ԱՄՆ Նորընտիր նախագահ Ջօ Բայդէնը եւ ընտրւած փոխնախագահ Քամալա Հարիսը Դելավեր նահանգում գտնւող Վիլմինգթոն քաղաքում անցկացրել են միջոցառում՝ ներկայացնելով մարդկանց, որոնք նոր վարչակազմում պէտք է դիւանագիտութեան եւ ազգային անվտանգութեան ոլորտի բարձր պաշտօններ ստանան:
«alikonline.ir» - ԱՄՆ Նորընտիր նախագահ Ջօ Բայդէնը եւ ընտրւած փոխնախագահ Քամալա Հարիսը Դելավեր նահանգում գտնւող Վիլմինգթոն քաղաքում անցկացրել են միջոցառում՝ ներկայացնելով մարդկանց, որոնք նոր վարչակազմում պէտք է դիւանագիտութեան եւ ազգային անվտանգութեան ոլորտի բարձր պաշտօններ ստանան, ըստ News.am-ի՝ յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Բայդէնը նախատեսում է Էնթոնի Բլինքէնին նշանակել պետքարտուղարի, Ալեխանդրօ Մայորկասին՝ ներքին անվտանգութեան նախարարի, Աւրիլ Հէյնսին՝ ազգային հետախուզութեան տնօրէնի, Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի, Ջէյք Սալիւանին՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի, իսկ Ջոն Քերիին՝ կլիմայի հարցերով նախագահի յատուկ բանագնացի պաշտօնում:
Ելոյթում Բայդէնն ասել է, որ իր ղեկավարութեամբ Միացեալ Նահանգները առաջատար դեր կունենայ Խաղաղովկիանոսեան եւ Ատլանտեան տարածաշրջաններում: Նա նաեւ մտադրութիւն է յայտնել ամրապնդել դաշինքները Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում:
Ընտրւած նախագահը նշել է, որ աշխարհի առաջնորդների հետ հեռախօսազրոյցների ընթացքում իրեն զարմացրել է, թէ «որքան անհամբերութեամբ են նրանք սպասում, որ ԱՄՆ-ը կը վերականգնի համաշխարհային առաջնորդի իր պատմական դերը Խաղաղովկիանոսեան, Ատլանտեան տարածաշրջաններում եւ ամբողջ աշխարհում»:
Նա նաեւ հաւաստիացրել է, որ երկիրը չի ներքաշի աւելորդ հակամարտութիւնների մէջ:
Բայդէնի խօսքով՝ իր ընտրած թեկնածուներն արտացոլում են իր այն համոզմունքը, որ «Ամերիկան ամենահզօրն է, երբ աշխատում է դաշնակիցների հետ»: «Սա թիմ է, որն արտացոլում է այն փաստը, որ Ամերիկան պատրաստ է նորից տանել աշխարհը իր հետեւից, այլ ոչ թէ մեկուսանալ նրանից»,- ասել է նա:
Նա նաեւ ընդգծել է, որ կլիմայի փոփոխութեան խնդիրը կը դառնայ իր վարչակազմի առաջնահերթութիւններից մէկը: Նախկին պետքարտուղար Ջոն Քերին կը համակարգի կլիմայի փոփոխութեան ջանքերը՝ որպէս նախագահի յատուկ բանագնաց, եւ կը ներգրաււի Ազգային անվտանգութեան խորհրդում: Առաջին անգամ Խորհրդում կընդգրկւի կլիմայի հարցերով աշխատակիցը։
Քերիի խօսքով՝ ինքը կիսում է Կլիմայի փարիզեան համաձայնագիր վերադառնալու անհրաժեշտութեան մասին Բայդէնի կարծիքը, բայց կարծում է, որ միայն այս համաձայնագիրը բաւարար չէ:
Ներկայացնելով Բլինքէնին՝ ընտրւած նախագահը համոզմունք է յայտնել, որ այս փորձառու դիւանագէտը կը կարողանայ ամրապնդել Պետդեպարտամենտի բարոյականութիւնը եւ բարձրացնել հասարակութեան վստահութիւնը արտաքին գործերի նախարարութեան նկատմամբ: Նախկինում Բլինքէնը զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի եւԿապիտոլիումի բլրի, Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի այլ բարձրաստիճան պաշտօններ:
Թոմաս-Գրինֆիլդը, որն ունի 35 տարւայ դիւանագիտական ծառայութեան փորձ եւ աշխատել է չորս մայրցամաքներում, յայտարարել է, որ Բայդէնի վարչակազմի գալով դիւանագիտութիւնը կը վերադառնայ իր դերին:
Ալեխանդրօ Մալիորկասը ներքին գործերի փոխնախարար է եղել եւ իր կարիերայի ընթացքում երեք անգամ Սենատը հաստատել է նրան տարբեր պաշտօններում: Նա կը դառնայ առաջին լատինամերիկացին ու ներգաղթեալը, ով կը նշանակւի ներքին անվտանգութեան նախարարի պաշտօնում:
Աւրիլ Հէյնսը նախկինում զբաղեցրել է ԿՀՎ փոխտնօրէնի եւ ազգային անվտանգութեան խորհրդականի տեղակալի պաշտօնները: Նա կը դառնայ ԱՄՆ հետախուզական համայնքը ղեկավարող առաջին կինը: