Հա

Քաղաքական

17/11/2020 - 10:05

«ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան առաջւայ պէս հաւատարիմ են Մինսկի խմբի ընթացակարգում իրենց դերին». Պետդեպը՝ ԼՂ շուրջ ձեռք բերւած վերջին պայմանաւորւածութիւնների մասին

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ցանկանում են պարզել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ ստորագրւած համաձայնագրի մանրամասներն ու Թուրքիայի դերը դրանում: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ցանկանում են պարզել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ ստորագրւած համաձայնագրի մանրամասներն ու Թուրքիայի դերը դրանում: Այս մասին յայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչը`մեկնաբանելով  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իւ Լէ Դրիանի հանդիպման մանրամասները, տեղեկանում ենք պետքարտուղարութեան կայքից: Գրում է Tert.am-ը:

«Նրանք մանրամասնօրէն խօսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպէս համանախագահներ՝ նրանք կիսել են նոյն տեսակէտը. Մենք առաջւայ պէս հաւատարիմ ենք Մինսկի խմբի ընթացակարգում մեր դերին, ճանաչում ենք Ռուսաստանի կողմից ձեռնարկւած քայլերը, որոնք բերել են հրադադարի հաստատման, որը գործնականում պահպանւում է շուրջ մէկ շաբաթ, սակայն  կան նաեւ հարցեր համաձայնագրի վերաբերեալ, որոնք ռուսները պէտք է պարզաբանեն, այդ թւում` թուրքերի դերը»,- ասւած է պետդեպարտամենտի կայքում:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ ռուսները համանախագահներին Մոսկւա են հրաւիրել` հարցը պարզաբանելու, տեղի են ունեցել նաեւ հեռախօսազրոյցներ:

Ֆրանսիայի արտգործնախարար Լէ Դրիանը տեղեկացրել է, որ զրուցել է իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ, որը նշել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել կանխելու այն, ինչը իրականում իրենից հումանիտար աղէտ էր ներկայացնում, սակայն կան հարցեր, որոնք դեռեւս պէտք է քննարկւեն:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել, ստորագրւել է յայտարարութիւն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդէն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկւել են խաղաղապահ առաքելութեան կազմակերպման եւ իրականացման հարցեր: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։