Հա

Քաղաքական

12/09/2020 - 11:55

Բարոնուհի Քերոլայն Քոսքի նամակը՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին

Բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխօսնակ Քերոլայն Քոքսը նամակ է յղել Միացեալ Թագաւորութիւնում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպան Թահիր Թաղիզադէին, որում մի քանի մտահոգութիւններ է ներկայացրել Արցախի առնչութեամբ:

«alikonline.ir» - Բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխօսնակ Քերոլայն Քոքսը նամակ է յղել Միացեալ Թագաւորութիւնում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպան Թահիր Թաղիզադէին, որում մի քանի մտահոգութիւններ է ներկայացրել Արցախի առնչութեամբ:

Yerkir.am-ը ստորեւ ներկայացնում է բարոնուհու նամակի հայերէն տարբերակն՝ ամբողջութեամբ.

«Յարգելի՛ դեսպան

Սեպտեմբերի 7-ի Ձեր նամակը վկայակոչում է շատ թիւր կարծիքներ, որ անհրաժեշտ եմ համարում արձանագրել: Մասնաւորապէս՝ ես կը ցանկանայի առանձնացնել առնւազն չորս լուրջ մտահոգութիւններ:

  1. Լեռնային Ղարաբաղ

Հէնց Ստալինն է Ադրբեջանում որպէս «ինքնավար մարզ» տեղակայել Ղարաբաղը/Արցախը (95 տոկոս հայ բնակչութեամբ): Յետագայում Ադրբեջանը իւրացրեց ցածրադիր վայրերի մեծ տարածքներ եւ ստեղծեց Լեռնային Ղարաբաղը՝ որպէս լեռնային անկլաւ, որը կտրւած էր Հայաստանից:

1991-1994 թւականների ընթացքում Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչութեան դէմ`խախտելով միջազգայնօրէն ճանաչւած կոնւենցիաները, օրինակ` կասետային ռումբերի եւ օրական 400 «Գրադ» հրթիռների գործադրմամբ Ստեփանակերտի քաղաքացիական բնակչութեան վրայ: Ես այնտեղ էի եւ կարող եմ վկայել մարդու իրաւունքների այս խախտման ճշմարտացիութեան մասին: Ես նաեւ ականատես եղայ Մարաղայում ադրբեջանցիների կողմից կոտորածի անմիջական հետեւանքին եւ տեսայ գլխատւած քաղաքացիական մարմիններ, տներ, որոնք դեռ ծխում էին ռազմական յարձակումից յետոյ:

Յետագայում ապացոյցները զետեղւեցին «Էթնիկական զտումներն՝ ընթացքի մէջ. պատերազմ Լեռնային Ղարաբաղում» (Քերոլայն Քոքս եւ Ջոն Էյբնէր, 1993) յօդւածում:

Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք իրենց անկախութեան գործընթացում ներգրաււած են համարժէք իրաւական հիմքերով, ինչպէս 1991 թ.-ին՝ Ադրբեջանը, ունեն բաւարար ապացոյցներ ինքնորոշման նոյն իրաւունքը պահանջելու համար, որն արդարացւած է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պատճառով, ինչպէս Թիմոր Լեստեն, Էրիթրեան եւ Կոսովոն, որոնք արժանացել են ինքնորոշման`համանման էթնիկ զտումների ենթարկւելու համար:

  1. Շուշի

Թէեւ Շուշին տասնամեակներ շարունակ օկուպացւել է Ադրբեջանի կողմից՝ որպէս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս, այն ի սկզբանէ եղել է Կովկասի հայկական մշակոյթի ճանաչւած կենտրոն, որը զիջել է միայն Թբիլիսիին: Մինչ 1920-ի մարտն այստեղ կոտորւեցին հազարաւոր հայեր: Այն ժամանակ արքեպիսկոպոսը գլխատւեց, եւ նրա գլուխը ցուցադրեցին ձողի վրայ:

  1. Նախիջեւան

Հանրաքւէի կասկածելի գործընթացից յետոյ եւ Աթաթուրքի Թուրքիայի հետ գործարքի արդիւնքում Նախիջեւանը դարձաւ ինքնավար հանրապետութիւն Ադրբեջանի կազմում, որի հետ այն ցամաքային կապ չունէր եւ ամբողջովին սահմանակից էր Հայաստանին:

Ադրբեջանն իրականացրել է Նախիջեւանում պատմականօրէն բնակւող հայերի էթնիկական զտումներ: Ազնաբերդ անունը կրող վերջին հայկական գիւղը տարհանւել է ադրբեջանական ճնշման ներքոյ 1988-ի դեկտեմբերին: Մօտակայքում շարունակւում էին հայերի դէմ յարձակումները, եւ ես ներկայ էի, երբ ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին գիւղերը եւ ստիպում խաղաղ բնակիչներին՝ փախչել՝ փրկելու համար իրենց կեանքը: Տարածաշրջանի պատմութիւնը վերաշարադրելու փորձերի արդիւնքում Ադրբեջանը յետագայում ոչնչացրեց բազմաթիւ հայկական պատմական վայրեր ու մշակութային նմուշներ, այդ թւում՝ տասնեակհազարաւոր՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանւած հին քարէ փորագրութիւններ, որոնք փորձագէտները բնութագրում են որպէս 21-րդ դարի «մշակութային զտման ամենածաւալուն արշաւ»:

Կարծում եմ՝ հայերը Նախիջեւանը վերադարձնելու իրաւունք ունեն: Կամ, թերեւս, Ադրբեջանը կառաջարկի պատւաւոր այլընտրա՞նք՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հայկական հող ճանաչւելու իրաւունք, իսկ հայերը գուցէ զիջե՞ն Ադրբեջանի կողմից Նախիջեւանի օկուպացիան:

  1. Լարւածութեան սրում

Ադրբեջանը խախտեց եւրոպական կարեւորագոյն կոնւենցիան՝ ներելով, պարգեւատրելով եւ փառաբանելով 2004-ին Յունգարիայում քնած հայ գործընկերոջը կացնահարած՝ ադրբեջանական բանակի սպային: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի՝ վերջերս կայացրած վճռի համաձայն՝ Բաքւի գործողութիւնները «էթնիկ կողմնակալութեան շատ լուրջ յանցագործութիւն են»:

2016-ի Ապրիլեան քառօրեայի ժամանակահատւածում ադրբեջանական ուժերը նախայարձակ եղան Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից վերահսկւող տարածքների վրայ, ինչը բազմաթիւ մարդկային կեանքեր խլեց:

Այս տարւայ յուլիսին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ տեղակայեց խաղաղ բնակչութեանը շատ մօտ՝ Տաւուշում՝ հիւսիսարեւելեան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղից շատ հիւսիս: Հաղորդւում էր, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել բժշկական դիմակների արտադրութեան գործարանի ուղղութեամբ, որը էական դեր ունի երկրում կորոնավիրուսի դէմ պայքարում: Հաղորդւում էր նաեւ Տաւուշի Այգեպար գիւղի մանկապարտեզի դէմ յարձակման մասին:

Յուլիսին Բաքւում տեղի ունեցան պատերազմամէտ ցոյցեր, որոնց ընթացքում հազարաւոր ցուցարարներ պահանջեցին, որ Ադրբեջանի կառավարութիւնը ամբողջութեամբ սահմանին տեղակայի բանակը՝ վանկարկելով «Մահ հայերին», իսկ ոմանք նոյնիսկ մտան ազգային խորհրդարան:

Հայերի նկատմամբ ատելութիւն սերմանող` Ադրբեջանում հաստատւած քաղաքականութիւնը, այդ թւում` դպրոցներում ատելութեան ուսուցումը եւ Հայաստանը «համար մէկ թշնամի» հռչակելը, ինչպէս նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի վերջին վրդովեցուցիչ յայտարարութիւնները շարունակում են մնալ լուրջ անհանգստութիւն: «Չմոռանանք, որ մեր բանակի գերժամանակակից հրթիռները կարող են ճշգրիտ հարւած հասցնել Մեծամօրի ատոմակայանին». նման թշնամական քաղաքականութեան հիմքում ընկած է այն տարածւած մտահոգութիւնը, որ Ադրբեջանը հաւատարիմ է պատերազմին եւ դաժանութեանը, այլ ոչ թէ անդրսահմանային երկխօսութիւնը խթանելուն եւ իրօք արդարացի կարգաւորման նախորդ ագրեսիայից յետոյ:

Կարծում եմ, որ բոլոր կողմերի համար անյապաղ անհրաժեշտ է պահպանել բարոյական արդարութեան հիմնական սկզբունքները, եւ ես կը ցանկանայի հանդիպել՝ քննարկելու համար այս ողբերգական իրավիճակը:

Անկեղծօրէն Ձեր՝

Քերոլայն Քոքս»:

 

Յիշեցնենք՝ աւելի վաղ Քոքսը շնորհաւորել էր Արցախի անկախութեան առթիւ, նշելով՝ «Լրացնելով Հայաստանի ոգին՝ դուք աւերի մոխիրներից գեղեցկութիւն էք ստեղծում»:

 

Թարգմանութիւնը՝ Yerkir.am-ի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։