Հա

Քաղաքական

22/11/2020 - 11:30

Գերմանացի պատգամաւորներն առաջարկել են Թուրքիայի համար զէնքի մատակարարման էմբարգօ սահմանել

Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցութիւնը Կանաչների կուսակցութեան հետ միասին Թուրքիայի կողմից Արեւելեան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում եւ Սիրիայում վարւող ռազմատենչ քաղաքականութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զէնքի մատակարարման էմբարգոյի սահմանում։

«alikonline.ir» - Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցութիւնը Կանաչների կուսակցութեան հետ միասին Թուրքիայի կողմից Արեւելեան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում եւ Սիրիայում վարւող ռազմատենչ քաղաքականութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զէնքի մատակարարման էմբարգոյի սահմանում։ Այս մասին ըստ 168.am-ի՝ յայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերութիւնը։

«Ձախ» կուսակցութեան կողմից պատրաստւած եւ «Ո՛չ Թուրքիային զէնք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկւել է Դաշնային խորհուրդ։ Սպասւում է, որ առաջիկայ շաբաթւայ ընթացքում այն կը մտնի խորհրդի օրակարգ քննարկման համար։ Կուսակցութիւնների ներկայացրած օրինագծում առաջարկւում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զէնքի, պահեստամասերի արտահանումը դէպի Թուրքիա, ինչպէս նաեւ չեղեալ յայտարարել նախկինում ընդունւած արտահանման պայմանագրերը։

Կուսակցութիւնները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զէնքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ եւ անկախ ռազմական արդիւնաբերութիւն, ինչպէս նաեւ ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) եւ սուզանաւերի արտադրական հզօրութիւնը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպէտք է հնարաւորութիւն տալ ռազմական տեսանկիւնից այսքան հզօրանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունութեան մեծացման եւ ի վերջոյ ծանր հետեւանքներ ունենալ եւրոպական պետութիւնների համար։

Deutsche Welle-ի հաղորդած տւեալների համաձայն, 2009-2018 թւականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դէպի Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերութիւնները մօտ 12 միլիոն 800 հազար եւրօ արժողութեամբ ռազմական սարքաւորումներ եւ պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդիւնքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բաւականին մեծ խմբաքանակ։ «Ձախ» կուսակցութիւնը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործւելով Անկարայի կողմից Թուրքիայի հարաւ-արեւելքում քրդերի դէմ պատերազմի ընթացքում, ինչպէս նաեւ մասնակցելով Իրաքում, Սիրիայում եւ Լիբիայում թուրքերի կողմից իրականացւող մարտական գործողութիւններին, իրենց ակտիւ մասնակցութիւնն են ունեցել նաեւ վերջերս Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմում։ Կուսակցութիւնն ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ Անկարայի կողմից Արեւելեան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները եւ այնտեղ ռազմանաւերի տեղակայումը մեծ լարւածութիւն են առաջացրել Յունաստանի, Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ, որը եւս մէկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտութիւնը։

Կուսակցութիւնը նշում է, որ Յունաստանն արդէն առաջարկել էր Եւրոմիութեանը զէնքի մատակարարման էմբարգօ սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետօ էր կիրառւել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մալթայի կողմից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։