ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարաւային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) եւ Ալբերտ Վայլէրը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկէլին:
«alikonline.ir» - ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարաւային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) եւ Ալբերտ Վայլէրը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկէլին: Տեղեկացնում է Tert.am-ը:
Նրանք դաշնային կանցլեր Անգելա Մերկէլին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի, ինչպէս նաեւ Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դէմ:
«Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրաւունքի աղաղակող խախտումները, որը յանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղէտի:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նշել է, որ իր կողմից սանձազերծւած պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է:
Սա էթնիկ զտում է, ինչը որպէս ռազմական յանցագործութիւն պէտք է դատապարտել:
Միեւնոյն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչութեան դէմ օգտագործւել են արգելւած կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացւել են հայ ռազմագերիների գնդակահարման եւ գլխատման տեսանիւթեր:
Սիրիական ծայրայեղական վարձկաններին իւրաքանչիւր գլխատւած հայի համար խոստացւել է հարիւրական դոլար:
Որպէս պատժամիջոցներ պէտք է կիրառւեն հաշւեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եւրոպական աւիաընկերութիւններից օգտւելու արգելքը, ինչպէս նաեւ գերմանական եւ եւրոպական բանկերի հետ գործարքների խզումը»,- ասւած է պատգամաւորների տարածած հաղորդագրութեան մէջ: