Հա

Քաղաքական

08/10/2020 - 14:50

«Ճշմարտութեան պահ Ռուսաստանի համար». Արա Նռանեան

Ռուսաստանն իր արտաքին քաղաքականութեան մէջ միւս պետութիւններից աւելի յաճախ միանգամայն հիմնաւոր պահանջում է աւելի յստակ արտաքին քաղաքականութիւն եւ աւելի հասկանալի կողմնորոշում առաջնահերթութիւնների ընտրութեան հարցում։ Եւ սա ճիշտ է։ Միւս պետութիւնների, յատկապէս ռազմավարական դաշնակիցների հետ յարաբերութիւնները պէտք է լինեն յստակ, հասկանալի եւ անկեղծ։ 

Ռուսաստանն իր արտաքին քաղաքականութեան մէջ միւս պետութիւններից աւելի յաճախ միանգամայն հիմնաւոր պահանջում է աւելի յստակ արտաքին քաղաքականութիւն եւ աւելի հասկանալի կողմնորոշում առաջնահերթութիւնների ընտրութեան հարցում։ Եւ սա ճիշտ է։ Միւս պետութիւնների, յատկապէս ռազմավարական դաշնակիցների հետ յարաբերութիւնները պէտք է լինեն յստակ, հասկանալի եւ անկեղծ։ Պետութիւնների ազնիւ, աւելի անկեղծ արտաքին քաղաքականութիւնը յարգանքի արժանի կը լինի ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլեւ այն երրորդ երկրների կողմից, որոնք, հնարաւոր է, համաձայն չեն այդպիսի դիրքորոշմանը, բայց կը յարգեն եւ ըմբռնումով կը մօտենան միւս երկրի աշխարհաքաղաքական ընտրութեանը։

Միւս կողմից՝ Ռուսաստանն ինքը յաճախ առաջնահերթութիւններ ընտրելիս կամ իր աշխարհաքաղաքական դիրքորոշման աւելի յստակ պարզաբանման անհրաժեշտութեան դէպքում կա՛մ փորձում է խուսանաւել (երբեմն՝ անհարկի), կա՛մ պարզապէս ուշանում է իր կայացրած որոշմամբ։ Որպէս կանոն, այսպիսի վարքագիծը յատուկ է միանգամայն այլ յաւակնութիւններով երկրներին։ Բայց փաստ է, որ 1980-ականների վերջից «փափուկ» աշխարհաքաղաքական մարտավարութիւնն աստիճանաբար յանգեցրել է ազդեցութեան աւանդական ոլորտներից Ռուսաստանի հեռանալուն, իսկ պատմականօրէն Ռուսաստանին լոյալ երկրները յայտնւել են միանգամայն այլ աշխարհաքաղաքական շահերի ազդեցութեան գօտում։

Համանման քաղաքականութիւն է վարւել փաստացի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը սկսել է առաջացնել օրինաչափ հարցեր։ Ռուսաստանի Դաշնութեան պաշտօնատար անձինք, քաղաքական եւ պետական գործիչները ղարաբաղեան նոր պատերազմի վերջին օրերին չեն դադարում մեդիա դաշտը լցնել յայտարարութիւններով, որ Ռուսաստանը ջանում է այս հակամարտութեան մէջ չէզոք դիրք գրաւել, քանի որ խաղաղ գործընթացում միջնորդ է, իսկ երկու երկրներն էլ Ռուսաստանի համար հաւասարապէս թանկ են ու կարեւոր։

Մի կողմից Հայաստանն է` ՀԱՊԿ անդամ, որը ռուսական ռազմաբազա ունի Գիւմրիում, միւս կողմից Ադրբեջանն է, որը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայում եւ ծայրայեղական կազմակերպութիւնների զինեալներ է արտահանում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է` ռուսական ներդրումներով տնտեսութեան ռազմավարական ոլորտներում եւ սերտ համագործակցութեամբ բոլոր ոլորտներում` կրթութիւնից մինչեւ միջուկային էներգիա, իսկ Ադրբեջանը` նաւթագազային արդիւնաբերութեան մէջ արեւմտեան ներդրումներով եւ խողովակաշարերով Կասպից ծովից` Ռուսաստանի Դաշնութեան կենսական շահերի գօտուց: Հայաստանը, որը միջազգային ատեաններում կամ չէզոք կամ սինխրոն է քւէարկում Ռուսաստանի հետ, եւ Ադրբեջանը, որը միշտ դէմ է քւէարկում ռուսական դիրքորոշմանը:

Արդիւնքում մենք ունենք Հայաստան, որն իր աշխարհառազմավարական ընտրութիւնն արդէն կատարել է, եւ Ռուսաստան, որը խուսանաւում է հակամարտութեան կողմերի միջեւ: Սա արդէն յանգեցրել է Ռուսաստանի սեփական դիրքերի կորստին թւացեալ աւանդական տարածաշրջաններում եւ երկրներում: Այո, Ռուսաստանը յուսալիութիւն է պահանջում իր դաշնակիցներից: Բայց այն ինքը պէտք է նաեւ պատրաստ լինի որպէս յուսալի դաշնակից հանդէս գալ: Թուրքիան արդէն անցել է ռուբիկոնը` Արաքս գետը: Նրանց զօրքերն արդէն գտնւում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում: Եթէ Ռուսաստանը շարունակի իր չէզոք դիրքորոշումը, ապա, անկախ հակամարտութեան ներկայ փուլի արդիւնքներից, այն ռիսկի է դիմում կորցնել հերթական տարածաշրջանը: Ադրբեջանը կը շարունակի գործել որպէս Թուրքիայի դուստր ձեռնարկութիւն, իսկ պանթուրքիզմը համարձակ քայլով կը շարունակի իր երթը դէպի հիւսիս եւ արեւելք:

