Հա

Քաղաքական

24/11/2020 - 13:10

Խորամանկութեամբ անտեսելով ԼՂ-ի վերաբերեալ հրահանգը. ինչու է Թուրքիան զօրք մտցնում Ադրբեջան

Թուրքական զօրքը խաղաղապահութեան պատրւակով Ադրբեջան մտցնելն արտացոլում է Հարաւային Կովկասում ու Մերձկասպեան տարածաշրջանում ռազմաքաղաքական ազդեցութիւնն ընդլայնելու, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու Անկարայի ձգտումը։ Նման խնդիրների լուծման համար մէկ տարին հաստատ բաւարար չի լինի։ Մենք տեսնում ենք յետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ներկայութեան ընդլայնման հերթական խորամանկ փուլը։

«alikonline.ir» - Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն անդրադարձել է Անկարայի ծրագրերին, որոնք ակյայտօրէն ուրւագծւում են թուրքական զօրքն Ադրբեջան մտցնելու ֆոնին։ Գրում է Sputnik Արմենիան:

Թուրքական զօրքը խաղաղապահութեան պատրւակով Ադրբեջան մտցնելն արտացոլում է Հարաւային Կովկասում ու Մերձկասպեան տարածաշրջանում ռազմաքաղաքական ազդեցութիւնն ընդլայնելու, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու Անկարայի ձգտումը։ Նման խնդիրների լուծման համար մէկ տարին հաստատ բաւարար չի լինի։ Մենք տեսնում ենք յետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ներկայութեան ընդլայնման հերթական խորամանկ փուլը։

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը յայտարարեց, որ երկրի ցամաքային զօրքերն աւարտել են պատրաստութիւնն ու շուտով ՌՕՈՒ-ն զօրքին կուղարկի Ադրբեջան։ Հրամանատարը խօսում էր նաեւ «միջազգային ասպարէզում Թուրքիայի առաջատարութեան» մասին, որի ճանապարհին «թուրքական զինւած ուժեր հանրապետութեան պատմութեան մէջ ամենալարւած ժամանակաշրջաններից մէկն են ապրում»։

Ադրբեջանում Թուրքիայի ռազմական անձնակազմի քանակական եւ որակական կազմը դեռ գաղտնի է։ Նկատենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները Անկարայի եւ Բաքւի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակում գրեթէ մշտապէս ներկայ են Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողութեան ռուս-թուրքական կենտրոնի շրջանակում աշխատելու համար սպաների հերթական խմբի ուղարկումը դժւար թէ նախագահի հրաման ու թուրքական խորհրդարանում քննարկումներ էր պահանջում։

Նոյեմբերի 11-ին Անկարան եւ Մոսկւան յուշագիր ստորագրեցին ԼՂ-ում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, եւ այդ փաստաթղթում համատեղ խաղաղապահ ուժերի ստեղծման մասին որեւէ կէտ չկայ։ Սակայն հետագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս յայտարարեցին թուրքական զօրքի մասնակցութեամբ «համատեղ խաղաղապահ առաքելութեան» մասին։

Ակնյայտ է, որ Անկարան եւ Բաքուն մեղմօրէն անտեսել են Մոսկւայի խնդրանքը` թուրքական զօրք չմտցնել «թէժ» տարածաշրջան։ Ակնյայտ է նաեւ, որ Թուրքիայի ցամաքային զօրքերն Ադրբեջանի տարածքում ինչ-որ բանի են պատրաստւում, բացի նրանից, որ մոնիտորինգային կենտրոնի շրջանակում մի քանի տասնեակ մասնագէտներով պիտի գործակցեն Ռուսաստանի հետ։

 

Յաջողութեան արբիտրաժ

Թուրքիան Հարաւային Կովկասում Ռուսաստանի հետ լայնածաւալ հակամարտութիւն նախաձեռնելու ռազմավարական պատճառներ չունի (այստեղ յաջողութեան հասնելը քիչ հաւանական է, բացասական հետեւանքներն էլ Անկարայի համար երաշխաւորւած են)։ Առաւել արդիւնաւէտ ու անվտանգ է Ադրբեջանի հետ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցութեան կամ «խաղաղապահ առաքելութեան» դրօշի տակ յարմար պատրւակով հետեւողական ներթափանցումը տարածաշրջան։ Միւս կողմից Բաքւի աջակցութիւնը կարող է հատուցում դառնալ ղարաբաղեան զինւած հակամարտութեան մէջ թուրքական օգնութեանը` ապագայի միտումով։

Լեռնային Ղարաբաղում թուրքական զօրքերի գործողութիւններ նախատեսւած չեն որեւէ համաձայնագրով, այդ թւում` եռակողմ յայտարարութեամբ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան): Ադրբեջանում թուրք զինծառայողների ներկայութիւնը իրաւաբանօրէն յետոյ է ձեւակերպւել, չէ՞ որ ՌԴ հեղինակաւոր ռազմական փորձագէտների տւեալներով` Ադրբեջանի տարածքում սեպտեմբերի վերջից շուրջ 1500 թուրք զինծառայող է եղել։ Թուրք գեներալներն ու սպաները որպէս խորհրդատուներ գործել են ղեկավարման ողջ ուղղահայեաց շղթայում` ադրբեջանական բանակի գլխաւոր շտաբից մինչեւ գնդային օղակի շտաբեր։ Հակամարտութեան ընթացքում ադրբեջանական կողմին ցուցաբերած միանշանակ ռազմական աջակցութիւնը բացարձակապէս թոյլ չի տալիս թուրքական բանակին յաւակնելու Ղարաբաղում խաղաղապահների դերին եւ սահմանազատման գծում համատեղ պարեկութեան մէջ որեւէ մասնակցութեանը։ Սակայն տարբերակներ հնարաւոր են։

