Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողութիւններն այս կերպ չպէտք է աւարտւէին, գրում է Moscow Times թերթի կայքում Լեռնային Ղարաբաղի մասին յօդւածի հեղինակ, ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քաւանոն:
«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողութիւններն այս կերպ չպէտք է աւարտւէին, գրում է Moscow Times թերթի կայքում Լեռնային Ղարաբաղի մասին յօդւածի հեղինակ, ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քաւանոն: Գրում է Yerkir.am-ը:
«Դրանք կարող էին վատթարանալ, եթէ դրանց թոյլ տրւէր շարունակել: Բայց, ցաւօք, եղել են նաեւ տասնամեակներ կորցրած դիւանագիտական հնարաւորութիւններ, երբ մարդկային այս աղէտից հնարաւոր էր ընդհանրապէս խուսափել եւ աւելի շուտ խաղաղութիւն հաստատել այս անհանգիստ տարածաշրջանում:
Ռուսաստանի միջնորդութեամբ կնքւած համաձայնագիրը, որն ուժի մէջ է մտել նոյեմբերի 10-ին Մոսկւայի ժամանակով 00:00-ին, արագօրէն վերջ դրեց 44-օրեայ բուռն մարտերին:
Պատերազմն արդէն խլել է հազարաւոր կեանքեր, յանգեցրել է աւելի քան 130000 մարդու տեղահանման եւ հսկայական վնաս է հասցրել քաղաքացիական ենթակառուցւածքներին՝ սկսած բազմաբնակարան շէնքերից եւ բնակելի տներից, վերջացրած հիւանդանոցներով, դպրոցներով եւ ձեռնարկութիւններով:
Ադրբեջանի յաջողութիւնը ռազմի դաշտում օգնեց Բաքւին կրկին վերահսկել հսկայական տարածքները, որոնք հայկական ուժերը 1990-ականների սկզբին գրաւել էին որպէս անվտանգութեան բուֆեր:
Պատերազմի աւարտին Շուշիի՝ պատմական, մշակութային եւ կրօնական խոշոր կենտրոնի գրաւումը եւ հայկական ուժերի անխուսափելի կրախը կասկածի տակ դրեցին ինչպէս շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի, այնպէս էլ տարածաշրջանում մնացած տասնեակ հազարաւոր բնակիչների ճակատագիրը:
Դա նաեւ մեծացրեց Երեւանի յուսահատ քայլի դիմելու ռիսկը, որը կարող էր էլ աւելի սրել հակամարտութիւնը, հնարաւոր է՝ ռուսական եւ թուրքական ռազմական ուժերի ակտիւ ներգրաւմամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի օդում թռչող ռուսական ուղղաթիռի խոցումը ընդգծեց այս աճող անկայունութիւնը:
Հապճեպ համաձայնութիւն
Ուստի անակնկալ չպէտք է լինի, որ արագ գործողութիւններով Մոսկւան ներգրաււեց: Չպէտք է զարմացնի նաեւ, որ, ի տարբերութիւն հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից առաջադրւած երեք նախորդ համաձայնագրերի, դա պարզապէս հրադադար չէր: Այս դէպքերից իւրաքանչիւրում ռազմական գործողութիւնները սկսւել են դրանց աւարտից յետոյ մի քանի ժամւայ ընթացքում: Իրօք, Վաշինգտոնում ընդամենը երկու շաբաթ առաջ կնքւած հրադադարը, ըստ հաղորդումների, տեւել է մի քանի րոպէ»,- գրում է Քերի Քաւանոն: