Հա

Քաղաքական

12/09/2020 - 13:10

«Թուրքիայի դէմ պայքարելու համար ամենաճիշտը կը լինի այն, որ Հայաստանը Եւրոպայի հետ զուգահեռ քայլի, համամարդկային լեզւով խօսի». Բագրատ Էստուկեան

Թուրքիայում հրապարակւող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանի խօսքով` Արեւմուտքը կարող է զսպել Թուրքիային, եթէ ցանկանայ, բայց հարցը հէնց դա է` արդեօք կը ցանկականա՞յ, թէ՞ ոչ:

«alikonline.ir» - Թուրքիայում հրապարակւող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանի խօսքով` Արեւմուտքը կարող է զսպել Թուրքիային, եթէ ցանկանայ, բայց հարցը հէնց դա է` արդեօք կը ցանկականա՞յ, թէ՞ ոչ: Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Թուրքիայի միջերկրածովեան քաղաքականութեանը եւ ՆԱՏՕ-ում դրա առթիւ եղած դժգոհութեանը:

«Թուրքիան վերջին տարիներին` Էրդողանի իշխանութեան շրջանում, վերացրեց ամբողջութեամբ, մէկ կողմ դրեց դիւանագիտական աւանդոյթները եւ արտաքին քաղաքականութիւնը ծառայեցրեց իր ներքին շահերին: Ամբոխավար քաղաքականութեան, ժողովրդին հաճելի թւալու համար անընդունելի ելոյթներ ունեցաւ եւ անընդունելի գործողութիւններ էլ իրականացրեց. Արեւելեան Միջերկրականում քաղաքականութիւնն էլ հէնց նման մի օրինակ է»,- ասաց նա:

Նշենք, որ Թուրքիայի յարաբերութիւնները Միջերկրական ծովի արեւելեան հատւածի պետութիւնների հետ սրւել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց յետոյ:  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն այս առիթով եւրոպացիներին կոչ էր արել աւելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա կառավարութեան նկատմամբ:

Բագրատ Էստուկեանի կարծիքով` դեռեւս յայտնի չէ, թէ ամբողջ Արեւմուտքն ինչ քաղաքականութիւն կընտրի Թուրքիայի նկատմամբ: Նա նկատեց` Թուրքիան միշտ էլ այս իրավիճակներում օգտագործում է  իր խաղաքարտերը, որոնցից մէկը գաղթականների մուտքն է եւրոպական երկրներ:

«Դա մի բան է, որ ցանկալի չէ եւրոպական երկրներին, եւ Թուրքիան այս հարցը մինչ օրս էլ սիրում է որպէս շանտաժ օգտագործել եւրոպացիների դէմ: Օրինակ՝ Գերմանիայի կանցլերի դէմ դա շատ ազդեցիկ քաղաքարտ է: Դրա համար դժւար է ասել, թէ որքան հզօր կը լինի Արեւմուտքից Թուրքիային ուղղւած հակազդեցութիւնը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութեանը, ապա ըստ Բագրատ Էստուկեանի, վերջին շրջանում նրա արձագանքներն այս տարածաշրջանի վերաբերեալ շատ հետաքրքիր են:

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Մակրոնն այսքան մօտիկից կը հետաքրքրւի այս տարածաշրջանով, օրինակ, Լիբանանի խնդրով: Լիբանանը, որը ֆրանսախօս երկիր էր, երկար ժամանակ Ֆրանսիայի ուշադրութիւնից դուրս էր մնացել, Իսրայէլի կողմից այն բազմաթիւ «բռնաբարութիւնների» ենթարկւեց, որի դէմ Արեւմուտքը լուռ մնաց: Օգոստոսի 4-ի պայթիւնից յետոյ, սակայն, երկու անգամ Մակրոնն այցելեց Լիբանան»,- նշեց նա:

Միջերկրական ծովի արեւելեան հատւածում վերջին զարգացումների ֆոնին նորից քննարկւում է Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցութեան դադարեցման հարցը: Պոլսահայ խմբագիրը դրա հետ կապւած նկատեց, որ մենք` հայերս, սնամէջ ակնկալիքներ ունենք:

«Արեւմուտքը դժւար թէ հրաժարւի Թուրքիայի նման հսկայ շուկայից: Այստեղ եւրոպական երկրները բազմամիլիարդանոց ներդրումներ ունեն. Արեւմուտքը չի կարող իր քաղաքականութեամբ այդ ներդրումները որեւէ ձեւով վնասել կամ վնասելու պատճառ դառնալ»,- ասաց նա:

Թուրքիայի ազդեցութեան մեծացումը Միջերկրական ծովում, ըստ Էստուկեանի, ամբողջ աշխարհի համար կարող է սպառնալիք լինել: Դա միայն Հայաստանին անհանգստացնող խնդիր չէ:

«Թուրքիայի իշխանութիւնները վերջին շրջանում սիրում են վերակենդանացնել Օսմանեան կայսրութիւնը: Այդ գաղափարը շատ հաճելի է թւում նրանց եւ վերջին շրջանում դա քարոզում են նաեւ ժողովրդին: Որքան էլ ժողովուրդը գիտակից եւ ողջամիտ լինի, այնուամենայնիւ նրա որոշ շրջանակներ կարող են ազդւել նման «ախորժաբեր լոզունգներից»: Հետեւաբար դա վտանգաւոր է ամբողջ աշխարհի համար»,- ասաց նա:

Այս իրավիճակում, ըստ Բագրատ Էստուկեանի, Հայաստանի համար ամենաճիշտը կը լինի Եւրոպայի հետ զուգահեռ քայլի, համամարդկային լեզւով խօսելը: «Բայց դա էլ հեշտ չէ, որովհետեւ Հայաստանն էլ իր հերթին ունի յետադիմական հոսանքներ, որոնք համամարդկային արժէքներ չեն դաւանում»,- ասաց նա:

Այս իրավիճակում, ըստ նրա, Հայաստանը նաեւ պէտք է շարունակի իր բարեկամական կապերը պահել Յունաստանի, Կիպրոսի յունական հատւածի հետ: «Հայաստանին յաջողւել է տարիների ընթացքում նրանց հետ լաւ յարաբերութիւններ ստեղծել: Եւրոմիութեան հետ աւելի սերտ յարաբերութիւններ հաստատելու դէպքում էլ աւելի ճիշտ ուղու վրայ կը կանգնի»,- ասաց նա:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։