Հա

Քաղաքական

19/10/2020 - 13:45

«Լեռնային Ղարաբաղ. ով եւ ինչպէս կը սանձահարի Ալիեւին եւ Էրդողանին». Regnum

Լեռնային Ղարաբաղում խախտւել են հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, որն ուժի մէջ էր մտել հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ին եւ որը ձեռք էր բերւել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչութիւնների ջանքերով՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի՝ չնայած վստահեցւում էր, որ որոշումը կայացւել է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների նախորդ համատեղ յայտարարութեան համաձայն: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղում խախտւել են հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, որն ուժի մէջ էր մտել հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ին եւ որը ձեռք էր բերւել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչութիւնների ջանքերով՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի՝ չնայած վստահեցւում էր, որ որոշումը կայացւել է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների նախորդ համատեղ յայտարարութեան համաձայն: Ըստ Tert.am-ի՝ գրում է Regnum-ը:

Յօդւածագիրը՝ ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը նշում է, որ հասկանալի պատճառներով կողմերը մարտի դաշտում ծաւալւող զարգացումների վերաբերեալ շատ բան բաց տեղեկատւական տարածքում չեն տեղադրում: ԶԼՄ-ներում յայտնւող տեղեկութիւնները պէտք է շատ զգոյշ դիտարկել, քանի որ ապացոյցներ չկան, իսկ դա բարդացնում է իրական պատկերի հաւաստի վերստեղծումը: Սակայն կարելի է խօսել ուժերի աշխարհաքաղաքական բաշխման ձեւաւորման մասին, քանի որ հնչում են բազմաթիւ քաղաքական յայտարարութիւններ եւ իրականացւում են տարբեր դիւանագիտական կապեր:

«Այժմ պարզ է մի բան. Ադրբեջանի կայծակնային պատերազմը, Թուրքիայի ակտիւ եւ գրեթէ բազմակողմանի աաջակցութեամբ, չի կայացել: Պատերազմը ձգձգւում է»,- գրում է Տարասովը՝ յիշեցնելով, որ օրերս կայացել է հերթական հեռախօսազրոյցը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չաւուշօղլուի միջեւ: Երկու գերատեսչութիւնների պաշտօնական հաղորդագրութիւններում այս մասին հնչում են, կարծես թէ, ճիշտ խօսքեր՝ «հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովեան յայտարարութիւնների դրոյթների անյապաղ կատարման անհրաժեշտութեան վերաբերեալ»: Սակայն խօսքերի յետեւում չկան կոնկրետ գործողութիւններ: Հաւասարաչափ դա վերաբերում է նաեւ Լաւրովի հեռախօսազրոյցներին իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ:

«Աւելին, Թուրքիայի նախագահը յայտարարում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը պէտք է աւարտի ԼՂ վերաբերեալ բանակցութիւնները»: Նա նաեւ մեղադրում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին այս գործընթացի երկարաձգման համար: Սակայն ՄԽ-ի հանդէպ մեղադրանքները հիմք չունեն, քանի որ այն իր կողմից կատարում է հէնց այն գործառոյթները, որոնք իր վրայ դրւած են՝ լինել միջնորդ կողմերի միջեւ եւ օգնել նրանց գտնել փոխզիջումային որոշում: Խմբի խնդիրների մէջ չի մտնում հակամարտութեան մասնակիցներին որեւէ լուծում պարտադրելը: Հակամարտող կողմերը, ամրապնդելով իրենց դիրքորոշումները, գործում են նախկինում համաձայնեցւած խաղաղ կարգաւորման սկզբունքներին հակառակ: Այդ պատճառով էլ, ՄԽ-ին շատ դժւար կը լինի վերադառնալ բանակցային դիրքի ելման կէտին, քանի որ Բաքուն եւ Երեւանը պատրաստ չեն փոխադարձ զիջումներին, թէեւ Հայաստանն աւելի շատ է պատրաստ խաղաղ բանակցութիւններին: Ալիեւն առհասրակ կարծում է, որ խնդրի առաւել ընդունելի լուծումը ուժայինն է»,- նշում է Տարասովը:

Այնուհետեւ նա մէջբերում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քաւանոյի տեսակէտը, ըստ որի՝ քանի դեռ Ալիեւին չի յաջողւել համոզել ԼՂ հակամարտութեան ռազմական տարբերակի լուծման անհնարինութիւնը, կռիւը շարունակւելու է:

Բայց ինչպէս դա անել. չէ որ նա, յենւելով Էրդողանի վրայ, որոշել է ուժային տարբերակին անցնել, ինչն էլ, ինչպէս ենթադրում է բրիտանացի փորձագէտ Լոուրենս Բրոերսը, ազդարարում է հակամարտող կողմերի վրայ միջազգային ճնշման նւազում, այդ թւում նաեւ Մոսկւայի կողմից:

«Ռուսաստանը կարող է դիւանագիտական ազդեցութեան աւելի շատ լծակներ ունենալ, սակայն Թուրքիան, օգնելով Ադրբեջանին, աւելի շատ ազդեցութեան լծակներ ունի հէնց ռազմական գործողութիւնների թատերաբեմում»,- նշում է Բրոերսը:

Փորձագէտի խօսքով՝ ԱՄՆ-ն թէեւ կոչ է անում հետեւել կրակի դադարեցման ռեժիմին եւ հակամատութեան խաղաղ կարգաւորմանը, յաւուր պատշաճի չի մասնակցում տարածաշրջանում իրավիճակի կարգաւորմանը: Բացի այդ, գրեթէ չկան կոլեկտիւ գործողութիւններ միաջագային կառոյցների կողմից, պասիւ է ԵՄ-ն:

«ԼՂ հակամարտութեան կարգաւորման համար անհրաժեշտ է նոր հզօր քաղաքական խթան՝ այդ գործընթացը դիւանագիտական, այլ ոչ թէ ուժային ճանապարհով ակտիւացնելու համար:

Նման աշխատանք անհրաժեշտ է սկսել, քանի դեռ գործը չի հասել լայնածաւալ ռազմական հակամարտութեան ոչ միայն Անդրկովկասում», եզրափակում է յօդւածի հեղինակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։