Հա

Քաղաքական

10/09/2020 - 11:50

Ո՞վ է Նաւալնին, ի՞նչ կարծիքի է նա հայերի մասին, ինչո՞ւ է Արեւմուտքը նրան օգտագործում Պուտինի դէմ, ինչպէ՞ս կարող է Նաւալնու «գործն» ազդել Հայաստանի վրայ

Շատ վերլուծաբանների կարծիքով Նաւալնիի խնդրի պատճառով կարող է կասկածի տակ դրւել նոյնիսկ «Հիւսիսային հոսք-2» նախագծի կառուցման աւարտը: Յիշեցնենք, որ այս նախագիծը համարւում է Ռուսաստան-Եւրոպա էներգետիկ յարաբերութիւնների անկիւնաքարերից մէկը, որի դէմ պայքարում է ԱՄՆ-ը: Եթէ այս նախագիծը կեանքի կոչւի, ապա մեծ հարւած կը հասցւի Մոսկւայի յարաբերութիւններին Գերմանիայի եւ միւս եւրոպական երկրների հետ:

Այս պատմութիւնը սկսւեց այն օրւանից, երբ Ալեքսէյ Նաւալնին Տոմսկից թռչում էր Մոսկւա, սակայն ինքնաթիռում նա վատ զգաց եւ ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց Օմսկում, որտեղ նրան տեղափոխեցին № 1 շտապօգնութեան հիւանդանոց: Հիւանդանոցում թունաւորումը Նաւալնու վիճակի հնարաւոր վարկածներից մէկն է եղել։ Հիւանդանոցի գլխաւոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինչենկոն յայտնել էր, որ հետազօտութեան արդիւնքում պացիենտի արեան ու մեզի մէջ թոյնի հետքեր չեն յայտնաբերւել։ Սակայն, աւելի ուշ հիւանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախոսկին նշել էր, որ բժիշկների կարծիքով՝ հիմնական ախտորոշումն այն է, որ Նաւալնու նիւթափոխանակութիւնը խախտւել է, ինչի հետեւանքով արեան մէջ շաքարի պարունակութիւնը կտրուկ իջել է։

Օգոստոսի 22-ին Նաւալնիին ինքնաթիռով տեղափոխում են Բեռլինի Charite հիւանդանոց, որի մասնագէտներն աւելի ուշ յայտարարեցին վերջինիս թունաւորման մասին, իսկ Գերմանիայի զինւած ուժերի մասնագէտները մաշկի, արեան եւ մեզի նմուշների մէջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունաւոր նիւթի հետքեր յայտնաբերեցին:

Այս պահից էլ սկսւում է լարւածութիւնը սկզբում Բեռլինի եւ Մոսկվւայի միջեւ, իսկ յետոյ նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընդհանրապէս:

Շատ վերլուծաբանների կարծիքով Նաւալնիի խնդրի պատճառով կարող է կասկածի տակ դրւել նոյնիսկ «Հիւսիսային հոսք-2» նախագծի կառուցման աւարտը: Յիշեցնենք, որ այս նախագիծը համարւում է Ռուսաստան-Եւրոպա էներգետիկ յարաբերութիւնների անկիւնաքարերից մէկը, որի դէմ պայքարում է ԱՄՆ-ը: Եթէ այս նախագիծը կեանքի կոչւի, ապա մեծ հարւած կը հասցւի Մոսկւայի յարաբերութիւններին Գերմանիայի եւ միւս եւրոպական երկրների հետ:

Աւելին, բելառուսական ճգնաժամի ֆոնին այդ յարաբերութիւնների վատացումը վերջնականապէս խաչ կը քաշի Մոսկւայի եւ Արեւմուտքի յարաբերութիւնների վրայ, եւ «սառը պատերազմը» կը թեւակոխի շատ աւելի վտանգաւոր փուլ:

 

Ո՞վ է Նաւալնին Արեւմուտքի համար եւ ինչո՞ւ նրա պատճառով կարող է առաջանալ այս նոր ճգնաժամը

Մինչ Նաւալնիի մասին խօսելը, փորձենք կարճ նկարագրել, թէ ինչ քաղաքական համակարգ է հաստատւած Ռուսաստանում:

