Հա

Քաղաքական

25/11/2020 - 13:00

10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում

ԵՊՀ-ի նախաձեռնութեամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Արցախի անկախութեան պայքարը» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախօս, խմբագիր Այկէ Քրիստիան Պետերինգը հրապարակել է «10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին» նիւթը: 

«alikonline.ir» - ԵՊՀ-ի նախաձեռնութեամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Արցախի անկախութեան պայքարը» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախօս, խմբագիր Այկէ Քրիստիան Պետերինգը հրապարակել է «10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին» նիւթը: Գրում է Yerkir.am-ը:

 

  1. Ադրբեջանը եւ Թուրքիան պատերազմ սկսեցին։

2020-ի ամռանը թուրք եւ ադրբեջանցի զինւորականները նախագծեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի նւաճումը:

Սեպտեմբերի 27-ին նրանք վերջապէս սկսեցին համատեղ ագրեսիւ պատերազմը, որը ղեկավարում էին թուրք սպաներն ու յատուկ նշանակութեան ջոկատները, ինչպէս նաեւ Թուրքիայի կողմից Սիրիայի հիւսիսից բերւած իսլամիստ վարձկանները:

 

  1. Լեռնային Ղարաբաղը միջազգային իրաւունքով անկախ է։

Բազմաթիւ լրատւական գործակալութիւնների եւ ԶԼՄ-ների կողմից անմտօրէն օգտագործւած ձեւակերպումները, թէ Լեռնային Ղարաբաղը «միջազգային իրաւունքով» պատկանում է Ադրբեջանին, պարզապէս սխալ է:

Ճիշտ է, որ տարածքն Իոսիֆ Ստալինի կողմից տեղի ունեցած յեղաշրջման արդիւնքում յանձնւեց ադրբեջանական ԽՍՀ-ին` հակառակ տեղի բնակչութեան կամքի:

Այնուամենայնիւ, նոյնիսկ բռնապետի այս որոշման համաձայն, այն պահպանեց իր ինքնավար կարգավիճակը եւ իրեն հռչակեց անկախ հանրապետութիւն՝ փլուզւող Խորհրդային Միութիւնից, հետագայում նաեւ Ադրբեջանի կազմից՝ ըստ այդ ժամանակ գործող Խորհրդային Միութեան օրէնքի:

 

  1. Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ժողովրդավարական երկրներ են: Ադրբեջանը բռնապետութիւն է:

Լեռնային Ղարաբաղն օրինակելի ժողովրդավարութիւն ունեցող երկիր է: Խաղաղ յեղափոխութեան արդիւնքում երկու տարի առաջ Հայաստանի ժողովուրդը տապալեց իր նախկին աւտոկրատական կառավարութիւնը, իսկ կառավարութեան նոր ղեկավար ընտրեց նախկին լրագրող եւ իրաւապաշտպան Նիկոլ Փաշինեանին:

Յեղափոխութիւնից յետոյ Հայաստանում նոյնպէս սկսեց դինամիկ զարգանալ ժողովրդավարութիւնը:

Ադրբեջանի՝ ժառանգաբար փոխանցւող բռնապետութեան մէջ իրավիճակը բոլորովին այլ է. մամուլի ազատութեան համաշխարհային ինդեքսով այս երկիրն ընդամենը տասներկու տեղով է առաջ անցել Հիւսիսային Կորէայից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ ընդհանրապէս խօսքի ազատութեան իւրաքանչիւր պահանջի համար Բաքւում ուղիղ բանտ են տանում:

Նաւթի եւ գազի գների անկումն աւազակապետութեան համար հսկայական ներքաղաքական մարտահրաւէրներ է առաջացրել: Պետութեան հսկայ եկամուտների գտնւելու վայրի մասին անյարմար հարցերին պատասխանելու փոխարէն կառավարութիւնը բազմիցս իր ժողովրդին հրահրել է թշնամու դէմ. բռնապետութիւններին բնորոշ ու ծանօթ օրինաչափութիւն:

Ադրբեջանի միայն ռազմական ծախսերը համապատասխանում են Հայաստանի ամբողջ պետական բիւջէին:

 

  1. Ադրբեջանը եւ Թուրքիան ռազմական ծանր յանցագործութիւններ են կատարում։

Այսպէս կոչւած հաւասարակշռւած տեղեկատւութիւնը, որ «երկու կողմերն էլ միմեանց են մեղադրում», բացայայտում է թաքնւած կուսակցականութեանը, մինչդեռ փաստերը խօսում են այլ լեզւով: Օրինակ՝ փաստագրւել են Ադրբեջանի եւ նրա թուրք-սիրիական վարձկանների կողմից զանգւածային ռազմական յանցագործութիւնները՝ ռազմագերիների գնդակահարում եւ գլխատում, կասետային ռումբերի օգտագործում, մարտական անօդաչու թռչող սարքերով դպրոցների եւ հիւանդանոցների նպատակային ռմբակոծութիւն:

 

  1. Ցեղասպանութեան կրկնութեան սպառնալիք։

Միայն 1915-1916 թւականներին երիտթուրքերը Օսմանեան կայսրութիւնում սպանեցին աւելի քան 1,5 միլիոն հայերի, այդ ամէնն ուղեկցւում էր քրիստոնեաների համապարփակ տեղահանմամբ, ինչը շատ նման էր նացիստների կողմից հրեաների հետագայ կողոպուտին եւ սպանութեանը:

