Հա

Քաղաքական

09/11/2020 - 12:20

Դաւանական հակասութիւնների տեսանելիութիւնը Ադրբեջանում

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի պաշտոնազրկումը շատ ուշագրաւ երեւոյթ է, որը կարող է առաջնորդել նկատելի հետեւութիւնների։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի պաշտոնազրկումը շատ ուշագրաւ երեւոյթ է, որը կարող է առաջնորդել նկատելի հետեւութիւնների։ 

Պատերազմի ամենաթէժ պահերին նման որոշումն ընդհանրապէս մեկնաբանւում է շատ հիմնական ձախողութեամբ։ Ռազմական գործողութիւնները տապալելու, առաջադրանքները չկատարելու կամ մեծ տարողութեամբ ստեղծւած հիմնահարցի լուծումը չապահովելու դէպքերում օրինաչափ է նկատւում նման որոշումը։

Այս առումով մէկ հանգամանք գուցէ կարելի է նկատել իբրեւ նախադրեալ նման որոշում կայացնելու։ Այն, որ ադրբեջանական ուժերին չյաջողւեց բլից-կրիգ իրականացնել. առ այս պահը պատերազմը շարունակւում է։   

Կարող են լինել քաղաքական մեկնաբանութիւններ։ Հասանովը ընկալւում է իբրեւ ռուսական զինւորական շրջանակների հետ առնչւած կամ ռուսական ազդեցութեան ներքոյ գործող պաշտօնատար, ինչը հանգիստ չէր ընկալւում պատերազմական գործողութիւնների ղեկն ստանձնած Անկարայի կողմից։ Այս դէպքում, Ադրբեջանի պաշտօնեան երկրորդական նշանակութիւն ունի, որովհետեւ պարզ է, որ պատերազմը ադրբեջանական կողմից ղեկավարում է թուրքական սպայակոյտը։ Այս իրականութեամբ հանդերձ սեփական կադրեր նշանակելու Անկարայի քայլը կարող է ռէալ թւալ։ Փաստօրէն Ադրբեջանի գաղութայնացումը ունի նաեւ հիմնականում ռազմական բնոյթ, այս դէպքում ամենաառաջնային կարգով։  

Իհարկէ, Բաքւում կան պաշտօնազրկւած պաշտօնեայի հետեւորդներ։ Դեռեւս վաղ է նկատելը, այդուհանդերձ ենթադրաբար չի բացառւում, որ դժգոհութեան ալիք առաջանայ նման պատւիրւած պաշտօնազրկման պատճառով։ Պատերազմում ներբանակային խլրտումները ամէն գնով զսպելու փորձեր անպայման կը ձեռնարկւեն։ Բայց նման բարձր մակարդակի վրայ առնւած քայլն անհետեւանք չի մնայ։  

Ռազմական ոլորտի ուղղակի ղեկավարումը տեղի կը տայ գաղութայնացման քայլերի դէմ դժգոհութեան։ Իսկ դժգոհութիւնը կորոնի դրսեւորման ելքեր։ Նման տրամադրութիւնների զանգւածայնացման համար ամենաազդեցիկ գործօնը կրօնական-դաւանական տարբերութիւնների հակասութեան վերածւելն է։  

Դրանով են բացատրւում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան գերադասումը, «օկուպացւած» տարածքների վերադարձի հրամայականը եւ նման ադրբեջանամէտ յայտարարութիւններ հնչեցնելու Թեհրանի հետեւողական յայտարարութիւնները։ Իրանեան զգուշացումը ուղղւած է ահաբեկիչ տարրերի ներթափանցմանը եւ սպառնալիքին՝ իրանամերձ շրջանների տեղակայման կամ իրանեան տարածքներ հարւածելուն։ Կոնկրետ՝ իրանեան զինուժի կուտակումը իրանամերձ տարածքների անմիջականութեամբ բախման գօտիների երկայնքով։ Բնականաբար, հաշւարկների մէջ է ներիրանեան բազմամիլիոնանոց ադրբեջանցի ազգաբնակչութեան գործօնը։  

Փաստ է, որ աշխարհագրական տարբեր շրջաններում մղւող հակամարտութիւններում դաւանական պատկանելիութիւնն ամենաազդեցիկ գործօնն է ժողովուրդներին մոբիլիզացնելու առումով եւ այդ ճանապարհով ազդեցութեան գօտիներ ձեւաւորելու։  

Անկարայի կողմից Ադրբեջանի գաղութայնացման գործողութիւնները կարող են հակակշիռ քայլերի տեղի տալ։ Այս դէպքում՝ Թեհրանի կողմից։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։