Հա

Քաղաքական

16/09/2020 - 10:45

Ռուս փորձագէտը մատնանշեց Բաքւի ռազմավարական սխալը Երեւանի հետ հնարաւոր բանակցութիւնների նախաշեմին

Եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբին յաջողւի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ապա դա, իհարկէ, մեծ ձեռքբերում կը լինի եւ կարող է ճգնաժամից դուրս գալու միջանկեալ ելք դառնալ, բայց ես իրավիճակի դրական գնահատման նախադրեալներ չեմ տեսնում:

«alikonline.ir» - Եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբին յաջողւի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ապա դա, իհարկէ, մեծ ձեռքբերում կը լինի եւ կարող է ճգնաժամից դուրս գալու միջանկեալ ելք դառնալ, բայց ես իրավիճակի դրական գնահատման նախադրեալներ չեմ տեսնում: Այս մասին սեպտեմբերի 15-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքագէտ, Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:

Նրա խօսքերով՝ ինչպէս 2016-ի ապրիլեան պատերազմից յետոյ, այնպէս էլ Տաւուշի մարտերից յետոյ կարելի էր ակնկալել, որ յատուկ հանդիպում կը կազմակերպւի, որի ժամանակ կը ստորագրւի խաղաղութեան նոր համաձայնագիր: «Դա պայմանաւորւած է նրանով, որ եթէ նախկինում բախումները տեղի էին ունենում ղարաբաղեան հակամարտութեան գօտում, ապա այժմ դա ուղղակիօրէն առնչւել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին, սակայն ոչ նոր համաձայնագիր, ոչ ժամանակաւոր հրադադար կնքել չի յաջողւել: Այս ժամանակահատւածում Մինսկի խումբը ակտիւօրէն աշխատում էր, առաջին հերթին` Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, ով կարողացաւ կարգաւորել այս հակամարտութիւնը, բայց հանդիպում կազմակերպելու ռուսական առաջարկները չյաջողւեց իրականացնել՝ Ադրբեջանի մերժման պատճառով: Այժմ ՄԽ-ն հանդէս է եկել որպէս միջնորդ՝ խաղաղ բանակցութիւնները վերսկսելու համար: Բաքուն, որն այս ընթացքում փոխեց արտաքին գործերի նախարարին, հանդէս եկաւ Մինսկի խմբի գործունէութեան կտրուկ քննադատութեամբ՝ ակնարկելով, որ ամէն ինչ պէտք է սկսել գրեթէ «մաքուր էջից»: Այդ պատճառով բանակցային գործընթացի օրակարգն անորոշ դարձաւ, եւ հարց է առաջանում՝ վերադառնա՞լ նախկին ձեւաչափին եւ նախկին օրակարգին, որը Մամեդեարովի եւ Մնացականյանի միջեւ էր, թէ՞ ինչ-որ նոր բանից սկսել: Մոսկւա Ադրբեջանի նոր արտգործնախարարի այցից յետոյ պարզ դարձաւ, որ Բաքուն հակւած չէ բանակցել նախկին օրակարգի շուրջ, ուստի երկու նախարարների (Բայրամով եւ Մնացականեան - խմբ.) Հանդիպման հարցը կախւեց օդում: Հիմա մենք տեսնում ենք ՄԽ-ի ակտիւացում, տեղեկութիւններ են յայտնւել, որ համանախագահները հեռախօսով առանձին բանակցութիւններ են վարել երկու երկրների արտգործնախարարների հետ եւ կարծես թէ պայմանաւորւել են հանդիպման մասին: Սակայն քանի որ այդ բանակցութիւններն ընթանում են կուլիսների յետեւում, եւ տեղեկատվութիւնը չի հրապարակւում, բացարձակապէս անհասկանալի է, թէ նախարարներն ինչ օրակարգի շուրջ պէտք է հանդիպեն:

