Հա

Քաղաքական

21/10/2020 - 19:10

«Էրդողանի՝ տարածաշրջանում անկայունութիւն ստեղծելու փորձերը լուրջ անհանգստութիւն են առաջացնում Իրանում». Կարէն Վերանեան

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով` Իրանի համար չափազանց կարեւոր է իր սահմանային անվտանգութիւնը եւ բացի այդ, Իրանն անհանգստացած է Թուրքիայից բերւած եւ իր սահմաններին մօտ տեղակայւած ահաբեկիչներով: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Իրանի համար անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրւած գերժամանակակից յարձակողական նշանակութեան սպառազինութիւնը կառավարւում է իսրայէլցի մասնագէտների կողմից, իսկ դա նշանակում է, որ Իսրայէլը եւս ներգրաււել է այս հակամարտութիւնում:

«alikonline.ir» - Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով` Իրանի համար չափազանց կարեւոր է իր սահմանային անվտանգութիւնը եւ բացի այդ, Իրանն անհանգստացած է Թուրքիայից բերւած եւ իր սահմաններին մօտ տեղակայւած ահաբեկիչներով: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Իրանի համար անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրւած գերժամանակակից յարձակողական նշանակութեան սպառազինութիւնը կառավարւում է իսրայէլցի մասնագէտների կողմից, իսկ դա նշանակում է, որ Իսրայէլը եւս ներգրաււել է այս հակամարտութիւնում:

«Իսրայէլի ցանկացած ակտիւացում տարածաշրջանում անմիջապէս լուրջ արձագանք է ստանում Իրանի կողմից»,- ասաց նա:

Կարէն Վերանեանը մատնանշեց, որ իսրայէլական ԱԹՍ-ներից որոշները խոցւում են ոչ թէ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում, այլ հէնց Իրանի: «Իսկ դա կարծում եմ՝ հեռահար գնացող սցենար է»,- ասաց նա: Այս օրերին Իրանում տեղի ունեցող ՀՕՊ զօրքերի զօրավարժութիւններն էլ, ըստ նրա, իրական վտանգը զգալու, այն զսպելու քայլ են: 

«Իրանական կողմը բազմիցս յայտարարել է, որ եթէ խախտւի իրենց սահմանը, դիմելու են կոշտ միջոցների: Հիմա յայտարարութիւններից անցելու են գործի: Միանգամայն պարզ է, որ այդ ԱԹՍ-ները, որ խախտում են Իրանի օդային սահմանը, Ադրբեջանինն են՝ գնւած Իսրայէլից: Եւ պարզ է, որ դրանց՝ Իրանում յայտնւելը պատերազմի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով չէ: Կարծում եմ՝ ե՛ւ Թուրքիան կարող է փորձել հրահրել, սադրել, ե՛ւ Իսրայէլը»,- ասաց նա:

Փորձագէտը նկատեց՝ Իրանից եկող պաշտօնական հաղորդագրութիւնները մի քանի շերտի կարելի է բաժանել: «Իրանում չեն ցանկանում, որ որեւէ կերպ խախտւի այն ուժային հաւասարութիւնը, որը կար թէ՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ, եւ թէ՛ ընդհանրապէս Հարաւային Կովկասում: Եւ այստեղ առաջին ուղերձն ուղղւած է հէնց Թուրքիային: Էրդողանի` տարածաշրջանում անկայունութիւն ստեղծելու փորձերը լուրջ անհանգստութիւնն են առաջացնում Իրանում»,- ասաց նա` միեւնոյն ժամանակ նշելով, որ ի հակադրութիւն ԱՄՆ-ի եւ Իսրայէլի, Իրանը, ամէն դէպքում, կը փորձի օգտւել իրավիճակից եւ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Նա այս համատեքստում յիշատակեց, որ Սիրիայում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան գնացին նաեւ եռակողմ ձեւաչափով բանակցութիւնների: «Լեռային Ղարաբաղի դէպքում էլ այս վերջերս հնչեցին յայտարարութիւններ, որոնք ուղղւած էին այդ հնարաւոր ձեւաչափի քննարկմանը: Կարծում եմ` դա առաջին հերթին Ռուսաստանի կողմից չընդունւեց: Այդ «մեսիջը» հնչել էր ռազմական գործողութիւնների հէնց առաջին օրը. Չաւուշօղլուն դիմել էր ռուսական կողմին»,- ասաց նա:

Ըստ Կարւն Վերանեանի` իհարկէ, կայ ռիսկ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարող է նմանւել սիրիականին` հաշւի առնելով տարբեր երկրների ներգրաււածութիւնը, շահերը: «Այդ մասին գիտակցում է հայկական կողմը: Թուրքիան փորձում է այս տարածաշրջանը Սիրիայի պէս վերածել թատերաբեմի եւ ռազմական գործողութիւնների ամբողջ տրամաբանութիւնը տեղայնացնել սիրիական սցենարով: Պատահական չէ, որ Չաւուշօղլուն պատերազմի հէնց առաջին օրերին ռուսական կողմին առաջարկեց հարցը լուծել ասիական ձեւով` երկկողմ ձեւաչափով»,- նկատեց նա:

Սակայն, ըստ փորձագէտի, ի տարբերութիւն Սիրիայի կամ Լիբիայի, որտեղ Ռուսաստանը ներգրաււած է միջնորդաւորւած եւ կարող է գնալ եւ գնում է երկկողմ կամ եռակողմ բանակցութիւնների` իրավիճակի պահանջից ելնելով, Հարաւային Կովկասը այլ է. նրա համար այն կենսական շահերի գօտի է: «Այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի համար նման կարեւոր տարածաշրջանում, Թուրքիայի շանսերը առաջարկներ ներկայացնելու նւազում են»,- ասաց նա:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։