Print this page
19/09/2020 - 10:50

ԱՄՆ-ն ընդդէմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկւել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրաւական լծակից

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ ստեղծւած աշխարհաքաղաքական իրադրութեանն ու Իրանին զէնք վաճառելու արգելքի հետ կապւած խնդրին։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ ստեղծւած աշխարհաքաղաքական իրադրութեանն ու Իրանին զէնք վաճառելու արգելքի հետ կապւած խնդրին։

Ահարոն Վարդանեանի դիտարկմամբ` խնդիրն այն է, որ սպառազինութեան արգելքը լրանում է ոչ թէ ԱՄՆ-ի կողմից, այլ ՄԱԿ-ի կողմից սահմանւած պատժամիջոցային համակարգում։ Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն էլ հէնց այդ մասին է վկայում, եւ այստեղ, ըստ իրանագէտի, կայ մի նրբութիւն. ԱՄՆ-ն 2018 թւականին դուրս գալով միջուկային համաձայնագրից` փաստօրէն ոչ մի իրաւական լծակ չունի սպառազինութեան հետ կապւած պատժամիջոցային արգելքը երկարաձգելու։

«Տարօրինակն այն է, որ ԱՄՆ-ն յղում էր անում մի համաձայնագրի, որի անդամ չէ 2018 թւականից, ինչն աշխատում է հէնց Միացեալ Նահանգների դէմ։

Վերջինս դիմեց տարատեսակ քայլերի, բերեց տարաբնոյթ պատճառաբանութիւններ, որպէսզի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կարողանար համոզել, որ Իրանի դէմ արգելքի ժամկէտները պէտք է երկարաձգւեն, սակայն ԱԽ-ն դէմ արտայայտւեց ամերիկեան նախաձեռնութեանը»,- նշում է իրանագէտը։

Ահարոն Վարդանեանի կարծիքով` Իրանը շուտով հնարաւորութիւն կունենայ թարմացնել իր զինանոցը` տարբեր երկրներից ու ընկերութիւններից գնելով համապատասխան սպառազինութիւն։

«Անկախ ամէն ինչից՝ միջուկային պայմանագրով նախատեսւած պատժամիջոցներն ու նախապայմաններն ուժի մէջ են, սակայն ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ Իրանը միւս պետութիւնների առջեւ իր հերթին նոյնպէս պայման է դրել, որպէսզի ոչ միայն ինքը, այլեւ պայմանագրի անդամ միւս բոլոր երկրները կատարեն ստանձնած պարտաւորութիւնները»,- նշում է իրանագէտը։

Ահարոն Վարդանեանի տեղեկացմամբ` պաշտօնական Թեհրանն առաջարկում է ստեղծել գոնէ այնպիսի համակարգ, որ Իրանը կարողանայ օգտւել մասնաւորապէս բանկային փոխանցումներից եւ այլ գործառոյթներից, որոնք սառեցւել կամ կասեցւել են միջուկային կոնֆլիկտի պատճառով։

Յարակից լուրեր