ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից տարածւող կեղծ տեղեկատւութեան վերաբերեալ։
«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից տարածւող կեղծ տեղեկատւութեան վերաբերեալ։
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը ֆէյսբուքի իր էջում գրել է․
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցութեամբ եւ օտարերկրեայ ահաբեկիչ զինեալների ներգրաւմամբ Արցախի նկատմամբ սանձազերծւած ագրեսիան ուղեկցւում է ողջամտութեան սահմաններն անցնող ապատեղեկատւութեան եւ կեղծիքների արշաւով:
Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ յաջողութեան՝ ադրբեջանական կողմը մի կողմից խօսում է երեւակայական յաջողութիւնների մասին, իսկ միւս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թէ Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղութեամբ հարւածներ է հասցնում:
Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքից Ադրբեջանի խորքում գտնւող բնակավայրերին հարւած հասցնելու մասին վերջին ժամերին տարածւած ապատեղեկատւութիւնը:
Ապատեղեկատւական արշաւի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգւածային հրետակոծումը, որի հետեւանքով միայն այսօր արձանագւել են բազմաթիւ զոհեր քաղաքացիական բնակչութեան շրջանում, եւ լուրջ վնաս է հասցւել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցւածքներին:
Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաեւ հող է նախապատրաստում իր յանցաւոր քաղաքականութեան շարունակման եւ պատերազմի աշխարհագրութեան ընդլայնման համար:
Ադրբեջանական կողմի իւրաքանչիւր սադրանք կը ստանայ համարժէք պատասխան Հայաստանի Հանրապետութեան կողմից»: