Հա

Քաղաքական

21/09/2020 - 09:20

Եւրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի դէմ պատժամիջոցների հարցում

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ սեպտեմբերի 20-ից յետոյ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Այս մասին ասւած է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ուղղւած այս երկրների`ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների նամակում:

«alikonline.ir»- Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ սեպտեմբերի 20-ից յետոյ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Այս մասին ասւած է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ուղղւած այս երկրների`ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների նամակում. յայտնում է Tert.am-ը՝ korrespondent.net-ին յղումով:

Ինչպէս նշւում է, եւրոպական երեք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան (այսպես կոչւած՝ Եւրոեռեակը), հակառակ Միացեալ Նահանգների դիրքորոշմանը, հրաժարւել են վերականգնել Թեհրանի դէմ պատժամիջոցները, որոնք չեղեալ են յայտարարել 2015 թւականին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ստորագրումից յետոյ:

Նամակում նշւում է, որ Միացեալ Նահանգների կողմից ցանկացած որոշում կամ գործողութիւն՝ ուղղւած Իրանի դեէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիւացմանը, իրաւական ուժ չի ունենայ՝ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով:

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը շարադրւած էր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւում, որով վաւերացւել է Իրանի հետ 2015 թւականին ստորագրւած միջուկային համաձայնագիրը: Համաձայն այս կէտի, պայմանագրի պայմանները չկատարելու դէպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել վերականգնել պատժամիջոցները, իսկ միւս կողմերը չեն կարող վետօ դնել այդ պահանջի վրայ:

Այնուամենայնիւ, 2018-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու պատճառով, Եւրոեռեակը կարծում է, որ Վաշինգտոնն այլեւս իրաւական հնարաւորութիւն չունի պահանջելու վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դէմ: Սպիտակ տունը համոզւած է, որ Վաշինգտոնն իրաւունք ունի օգտագործել այդ մեխանիզմը, քանի որ մասնակցել է բանաձեւի ստորագրմանը:

Դեռ պարզ չէ, թէ ինչպէս Միացեալ Նահանգները պէտք է գործարկի այս մեխանիզմը, երբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկրների մեծ մասը չեն աջակցում Վաշինգտոնին այս հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։