Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բռնկւած պատերազմում:
«alikonline.ir» - Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բռնկւած պատերազմում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի յանձնաժողովում:
«Ղարաբաղեան հակամարտութիւնն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիւ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իւ Լէ Դրիանը՝ յստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողութիւնները:
ԱԳ նախարարի խօսքով՝ կողմերից իւրաքանչիւրը պէտք է շահագրգռւած լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպէս` «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցւում է կրակը, սկսւում են բանակցութիւններ, որպէսզի համաձայնութեան հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թոյլ կը տայ կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` յիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը հոկտեմբերի 7-ին յայտարարել էր նաեւ, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտութիւն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողութիւններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտութիւնը: