Ամերիկեան Ձեռներեցութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, քաղաքական փորձագէտ Մայքլ Ռուբինը The National Interest-ում հրապարակւած յօդւածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում քառասնօրեայ պատերազմի ելքը վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիւանագիտական հեղինակութեանը։
«alikonline.ir» - Ամերիկեան Ձեռներեցութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, քաղաքական փորձագէտ Մայքլ Ռուբինը The National Interest-ում հրապարակւած յօդւածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում քառասնօրեայ պատերազմի ելքը վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիւանագիտական հեղինակութեանը։ Գրում է Tert.am-ը:
Յօդւածի հեղինակը նշում է, որ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, իրենց մասնակցութունը չունցան ԼՂ-ում պատերազմի շուրջ ձեռք բերւած պայմանւորւածութեանը։
«Միացեալ Նահանգները զբաղւած էր իր նախագահական ընտրութիւններով, բացի այդ Սպիտակ տունը թերահաւատօրէն է վերաբերւում այդ տարածաշրջանում իր ազդեցութեանը եւ ի վերջոյ բաւարարւեց մի քանի անիմաստ յայտարարութիւններով»,- գրում է նա։
Ինչպէս նշում է Ռուբինը, Վաշինգտոնն ու Փարիզը, հնարաւոր է, կորցրել են ազդեցութեան լծակները, սակայն Ալիեւը շատ լաւ գիտակցում է, որ իր երկրի տնտեսութիւնը եւ իր կնոջ անձնական ակտիւները չեն կարող դիմակայել ԱՄՆ-ի եւ Եւրոպայի ֆինանսական ճնշմանը:
«Ալիեւը կարող է յաղթանակած տեսք ունենալ, բայց նա բաւականին խելացի է, որպէսզի հասկանայ, որ ադրբեջանցիները շուտով կիմանան իրենց ռազմական յաղթանակի գինը։ Բացի այն, որ նրանք այժմ իրենց հողում ունեն ջիհադականներ, որոնք, ըստ երեւոյթին, հրաժարւում են հեռանալ, նրանք նաեւ Թուրքիայի կամակատար պետութիւնը դարձան: Ալիեւը կարող է Էրդողանին ընկալել իրեն հաւասար մէկը, բայց Էրդողանը Ալիեւին ընկալում է որպէս ենթակայ, որը քիչ է տարբերւում Հիւսիսային Կիպրոսում իր խամաճիկային պետութեան նախագահից»,- գրում է յօդւածագիրը։
Կարճ ասած՝ Միացեալ Նահանգներն ու Ֆրանսիան Մինսկի խմբում աւելի շատ ազդեցութեան լծակներ ունեն, քան այժմ գիտակցում են նրանց առաջնորդները։ Առաջին հայեացքից նոր ստատուս քւոն Հայաստանի պարտութիւնն ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցն է։ Բայց Ալիեւի սխալներն ու յաղթական հռետորաբանութիւնը, հնարաւոր է, նոր դուռ բացեն դէպի նոր ստատուս քւօ։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան օգտւեն այդ հնարաւորութիւնից։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել, ստորագրւել է յայտարարութիւն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի եօթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառութեամբ մի գիւղի, գիւղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գիւղերը։
Ըստ այդ յայտարարութեան՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինւած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր աւտոմոբիլային եւ յատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդէն տեղակայւել է Արցախում։