Թուրքիան փաստօրէն արդէն ամուր հաստատւել է Ադրբեջանում։ Հետագայում թուրքական զօրքերը կարող են տարիներով գտնւել ադրբեջանական տարածքում երկկողմ համաձայնագրերի հիման վրայ։ Դա չի խախտի միջազգային իրաւունքի նորմերը, սակայն նաեւ խաղաղութիւն չի երաշխաւորի։ Քանի որ աշխարհի եւ ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂՀ ինքնիշխանութիւնը, Բաքւի եւ Անկարայի մօտ կարող է ամենաթողութեան պատրանք առաջանալ նաեւ ԼՂ հայ բնակչութեան նկատմամբ։ Թուրքիայի ԱԳՆ-ն արդէն յայտարարել է «տեղում որոշակի լրացուցիչ դիտորդական կէտերի մասին»։ Մտահոգութիւն է առաջացնում սիրիացի թուրքամէտ զինեալներին Ադրբեջանից դուրս բերելու տեղեկութեան բացակայութիւնը։ Նման իրավիճակում կարեւոր է, որ «ադրբեջանցի եղբայրների յաջողութեան արբիտրաժը» (նախարար Յուլուսի Աքարի արտայայտութիւնը) յաջողութիւնից գլխապտոյտի չվերածւի։

 

Ապագայի ուրւագիծ

Անկարան «թուրքական աշխարհի» կառուցման գլոբալ ծրագրեր ունի։ Հեռանկարում չի բացառւում, որ թուրքական շահերն ու ուժերը Ադրբեջանի սահմաններից դուրս գան Կասպեան տարածաշրջան ու Կենտրոնական Ասիայի երկրներ։

Բաւական հզօր զինւած ուժեր ունենալով` 355 հազար զինծառայող, աւելի քան 2600 տանկ, 270 հատ F-16 բազմաթիրախային կործանիչ եւ Global Firepower–ի համաշխարհային վարկանիշում արժանի 11-րդ հորիզոնական, Թուրքիան ակտիւօրէն ընդլայնում է ինքնաթիռների, ԱԹՍ-ների, հրթիռների եւ տանկերի սեփական արտադրութիւնը։ Անցած 1.5 տասնամեակի ընթացքում թուրքական պաշտպանական ձեռնարկութիւնների թիւն աճել է` 56-ից հասնելով 1500-ի, կառավարութիւնն աւելի քան 75 մլրդ դոլարի ռազմարդիւնաբերական համակարգերի ծրագրեր է ղեկավարում։ Անկարան մի շարք արտասահմանեան զէնքեր է գնում։ Թուրքիայի Հանրապետութեան պաշտպանական բիւջէն աւելի քան 18 մլրդ է, ինչը 2020 թւականի բիւջէի ընդհանուր ծախսերի շուրջ 13%-ն է։

Թուրքիան ակտիւօրէն ռազմական գործիքներ է կիրառում Սիրիայի հիւսիսում, Լիբիայում։ Ի հեճուկս այլ երկրների շահերի` յաւակնում է Միջերկրական ծովի զգալի հատւածներին (ածխաջրածնի արդիւնահանում)։

Այդպիսով, նաւթի զգալի պաշարներ ունեցող Ադրբեջանը Թուրքիայի բաւական կոնկրետ, էքսպանսիւ ու ագրեսիւ արտաքին քաղաքականութիւնը զարգացնելու հարթակ է դառնում։ Նման «եղբայրութիւնը» վտանգաւոր է նաեւ նրանով, որ Անկարայի մէջքի յետեւում նշմարւում է Հիւսիսատլանտեան դաշինքը, որը լուռ աջակցում է Էրդողանի «անկարգութիւններին» աշխարհագրական ցանկացած կէտում։

ԼՂ-ում գտնւող ռուս խաղաղապահները վերականգնում են խաղաղութիւնն ու կարգուկանոնը, իսկ Թուրքիան փորձում է որոշակի ռազմական ենթակառուցւածք ստեղծել Ադրբեջանում եւ Հարաւային Կովկասի տարածաշրջանում հաստատել ռազմական միջամտութեան սեփական իրաւունքը։ Անկարայի ղարաբաղեան նախագծին խանգարում է լոգիստիկան։ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր ցամաքային սահմանի մի փոքր հատւած ունեն թուրքական Իգդիր գաւառի հատման կէտում, որը բաւական մեկուսացած է «մեծ Ադրբեջանից»` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնից։ ՌՕՈՒ-ի ինքնաթիռներով (բաւական թանկ հաճոյք) զօրքերի, սպառազինութեան եւ պաշարների տեղափոխումը ստիպւած կը լինեն համաձայնեցնել Հայաստանի, Վրաստանի (առաւել հաւանական երթուղի) կամ Իրանի հետ։ Եւ ցանկացած աշխարհաքաղաքական դասաւորւածութեան պարագայում Թուրքիան ստիպւած կը լինի հաշւի առնել Ռուսաստանի ամուր դիրքերը Կովկասում եւ Մերձաէոր Արեւելքում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։