Հա

Քաղաքական

27/10/2020 - 11:40

«Պէտք է իրականացւի խաղաղութեան պարտադրման օպերացիա՝ ՄԱԿ մանդատ, անթռիչք գօտի եւ միջազգային կոնտինգենտի մուտք Ղարաբաղեան հակամարտութեան գօտի». Տարասով

«Եթէ չեն գործում հրադադարի պայմանաւորւածութիւնները, ապա պէտք է գնալ խաղաղութիւն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Արցախեան հակամարտութեան գօտում պատերազմը դադարեցնելուն ուղղւած դիւանագիտական ջանքերին, հրադադարին եւ անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապէս կը փոխեն ստեղծւած իրավիճակը։

«alikonline.ir» - «Եթէ չեն գործում հրադադարի պայմանաւորւածութիւնները, ապա պէտք է գնալ խաղաղութիւն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Արցախեան հակամարտութեան գօտում պատերազմը դադարեցնելուն ուղղւած դիւանագիտական ջանքերին, հրադադարին եւ անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապէս կը փոխեն ստեղծւած իրավիճակը։

Յիշեցնենք, որ նախօրէին յայտնի դարձաւ, որ ԱՄՆ միջնորդութեամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 26-ի ժամը 08։00-ից յայտարարել արդէն 3-րդ հումանիտար հրադադարը, որը արդէն իսկ խախտւել է ադրբեջանական կողմից, ՀՀ ՊՆ հաղորդագրութիւնների համաձայն։

Այս օրերին դիւանագիտական ակտիւութիւն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ համանախագահութիւնը։ ԱՄՆ-ում պետքարտուղար Պոմպէոն եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Օ՛Բրայանը հանդիպումներ անցկացրին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ճնշումներ բանեցրին ադրբեջանական կողմի նկատմամբ հրադադարի ուղղորդելու նպատակով։

Ուշագրաւ է նաեւ այն, որ կիրակի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելոյթ ունենալով իր աջակիցների առաջ Նիւ Հեմփշիրում, ասաց, որ Միացեալ Նահանգները կը կարողանայ հեշտութեամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքւի եւ Երեւանի միջեւ հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ. «Մենք ամէն ինչ կարգի կը բերենք: Դա, իմ կարծիքով՝ հեշտութեամբ տեղի կունենայ: Պէտք է որ հեշտ լինի, երբ գիտես, թէ ինչ ես անում»,- ասել է նաեւ՝ որպէս օրինակ նշելով Կոսովոն։

Թէեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով աշխատում են հրադադար հաստատել հակամարտութեան գօտում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուղերձով դիմում է իր ժողովրդին՝ սպառնալով արտաքին ագրեսիայի դէպքում կիրառել Ադրբեջանի տարածքում գտնւող թուրքական F16 կործանիչները։

Նա նաեւ կասկածի տակ է դրել առաջիկայում Ժնեւում նախատեսւող Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ակնարկելով, որ Ադրբեջանը չի հրաժարւելու իր յարձակումից։ Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Ադրբեջանը մեծ ճնշումների է ենթարկւում։ Արցախեան պատերազմի շուրջ դիւանագիտական գործընթացը՝ բարձր մակարդակի յայտարարութիւնները, «եռում» են, սակայն չկայ հրադադար, եւ այս ֆոնին հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի է ունենալու ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։

Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ ընդհանրապէս այս օրերին ձեւակերպւող հարցերը, թէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ո՞րը կը կարողանայ յաջողութեան հասնել՝ սխալ է, քանի որ պատերազմի շուրջ գործընթացները ցոյց տւեցին, որ համանախագահները գործում են միասին։

Նա ակնարկեց, որ Մոսկւան առանձնայատուկ եւ առանցքային դերակատարման չի յաւակնում եւ գործում է՝ որպէս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ինչն էլ երեւաց օրերս «Վալդայ» ակումբում նրա արած մեկնաբանութիւններից։

«Առաջին փուլը մոսկովեան համաձայնութիւններն էին, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ ՄԽ միւս երկրների աջակցութեամբ, երկրորդ փորձը՝ Վաշինգտոն, որը եւս ստացաւ բոլորի աջակցութիւնը, նոր քայլ էր Թրամփի յայտարարութիւնը, որ սա իբրեւ թէ կարելի է լուծել, ինչպէս Կոսովոն։ Իսկ Կոսովոն լուծւեց անկախութեամբ, այսինքն՝ Թրամփը երեւան է բերում անկախութեան ճանաչման հարցը ԼՂ հակամարտութիւնում։ Սա նոու-հաու չէ, քանի որ այս գաղափարը 2016 թւականի ապրիլին դեռ Քերին էր առաջարկում, երբ Վիեննայի բանակցութիւններն էին։ Այս թեմատիկայի շրջանառութիւնն ամէն դէպքում եւս միտւած է հրադադարին, հրադադարից յետոյ միայն կարելի է անցում կատարել դիւանագիտական քաղաքական գործընթացին։ Ու այստեղ արդէն բազմաթիւ խնդիրներ են ի յայտ գալիս, ուզենք թէ չուզենք, շփման գիծը փոխւել է, հարց է՝ կը պահպանւի՞ արդեօք Մադրիդեան օրակարգը, թէ՞ ոչ, թէ՞ միանգամից Կոսովոյի ճանապարհով են սկսում գնալ, ճանաչում են ի՞նչ սահմաններով, եւ այլն... սրանք հարցեր են, որոնց շուրջ կարող ենք իմպրովիզներ անել՝ ինչքան ուզենք, սակայն դա տեղին չէ հիմա»,- ասաց Տարասովը։

Հարցին, թէ ինչպէ՞ս հասնել հրադադարի, երբ հրադադարի շուրջ բարձրաստիճան պայմանաւորւածութիւնները Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդութեամբ չեն գործում, Տարասովը պատասխանեց՝ եթէ առաջ ընթանալու համար դիւանագիտական եւ քաղաքական գործընթացում ոչ մի հրադադար չի գործում, ապա, ՄԱԿ մանդատի համաձայն, յայտարարւում է բաց երկինք, յայտարարւում է, որ գօտի է մտցւում միջազգային կոնտինգենտ, սկսւում է խաղաղութեան պարտադրման օպերացիա՝ միացեալ առաքելութիւն։

Նա դիտարկմամբ՝ քիչ հաւանական է, որ խաղաղապահներ լինեն միայն Ռուսաստանից, դա կը լինի միջազգային առաքելութիւն։ «Իսկ յետագայում եթէ ֆրանսիացիները եւս առաջ մղեն Կոսովոյի ձեւաչափը, ապա ռուսները դրան կաջակցեն, եւ այդ հարցում կոնսենսուս կը լինի ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իսկ Կոսովոն դա պատասխանն էր Թուրքիայի ներխուժմանն այս հակամարտութիւն»,- ասաց ռուս քաղաքագէտ Տարասովը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։