Իսկ այժմ Հայաստանի նկատմամբ ՌԴ քաղաքականութեան ներքին ռուսական դիսկուրսի ամենակարեւոր փաստարկի մասին: Այո, ռուս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները ճիշտ են: Հայաստանում իշխանութիւնը «պատահական» մարդիկ ենք, ովքեր մինչ այդ հակառուսական քաղաքականութեան խօսափողներն էին երկրում, դէմ էին ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, կողմ էին ռուսական բազան Հայաստանից դուրս բերելուն եւ պարբերաբար մեղադրում էին Ռուսաստանին բոլոր մեղքերի մէջ: Եւ հիմա, իշխանութիւն դառնալուց յետոյ, նրանք յանկարծ թէ ՀԱՊԿ-ի, թէ ԵԱՏՄ-ի ջերմեռանդ աջակիցներն են դարձել: Ի դէպ` ինչո՞ւ: Պէտք է նկատի ունենալ, որ այդպիսի մարդկանց` իշխանութեան գալը նախորդ իշխանութիւնների վարած քաղաքականութեան արդիւնք է, իսկ ժողովրդի կողմից նոր կառավարութեան ընտրութիւնը պայմանաւորւած էր միայն հինը փոխարինելու ցանկութեամբ: Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրութիւնը պայմանաւորւած չէ իշխանութիւնների որոշմամբ: Դա հայ ժողովրդի ընտրութիւնն է: Այդ պատճառով նոր իշխանութիւնները ստիպւած էին շարունակել նախկին արտաքին քաղաքական վեկտորը: Ի տարբերութիւն Ադրբեջանի` որտեղ պատերազմն աւանդաբար ներքաղաքական իրավիճակի սրման է յանգեցնում, Հայաստանում հասարակութեան համախմբում է տեղի ունենում: Հայ ժողովուրդը երբեք առանձնապէս հիացած չի եղել իր ղեկավարներով: Բայց վտանգի տարիներին նա միշտ համախմբւում էր բանակի ու պետութեան շուրջ` ներքաղաքական քաշքշուկները թողնելով աւելի յարմար ժամանակի համար: Հայ ժողովուրդը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է համարել եւ համարում, եւ հէնց նա է ազդում երկրի կառավարութեան արտաքին քաղաքական ընտրութեան վրայ, այլ ոչ թէ հակառակը: Այդ պատճառով հասարակութիւնը չի կարող ընկալել ներկայիս ղեկավարութեան նկատմամբ զգուշաւոր եւ անվստահ վերաբերմունքի վերագրումը (որին քաղաքացիները շատ հարցեր ունեն), Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին: Ժամանակակից փորձը (առաջին հերթին` արեւմտեան երկրների) ցոյց է տալիս, որ քաղաքականութիւնն արդիւնաւէտ է, երբ աշխատում ես ոչ միայն պետութիւնների ղեկավարութեան, այլ նաեւ նրանց հասարակութեան հետ: Իսկ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ աշխատելիս պէտք է հաշւի առնել եւս մի կարեւոր գործոն: «Նա շան որդի է, բայց գոնէ մերն է» սկզբունքը չի աշխատում բաց եւ ազատասէր հասարակութիւններում: Հասարակութեան համար վարկաբեկւած կամ անընդունելի անձանց հետ համագործակցութիւնը վարկաբեկում է ինչպէս համագործակցութեան գաղափարը, այնպէս էլ նրանց, ով դրանում ներգրաււած է:

Հայ-ռուսական յարաբերութիւնները պէտք է հանւեն բացութեան, անկեղծութեան եւ փոխվստահութեան աւելի բարձր մակարդակի վրայ: Համատեղ ինտենսիւ աշխատանքը տարածաշրջանային ռազմավարական նախագծերի իրականացման ուղղութեամբ դեռ առջեւում է: Տարածաշրջանին փոխոխութիւններ են սպասւում: Ռազմավարական դաշնակիցները պէտք է իրենց սեփական տեսլականն ունենան տարածաշրջանային նոր կազմաձեւի վերաբերեալ, ինչպէս նաեւ համբերատար եւ առօրեայ աշխատանքներ կատարեն այն կեանքի կոչելու համար: Նոր գլոբալ մարտահրաւէրներն ու յաւակնոտ ծրագրերի համար նոր գաղափարներ եւ նոր մարդիկ են անհրաժեշտ: Եւ իրավիճակի ներկայիս սրումը եւ նոր պատերազմը ոչ միայն նոր ռիսկեր եւ վտանգներ են, այլեւ` նոր աշխարհի նոր հնարաւորութիւն:

 

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

News.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։