Հա

Քաղաքական

21/11/2020 - 13:30

Մարսէլի քաղաքային խորհուրդը Ֆրանսիային կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետութիւնը

Մարսէլի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել Արցախի ճանաչման վերաբերեալ, որով Ֆրանսիայի իշխանութիւններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: 

«alikonline.ir» - Մարսէլի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել Արցախի ճանաչման վերաբերեալ, որով Ֆրանսիայի իշխանութիւններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին յայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութիւնը: Գրում է Yerkir.am-ը:

Մարսէլի քաղաքային խորհրդում բանաձեւը ներկայացւել է Միջազգային յարաբերութիւնների գծով փոխքաղաքապետի առաջարկով:«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադէպ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինւած ուժերի եւ սիրիական օժանդակների աջակցութիւնը վայելող ադրբեջանական զինւած ուժերի յարձակմանը Լեռնային Ղարաբաղի եւ նրա հայ բնակչութեան դէմ, որին վերջ դրւեց նոյեմբերի 9-ին կնքւած եւ հայ ժողովրդի մեծամասնութեան կողմից չընդունւող հրադադարի համաձայնագրով: Պատմական Հայաստանի արեւելեան մասում գտնւող այս հողատարածքը միշտ բնակեցւած է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդէս եկաւ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնութեամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետութիւններին հռչակել իրենց անկախութիւնները»,- ասւում է բանաձեւում:

 Քաղաքային խորհուրդը նշել է, որ հանրաքւէի արդիւնքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անւանում են Արցախ, հռչակեց իրեն որպէս անկախ հանրապետութիւն, իսկ դրան յաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնայ պատերազմ սկսեց աւելի քան 95% հայերով բնակեցւած այս տարածքի դէմ, որից, սակայն, պարտւած դուրս եկաւ:

«Միջազգային հարթակում ստեղծւեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացեալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցաւօք ապարդիւն։ 2016-ի, ինչպէս նաեւ 2020թ յուլիսի յարձակումներից յետոյ մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինւած ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութիւնը եւ պատմական ժառանգութիւնը: Ապաւինելով Էրդողանի կառավարութեան անսասան աջակցութեանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայութիւններ կան միջազգային մարդասիրական իրաւունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախաւորւել են ենթակառուցւածքները եւ քաղաքացիական բնակչութիւնը՝ լայնօրէն գործածելով արգելւած զէնքեր, ներառեալ` կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս յանցագործութիւնները»,- նշւում է Արցախի ճանաչման վերաբերեալ բանաձեւում:

Քաղաքային խորհրդի անդամներն ընդգծում են, որ Ֆրանսիայի բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան:

«Մարդկային եւ ժողովրդավարական արժէքներին հաւատարիմ Մարսէլը միշտ կապւած է եղել թէ' Ֆրանսիայի եւ թէ' ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսութեան առջեւ նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին: Ֆրանսիան եւ միջազգային հանրութիւնը պէտք է համախմբւեն Արցախի Հանրապետութեան ճանաչման համար, որպէսզի վերջապէս հաստատւի կայուն խաղաղութիւն եւ ապահովւի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան պաշտպանութիւնը: Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնների կողմից վերջերս ստորագրւած հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարութեանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում եւ գտնել տեւական լուծում, որպէսզի Արցախը շարունակի մնալ հայկական»,- յայտնել են խորհրդի անդամները` նշելով, որ սրանք են այն պատճառները, որոնք մղում են քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել բանաձեւը:

Մարսէլի քաղաքային խորհրդի անդամները Ֆրանսիային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետութիւնը:

«Այս ճանաչումը կոչւած է լինել նրա բնակչութեան անվտանգութեան ու տարածաշրջանային կայունութեան գրաւականը եւ կը դառնայ խաղաղութեան վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխաւորներից մէկը կը լինի մեր երկիրը»,- նշւում է բանաձեւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։