Այսօր Ռուսաստանում գործում է կիսանախագահական կառավարման համակարգ, որտեղ նախագահի լիազօրութիւնները չափազանց մեծ են: Ռուսաստանի պատմական աւանդոյթների պարագայում այդ լիազօրութիւնների արդիւնքում նախագահի պաշտօնը հաւասարւում է ռուսական «ցարերի» կարգավիճակին, իսկ այդ պաշտօնը ստանձնած անձը դառնում է փաստացի երկրի «ցարը»:

Դրա արդիւնքում երկրի օրէնսդիր մարմնի՝ Պետդումայի եւ Դաշնային պալատի դերակատարումն աւելի շատ դառնում է արարարողակարգային, այլ ոչ թէ ազդեցիկ քաղաքական: Արդիւնքում, ընտրութիւններում նախագահին աջակցող քաղաքական ուժը երաշխաւորւած ստանում է տեղերի ճնշող մեծամասնութիւնը:

Այսօր, օրինակ, Պետդումայի 450 տեղերից 338-ը պատկանում է իշխող «Միացեալ Ռուսաստան» կուսակցութեանը: Եւ միայն 43 տեղ ունեն կոմունիստները: 40 տեղ պատկանում է նաեւ Ժիրինովսկու կուսակցութեանը, 22-ը` «Արդար Ռուսաստանին»: Սակայն, նման յարաբերակցութեան պարագայում կոմունիստները, «արդարները» եւ լիբերալ-դեմոկրատները փաստացի դադարում են կատարել իրական ընդդիմադիր դերակատարում եւ դառնում են «գրպանային» կուսակցութիւններ:

Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանում քաղաքական դիսկուրսը տեղափոխւել է խորհրդարանից դուրս: Սակայն այստեղ էլ արտախորհրդարանական ուժերն էական ազդեցութիւն չեն կարողացել ունենալ, քանզի նրանց մեծ մասը կամ եղել է նախկին իշխանութեան մէջ եւ ոչ մի դրական արդիւնքներով չի ներկայացել, կամ էլ գտնւում է յայտնի նախկին օլիգարխ Խոդորկովսկու ազդեցութեան տակ, որոնց վարկանիշը ռուս հասարակութեան մէջ նոյնպէս բարձր չէ:

Այս շարքում միակ գործչին, ում յաջողւել էր ճեղքել վերը նշւած պատնէշները, հէնց Ալեքսէյ Նաւալնին էր:

Նաւալնին իր քաղաքական կարիերան սկսել էր 2000 թւականին, երբ 26 տարեկան հասակում դարձել էր հանրայայտ «Եաբլոկօ» կուսակցութեան առանցքային դէմքերից մէկը: Երիտասարդ հասակում նա պոպուլիստական նկրտումներից ելնելով նոյնիսկ հանդէս էր գալիս կովկասցիների եւ «սեւերի», այդ թւում նաեւ հայերի դէմ:

Այդ գործունէութեան արդիւնքում նրա վարկանիշը Մոսկւայում սկսեց բարձրանալ: Սակայն, նրա ազգայնամոլական թեզերը չէին ողջունւում կուսակցութեան հիմնադիր առաջնորդ Գրիգորի Եաւլինսկու կողմից: Նաւալնին համարում էր, որ Եաւլինսկիի դեմոկրատիայի, իր կարծիքով, «գրքային» պատկերացումները հնացած էին եւ չէին վայելում մարդկանց համակրանքը։ Այդ իսկ պատճառով Նաւալնին պահանջեց արմատական փոփոխութիւններ կատարել կուսակցութեան ղեկավար կազմում: Եաւլինսկին դա գնահատեց որպէս աննախադէպ լկտիութիւն, եւ Նաւալնին հեռացւեց կուսակցութիւնից:

«Եաբլոկոյից» դուրս գալուց յետոյ Նաւալնին իրեն հռչակում է «ռուս ազգայնական», որի նպատակն է կերտել «ուժեղ Ռուսաստան»:

Նա մասնակցում է ազգայնականների մի շարք միջոցառումների: Նաւալնին համարում էր, որ ռուս ժողովրդի մօտ 60 տոկոսը «թաքնւած ազգայնականներ են», որոնց շահերը միշտ անտեսւած են եղել, եւ ինքը՝ Նաւալնին, պէտք է փորձի ներկայացնել նրանց շահերը: Ըստ նրա՝ 90-ականների ռուս դեմոկրատների պարտութեան գլխաւոր պատճառը հէնց նրա մէջ էր, որ նրանք այդպէս էլ չկարողացան ներկայացնել ռուս ժողովրդի «իրական շահերը»:

