Print this page
22/10/2020 - 11:20

«Պէտք է Վրաստանին յստակ բացատրենք, որ անհրաժեշտութեան դէպքում իր օդային տարածքով պէտք է ուժեր եւ միջոցներ ուղարկւեն Հայաստան». Զատուլինը՝ ԼՂ-ում ՌԴ-ի հնարաւոր գործողութիւնների մասին

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եւրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ կապերի հարցով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայութեան» հետ զրոյցում թւարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերեալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

«alikonline.ir» - ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եւրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ կապերի հարցով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայութեան» հետ զրոյցում թւարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերեալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Զատուլինի խօսքով՝ հէնց Ադրբեջանը եւ Թուրքիան են խաթարել խաղաղութիւնը տարածաշրջանում, որպէսզի հասնեն ռազմական ռեւանշի, այդ պատճառով նրանց պէտք է յիշեցնել՝ որ պետութիւնն է առաջատար յետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ՝ ինչպէս պէտք է վարւի Մոսկւան, սակայն նշել է մի քանի ենթադրեալ տարբերակներ, որոնց թւում է դեսանտային գործողութիւնը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձեւով: ՀԱՊԿ-ին դիմելու ձեւաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանութեան համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութեան պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթէ անհրաժեշտ լինի, մենք պէտք է յստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտութեան դէպքում նա պէտք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պէտք է ուժեր եւ միջոցներ ուղարկւեն Հայաստան: Սա պարտադրւած որոշում է, քանի որ խօսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կը տուժեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ միւս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչութեան մեծ զանգւածների համար, որը պատմականօրէն յիշում է ցեղասպանութիւնն այդ շրջանում: Մենք պէտք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Նա նաեւ համաձայնւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն կարծիքի հետ, որ հակամարտութիւնը դեռեւս չունի դիւանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողութիւնների պատճառով: Զատուլինը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

«Մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասել է Փաշինեանը: Մենք հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը եւ կողմ է բանակցութիւններին: Միեւնոյն ժամանակ, շարունակում է յարձակումը եւ անընդունելի պահանջներ առաջ քաշում: Սակայն արտաքինից դա խաղաղասիրութեան դրսեւորում է երեւում»,- կարծում է Զատուլինը:

Յարակից լուրեր