բարդացնում ստեղծւած իրավիճակի հանգուցալուծումը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի որոշ երկրների դատապարտող յայտարարութիւններին եւ դրանց ազդեցութեանը Թուրքիայի գործողութիւնների վրայ, Արմէն Պետրոսեանը նկատեց՝ Թուրքիայի իշխանութիւնները, յատկապէս Էրդողանի վարչակարգը վերջին տարիներին իրականացրած քաղաքականութեամբ ցոյց է տւել, որ միջազգային պատժամիջոցները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի յաւակնութիւններն իրականացնելու համար։

«Այս քաղաքականութեան հիմքում եւ դրա նպատակը ոչ միայն Թուրքիայի արտաքին յաւակնութիւններն են, այլեւ գործող վարչակարգի համար երկրի ներսում նման քաղաքականութեան ներքին նեղ քաղաքական խնդիրներ լուծելու կարեւորութիւնը։ Միաժամանակ նման յաւակնութիւններ դրսեւորելով, Թուրքիան փորձում է ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում, այլեւ գործող իշխանութիւններն այդ քաղաքականութիւնն օգտագործում են երկրի ներսում իրենց դիրքերն աւելի ամրապնդելու համար։ Հետեւաբար՝ այս տեսանկիւնից վերջին մի քանի տարիների ընթացքում ակնյայտ երեւում է, որ պատժամիջոցների նման քաղաքականութիւնը Թուրքիայի յաւակնութիւնները զսպելու տեսանկիւնից արդիւնաւէտ չէ»,- յաւելեց արաբագէտը։

Ըստ նրա, եթէ դիտարկեն ԵՄ-ի մինչեւ այժմ յայտարարած պատժամիջոցները, ապա դրանք այդքան էլ ազդեցիկ չեն, ներառում են որոշ պաշտօնատար անձանց եւ ընկերութիւնների շրջանակ եւ լուրջ հետեւանք չեն կարող ունենալ։

«Այս տեսանկիւնից վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի հետ կապւած գործընթացները ցոյց են տալիս, որ շատ աւելի արդիւնաւէտ է կա՛մ այդ երկրի հետ խօսել կոշտ ուժային լեզւով, կա՛մ բանակցութիւնների ճանապարհով։ Հետեւաբար՝ ԵՄ-ի գործողութիւնները՝ Թուրքիային զսպելու առումով, չեն կարող ապահովել անհրաժեշտ արդիւնաւէտութիւն»,- շեշտեց Արմէն Պետրոսեանը։

Ինչ վերաբերում է այս ամէնի ազդեցութեանը Հարաւային Կովկասի անվտանգութեան եւ ներկայիս իրավիճակի վրայ, Արմէն Պետրոսեանը նշեց, որ Հայաստանում վերջին շրջանում ակնդետ կերպով հետեւում են Թուրքիայի գործողութիւններին եւ հանդէս են գալիս յայտարարութիւններով։

«Միւս կողմից էլ՝ Ադրբեջանի ներգրաււածութիւնն է այս ամէնին՝ քաղաքական հռետորաբանութեան մասով, այսինքն՝ այդ երկիրը ստիպւած է լինելու քաղաքական հռետորաբանութեան միջոցով որոշակի ակտիւութիւն դրսեւորել Թուրքիային աջակցութիւն ցուցաբերելու տեսանկիւնից։ Պաշտօնական Բաքւի նման ոճը երկու դրդապատճառ ունի, նախ տաւուշեան դէպքերին Թուրքիան աննախադէպ աջակցութիւն ցուցաբերեց Ադրբեջանին, եւ հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը, եւ Բաքուն պէտք է աջակցի Թուրքիային։ Երկրորդը՝ Ադրբեջանի ակտիւացումն արեւելեան միջերկրածովեան զարգացումների հետ կապւած՝ պայմանաւորւած է նաեւ Հայաստանի դերակատարումը զսպելուն կամ հակակշռելուն։ Այսինքն՝ Հայաստանը որքան աւելի ակտիւօրէն արձագանքի այդ տարածաշրջանում ընթացող զարգացումներին, պաշտօնական Բաքուն ստիպւած է լինելու նոյնչափ ակտիւօրէն անդրադառնալու ՀՀ-ի կեցւածքին։ Կարծում եմ՝ սա մեզ համար բաւականաչափ կարեւոր է, որովհետեւ մենք գիտենք, որ այդ տարածաշրջանում հակաթուրքական կեցւածք ունեն միջազգային մեծաթիւ դերակատարներ, եւ տրամաբանօրէն Բաքւի նման կեցւածքն իր դէմ է տրամադրում նման բազմաթիւ դերակատարների»,- եզրափակեց Արմէն Պետրոսեանը։

 

Զւարթ Խաչատեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։