Ազգայնականութեան հետ մէկտեղ Նաւալնին, զգալով հանրութեան պահանջը, սկսեց ակտիւօրէն զբաղւել կոռուպցիայի տարբեր երեւոյթների բացայայտումներով:

Այսպիսով Նաւալնիի քաղաքական գլխաւոր կրեդոն դարձաւ «ազգայնականութիւնն» ու «կոռուպցիայի դէմ պայքարը»:

2011-ին նա ակտիւօրէն մասնակցեց խորհրդարանական ընտրութիւններին՝ «ընդդէմ գողերի եւ խարդախների» կարգախօսով, եւ դարձաւ յայտնի արդէն ողջ երկրի մակարդակով:

Նոյն թւականին նա առաջարկում էր վտարել երկրից բոլոր այն կովկասցիներին եւ Միջին Ասիայի քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ չէին: Իսկ անդրկովկասեան եւ միջինասիական երկրների հետ պահանջում էր հաստատել անցագրային ռեժիմ:

Յատկապէս, Նաւալնիի թիրախում էին յայտնւել հայերը, որոնց նա անւանում էր «խաչեր»:

Այդ կարգախօսներով հանդէս գալով՝ նա 2013 թւականի Մոսկւայի քաղաքապետի ընտրութիւններում ստացաւ ձայների աւելի քան 27 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, ինչը այն ժամանակ սենսացիա էր: Սոբեանինի յաղթանակը Նաւալնին չընդունեց՝ համարելով, որ նա կեղծիքներով էր ընտրւել իր պաշտօնում:

Պէտք է նշել, որ հէնց այդ ժամանակւանից նա դարձաւ արտախորհրդարանական ուժերի իրական առաջնորդը: 2018 թւականի նախագահական ընտրութիւններին նրան թոյլ չտւեցին մասնակցել, քանի որ նա ունէր դատւածութիւն յայտնի «Կիրովլես»-ի գործով: Այս գործի իմաստն այն էր, որ նա 2011 թւականին, լինելով Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխի խորհրդականը, «Կիրովլես» ընկերութեան տնօրէնին գործարք էր առաջարկել, որի արդիւնքում պետութիւնը վնաս էր կրել մօտ 50 հազար դոլարի չափ:

Նաւալնին 2013-ին այս դատը քաղաքականացրեց, բողոքարկեց Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում, որտեղ էլ 2016-ին այդ դատավճիռը չեղարկեցին:

Նոյն թւականին Ռուսաստանի Գերագոյն դատարանը, ՄԻԵԴ-ի որոշման հիման վրայ, չեղարկեց Նաւալնիի նախկինում հաստատւած մեղադրանքը, որի պատճառով էլ բացւեց նրա առաջադրման հնարաւորութիւնը՝ մասնակցելու 2018-ի նախագահական ընտրութիւններին:

Սակայն, 2017-ին Ռուսաստանի քննչական կոմիտէի ներկայացմամբ՝ Կիրով քաղաքի առաջին ատեանի դատարանը նոր մեղադրանք առաջադրեց Նաւալնիին, որի պատճառով էլ նա չկարողացաւ մասնակցել 2018-ի նախագահական ընտրութիւններին: Նաւալնին այդ մեղադրանքը գնահատեց քաղաքական բնոյթի։ Ըստ նրա՝ այդ մեղադրանքի գլխաւոր նպատակն էր արգելել նրա մասնակցութիւնը 2018-ի ընտրութիւններին, ինչը եւ կատարւեց:

Նաւալնիի քաղաքական վերելքը սրընթաց բնոյթ ունեցաւ: Ըստ հեղինակաւոր ամերիկեան Time ամսագրի՝ 2012-ին Նաւալնին յայտնւել էր աշխարհի 100 ամենայայտնի մարդկանց ցուցակի մէջ: Իսկ 2017 թւականին նոյն ամսագիրը նրան մտցրել էր աշխարհի 25 յայտնի ինտերնետային գործիչների ցանկում:

Արեւմուտքում Նաւալնիին համարում են Պուտինի գլխաւոր մրցակից, քանզի նրան հաւասար այլ գործիչ, ով կը կարողանայ մրցել Պուտինի հետ, Ռուսաստանում, չկայ:

