Հա

Քաղաքական

25/11/2020 - 08:05

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը:

«alikonline.ir» - Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը, ըտս News.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենեակը:

«Բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների բարելաւմանն ուղղւած քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի ծաւալն աւելացնելու ուղղութեամբ: Քննարկւել են նաեւ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի եւ Լիբիայի իրադարձութիւնները: Բանակցութիւնների ընթացքում Էրդողանը յոյս է յայտնել, թէ կենտրոնը, որը Թուրքիան կը ստեղծի Ռուսաստանի հետ՝ հրադադարի ռեժիմին հետեւելու եւ այն դիտարկելու համար, կը սկսի գործել ամենամօտ ժամանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունութիւն ապահովելու քայլի շրջանակներում»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Ինչպէս յայտնում է Կրեմլի մամուլի ծառայութիւնը, մանրամասն, բոլոր առումներով քննարկւել է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի յայտարարութեան մէջ ամրագրւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունէութեան մասին, որոնք արդիւնաւէտօրէն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքացիական բնակչութեան անվտանգութիւնը: Նրանք նաեւ ընդգծել են փախստականների վերադարձի, ենթակառուցւածքների վերականգնման, կրօնական եւ մշակութային վայրերի պահպանման հետ կապւած հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթութիւնը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակութիւն՝ կապւած հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողութիւնների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղութեամբ տարւող աշխատանքների հետ:

Երկուստեք նշւել է տարածաշրջանում կայունութեան ապահովմանն ու խաղաղ կեանքի հաստատմանն ուղղւած որոշումների հետեւողական ու ամբողջական կատարման անհրաժեշտութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։