Նախ՝ այդ հանդիպումը պէտք է նախապատրաստել, երկրորդ՝ նման բանակցութիւնների նախադրեալներ դեռ չկան: Դրանք կարող են լինել միայն այն դէպքում, եթէ ՄԽ-ն որրեւէ կողմին իր սցենարով սեղմի: Բայց հայկական կողմը, որքան գիտեմ, իր դիրքորոշումը չի փոխել նոյնիսկ Տաւուշի ճգնաժամից յետոյ, ի տարբերութիւն Ադրբեջանի: Եթէ Բաքուն վերադառնում է իր նախկին դիրքորոշմանը, այսինքն շարունակում է այն սցենարը, որը նախանշւել էր Մամեդեարովի եւ Մնացականեանի միջեւ երկխօսութեան ընթացքում, ապա դա ցոյց է տալիս, որ Ադրբեջանը հակւած չէ ուժային սցենարի եւ պատրաստ է բանակցութիւնների»,- նշեց նա: Տարասովը պարզաբանեց, որ Բաքւի համար բանակցութիւնների հեռանկարները նոյնպէս շատ մշուշոտ են, քանի որ նա լուրջ ռազմավարական սխալ թոյլ տւեց՝ Տաւշուի ճգնաժամի ժամանակ ակտիւացնելով Թուրքիային: «Աւելի վաղ՝ հայ-ադրբեջանական սրացման շրջանում, Անկարան հանդէս էր գալիս որոշ յայտարարութիւններով, բայց դա անում էր «յետին պլանում», իսկ այժմ նա ակտիւութիւն ցուցաբերեց եւ նոյնիսկ հնարաւոր հակամարտութեանը մասնակցելու պատրաստակամութիւն: Դա յանգեցրեց նրան, որ ղարաբաղեան հակամարտութիւնն յայտնւեց երկու ռազմական բլոկների՝ ՀԱՊԿ-ի (որի կազմում է Հայաստանը) եւ ՆԱՏՕ-ի (որի կազմում է Թուրքիան) հնարաւոր դիմակայութեան գօտում: Սա նշանակում է, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հնարաւորութիւններն ու հեռանկարները նախորդ սցենարով դժւարանում են, իսկ Ադրբեջանը, փորձելով ինտեգրել Թուրքիային, ամէն ինչի հետ մէկտեղ, նաեւ անյարմար վիճակի մէջ դրեց Անկարային»,- յայտարարեց քաղաքագէտը:

Տարասովն ընդգծեց, որ ինչպէս ապրիլեան պատերազմը, այնպէս էլ Տաւուշի ճգնաժամը մնում են հանելուկային, քանի որ շատ անհասկանալի բաներ կան, միջազգային դիտորդներ չկան, եւ յայտնի չէ բախումների նախաձեռնողը: «Կարծիքն այն մասին, որ հայերը փորձում են ինչ-որ շրջան գրաւել, կատարեալ անհեթեթութիւն է: Նրանց ինչի՞ն է դա պէտք։ Այլ հարց է, եթէ, օրինակ, Ադրբեջանը ձգտում է գոնէ մէկ կամ երկու շրջան վերցնել, որպէսզի ինչ-որ կերպ նշանաւորի իր յաղթանակը: Կարելի է ենթադրել, որ Բաքուն ձգտում է փոխել ստատուս-քւոն: Այստեղից հարց է առաջանում՝ ո՞վ է հակամարտութեան նախաձեռնողը: Երկրորդ պահը՝ կրկնում եմ, այն է, որ Ադրբեջանը լուրջ ռազմավարական սխալներ է թոյլ տալիս` այս հակամարտութիւնը ինտեգրելով գլոբալ աշխարհաքաղաքականութեան մէջ, ինչը երկրորդ երկարատեւ «պաղեստինեան հակամարտութեան» վտանգ է առաջացնում: Իրադարձութիւնների զարգացմանը զուգընթաց, դրա կարգաւորումը նախկին սցենարի համաձայն աւելի ու աւելի է բարդանում, բացի այդ, սկսում են նեղանալ ՄԽ-ի ռեսուրսները: Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ էր միջանկեալ բանակցութիւնների գնալ»,- յաւելեց նա: Փորձագէտը համոզմունք յայտնեց, որ խնդիրը գտնւում է Ադրբեջանում, որը պաշտօնանկ արեց Մամեդեարովին, ով հանդէս էր գալիս երկխօսութեան շարունակման օգտին: «Այժմ երկխօսութիւնը խափանւած է, եւ Բայրամովը փորձում է այն վերսկսել արդէն մաքսիմալիստական դիրքերից, ինչը չի ստացւում: Այդ դէպքում ինչի՞ մասին են խօսելու նախարարները: Դեռ ամէն ինչ գտնւում է «բանակցութիւններ բանակցութիւնների շուրջ» մակարդակում: Շատ հնարաւոր է, որ նոր նախարարը Ալիեւից բանակցութիւններ վարելու յանձնարարականներ է ստացել՝ նոր փակ տիպի օրակարգ յայտարարելու համար: Հարցն այն է, թէ արդեօք Ադրբեջանը, որը ցանկանում էր բանակցութիւնները սկսել «դատարկ էջից» եւ յայտնւել է միջազգային մեկուսացման մէջ, այդ թւում՝ Թուրքիայի հետ դաշինքի ամրապնդման հետեւանքով, պատրաստ է երկխօսութիւն վարել»,- յայտարարեց Տարասովը:

Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զէնք մատակարարելու վերաբերեալ Բաքւի քննադատութիւններին, քաղաքագէտը նշեց, որ դա կարող է կապւած լինել Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայութեան ակտիւացման վերաբերեալ ռուսական հետախուզութեան տւեալների եւ հաւասարակշռութիւնը վերականգնելու որոշման հետ:

Յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հեռախօսազրոյցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հետ եւ հրաւիրել են նախարարներին առաջիկայ շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ իրենց դիրքորոշումներն աւելի յստակեցնելու համար՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցութիւնները վերսկսելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։