Գիտակցելով այս ամէնը՝ Ռուսաստանի իշխանութիւններն այս տարւայ ամռանն ընդունեցին սահմանադրական փոփոխութիւն, որի համաձայն այլեւս ՄԻԵԴ-ի որոշումները չեն կարող պարտադիր համարւել ռուսական դատարանների համար: Գրեթէ բոլոր դիտորդների կարծիքով այս փոփոխութիւնները հիմնականում ուղղւած էին, որպէսզի թոյլ չտան, որ Նաւալնին կարողանայ մասնակցել 2024 թւականի նախագահական ընտրութիւններին Ռուսաստանում: Քանզի ոչ մէկի մօտ կասկած չի յարուցում, որ իշխանութեան թեկնածուի գլխաւոր մրցակիցը կը լինի հէնց Ալեքսէյ Նաւալնին:

Այս գործչին յաջողւել էր այս տարիների ընթացքում մի շարք կոռուպցիոն բացայայտումներով հանդէս գալ, որի արդիւնքում նա կտրուկ բարձրացրել էր իր վարկանիշը, յատկապէս ռուս երիտասարդութեան շրջանում: Օրինակ, «Ալեքսէյ Նաւալնի» իւթուբեան ալիքի բաժանորդների թիւը գերազանցում է 4 մլն-ը, իսկ «Նաւալնի լայւ» ալիքի բաժանորդների թիւը տատանւում է 2 մլն-ի շրջանակներում:

 

Ինչպիսի՞ն է Նաւալնիի վերաբերմունքը հայերի հանդէպ

Նաւալնին մինչեւ այսօր էլ ազգայնական հայեացքների տէր գործիչ է: Յատկապէս նա չի սիրում հայերին եւ վրացիներին:

Օրինակ, 2008-ի ռուս-վրացական պատերազմից յետոյ նա կոչ էր անում վտարել բոլոր վրացիներին Ռուսաստանից: Իսկ կովկասցիների դէմ պայքարի շրջանակներում նա յատկապէս թիրախաւորում էր հայերին: Յատկանշական է նաեւ այն, որ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի նկատմամբ նրա տեսակէտները չեն տարբերւում ներկայիս Մոսկւայի տեսակէտներից եւ խիստ հակավրացական բնոյթի են: Երբ Ղրիմի եւ Մերձ Դնեստրի հարցում նրա դիրքորոշումները հակամոլդովական եւ հակաուկրայինական են, ապա Լեռնային Ղարաբաղի հարցում նա մինչեւ այսօր ոչ մի տեսակէտ չի յայտնել, ինչը յուշում է իր ընդգծւած եւ թաքնւած հակահայկական դիրքորոշման մասին:

 

Ինչպիսի՞ն է Նաւալնիի հանդէպ վերաբերմունքը Ռուսաստանի դեմոկրատական շրջանկներում

Ինչքան էլ որ տարօրինակ է, բայց այս շրջանակները Նաւալնիին նոյնպէս համարում են վտանգաւոր գործիչ: Ըստ նրանց, եթէ Նաւալնիին յաջողւի իշխանութեան գալ, ապա Ռուսաստանում ոչինչ չի փոխւի, պարզապէս Պուտինի տեղը կը յայտնւի Նաւալնին:

Շատերը դա կապում են Նաւալնիի ազգայնական հայեացքների հետ, սակայն այստեղ կայ նաեւ խանդի գործօնը: Բացի այդ, Ռուսաստանի ապագայ ղեկավարի պաշտօնի վրայ աչք ունի նաեւ յայտնի նախկին օլիգարխ Խոդորկովսկին, եւ դրա պատճառով էլ յատկապէս նրա կողմից առկայ է ընդգծւած բացասական վերաբերմունք Նաւալնիի նկատմամբ:

 

Արեւմուտքի վերաբերմունքը Նաւալնիի հանդէպ

Արեւմուտքում շատ լաւ ծանօթ են Նաւալնիի հակասական հայեացքներին, սակայն նրան դիտարկում են որպէս պոտենցիալ խառնակիչ, ով ունակ է կազմաքանդել Պուտինի կառավարման համակարգը եւ քաոսի մէջ գցել այդ երկիրը: Հասկանալի է, որ եթէ Ռուսաստանը երկրորդ անգամ յայտնւի այն իրավիճակում, ինչը եղաւ 90-ական թւականներին, ապա Արեւմուտքն այս անգամ իր շանսը բաց չի թողնի՝ փորձելով տրոհել այդ երկիրը մի քանի մասի:

Ահա թէ ինչու են նրա անձին այդպիսի մեծ ուշադրութիւն դարձնում: Նաւալնին այսօրւայ նրանց «տրոյական ձին է», որի միջոցով հնարաւոր կը լինի կազմաքանդել Պուտինի քաղաքական ամրոցը, իսկ դրանից յետոյ նաեւ այդ երկիրը:

Բելառուսական ներկայիս յեղափոխութիւնն ու Խաբարովսկի ցոյցերն ընդդէմ պուտինեան իշխանութեան այն պարարտ հողն են, ըստ Արեւմուտքի, որի արդիւնքում ռուսական իշխանութիւնը կարելի է ենթարկել կորոզիայի:

Ինչ վերաբերւում է Նաւալնիի շուրջ այս օրերի իրադարձութիւններին, ապա, ըստ փորձագէտների՝ խնդիր է դրւած վերջնականապէս սասանել պուտինեան իշխանութիւնը: Եթէ «Հիւսիսային հոսք-2» նախագիծը սառեցւի, ապա դա կը նշանակի, որ Արեւմուտքը եւ մասնաւորապէս Եւրոպան որոշել է զոհաբերել իր բազմամիլիարդանոց եկամուտները աւելի «կարեւոր» գործի համար: Հասկանալի է, որ այդ «գործը» պուտինեան իշխանութեան փլուզումն է: Հասկանալի է, որ այդ շարքում Նաւալնիի թունաւորումը պէտք է դառնայ այդ գործընթացի հիմնաւորումներից մէկը:

Ռուսական շրջանակներն Արեւմուտքի կողմից Նաւալնիի «խաղաթղթի» օգտագործումը համեմատում են 1914-ին Ֆրանց Ֆերդինանդի սպանութեան հետ՝ կարծես ակնարկելով, որ Մոսկւայի համար դա այն «կարմիր» գիծն է, որից այն կողմ նա կը դիմի ամենակոշտ միջոցների:

 

Ինչպէ՞ս է պատրաստւում Թուրքիան Նաւալնիի գործին

Ինչքան էլ որ տարօրինակ չհնչի, այս գործընթացներին ակտիւօրէն պատրաստւում է նաեւ Թուրքիան: Այստեղ այն կարծիքի են, որ Ռուսաստանը կանգնած է նոր ցնցումների առջեւ, եւ Անկարան այս անգամ պարտաւոր է դրանից քաղել մաքսիմալ իր օգուտները: Որպէս մաքսիմում ծրագիր այստեղ կանխատեսում են Ռուսաստանի փլուզումը, որից Թուրքիան պէտք է օգտւի լիովին՝ իրեն կցելով ողջ Անդրկովկասն ու Հիւսիսային Կովկասը: Որպէս մինիմում ծրագիր այստեղ համարում են, որ գալիք ցնցումներում, նոյնիսկ եթէ Մոսկւային յաջողւի չփլուզւել, Անկարան պէտք է ստանձնի Ռուսաստանում նոր «իսլամական կուսակցութեան» ստեղծումը, որի միջոցով նա կը կարողանայ ազդել Մոսկւայի կենտրոնական իշխանութեան վրայ:

Անկարայում յոյս ունեն, որ այս անգամւայ Արեւմուտքի յարձակումը Ռուսաստանի վրայ վճռական է լինելու, եւ Թուրքիան պէտք է պատրաստ լինի ստանալ Ռուսաստանի ապագայ վերադասաւորումներից իր «օրինական» «փայ»:

 

Ինչպէ՞ս Արեւմուտքի եւ Ռուսաստանի այս ճգնաժամը կարող է ազդել Հայաստանի վրայ

Պէտք է նշել, որ Հայաստանն այսօր գտնւում է ծայր աստիճան վտանգաւոր վիճակում: Նա բառիս բուն իմաստով այսօր չունի փրկւելու որեւէ պահեստային տարբերակ, եթէ Ռուսաստանում վերանայ կենտրոնական իշխանութեան վերահսկողութիւնը:

Աւելին, այսօրւայ հայաստանեան քաղաքական վերնախաւն այս ամէնի մասին չի մտածում, քանզի այն «օրւայ կուրսով» եւ խիստ կենցաղային պատկերացումներով ապրող վերնախաւ է, ով չունի նոյնիսկ մօտակայ զարգացման եւ անվտանգութեան ապահովման ծրագրեր, էլ չասենք ռազմավարական խնդիրների լուծման ծրագրերի մշակման մասին:

 

ԵՐՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։