Քանի որ տարիներ առաջ եւ տարիներ յետոյ թուրքերը կոտորածների արդիւնքում սպանեցին հազարաւոր հայերի, Թուրքիայի կողմից զէնքի մատակարարման, իսլամիստ վարձկանների ու թուրք հրամանատարների ներգրաււածութիւնը պատերազմում գոյութեան վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան 3 միլիոն բնակչութեան համար:

20-րդ դարում տասնեակ հազարաւոր հայեր սպանւել են նաեւ ադրբեջանցիների կողմից, այդ թւում՝ 20.000 տղամարդիկ, կանայք եւ երեխաներ Շուշիում եւ 30.000 մարդ Բաքւում:

Այս զանգւածային սպանութիւնները բնութագրւում էին նաեւ յանցագործների նկատմամբ անպատժելիութեամբ: Ցեղասպանութեան միջազգային հետազօտողներն այժմ գուժում են պատմութեան կրկնութեան մասին:

 

  1. Հայերը յարձակման են ենթարկւում ամբողջ աշխարհում:

Ինչպէս հրեաների նկատմամբ հալածանքները, հայերի հալածանքները նոյնպէս երկար պատմութիւն ունեն:

Այս շաբաթներին հայերի վրայ նոր յարձակումներ են տեղի ունեցել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ Քեոլնում ու Բեռլինում:

Ֆրանսիան այժմ արգելում է թուրքական աջ ծայրայեղականներին՝«Գորշ գայլերին», որոնց տասնեակ հազարաւոր ներկայացուցիչներ գտնւում են նաեւ Գերմանիայում:

 

  1. Գերմանիան կրկին ճակատագրական դեր է խաղում:

Որպէս Օսմանեան կայսրութեան դաշնակից՝ գերմանական կայսրութիւնը կարող էր կանխել 1915-ին հայերի ցեղասպանութիւնը:

Բայց Գերմանիայի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլւեգը գիտակցաբար թողեց հայերին ոչնչացնել. «Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է մինչեւ պատերազմի աւարտը՝ անկախ նրանից հայերը կոչնչանան, թէ ոչ»:

Տեղահանութիւններին մասնակցում էին գերմանական կայսրութեան զինւորները:

105 տարի անց Մերկէլի կառավարութեան կողմից Թուրքիայի հետ փախստականների համաձայնագրին հաւատարիմ մնալը նշանակում է, որ արգելափակւած են Թուրքիայի դէմ պատժամիջոցները, որոնք երկար ժամանակ պահանջում էին այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ, Կիպրոսը:

Գերմանիան կրկին հաւատարմօրէն կանգնած է յանցագործների կողքին:

 

  1. Գերմանիայում ցեղասպանութեան մասին գիտելիքները բացակայում են։

Եթէ Գերմանիայում քաղաքացիները, լրագրողները եւ քաղաքական գործիչներն աւելի շատ իմանային աշխարհի ամենահին քրիստոնեայ ժողովրդի հանդէպ Գերմանիայի մեղքի մասին, ապա նրանք չէին բաւարարւի սպասւող զանգւածային սպանութիւնների՝ «պատերազմ Կովկասում» մակերեսային բնորոշմամբ: Խօսքը երկրորդ ցեղասպանութեան մասին է:

Այն դեռեւս կարելի է կանխել: Այնուամենայնիւ, գերմանական դպրոցներում նոյնիսկ հայերի առաջին ցեղասպանութիւնը չի դասաւանդւում՝ Թուրքիայի յաջող քաղաքական ազդեցութեան եւ, ըստ երեւոյթին, նաեւ թուրք ուսանողների ու նրանց ծնողների արձագանքներից անհանգստանալու պատճառով:

Ֆրանսիան, Յունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան ցեղասպանութեան ժխտումը համարել են քրէական յանցագործութիւն:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանութեան» մէջ գերմանական մեղսակցութեան ֆոնին ժամանակն է, որ համապատասխան օրէնք ընդունւի նաեւ Գերմանիայում:

 

  1. Իսրայէլն անփառունակ դեր է խաղում պատերազմում։

Քննարկումների տեղիք է տալիս այն, որ հայկական դպրոցները, մանկապարտէզները եւ հիւանդանոցները հողին են հաւասարեցւում թուրքական արտադրութեան, ինչպէս նաեւ Իսրայէլից ժամանած անօդաչու թռչող սարքերով:

Իսրայէլի հետ մտերմութեան հիմքն Ադրբեջանը՝ որպէս կարեւոր նաւթ մատակարարող երկիր եւ Իրանի դէմ գործողութիւնների գօտի դիտարկելն է:

Այս կախվածութիւնից ելնելով՝ կարելի է հասկանալ, թէ ինչու մինչ օրս Իսրայէլը չի ճանաչել հայերի ցեղասպանութիւնը:

Անհանդուրժելի իրավիճակ շատ իսրայէլցիների համար, որը հնարաւոր էր շտկել նոր կառավարութեան պայմաններում:

 

  1. Մեդիան եւ քաղաքականութիւնը ձախողել են։

Մի քանի բացառութիւններից զատ՝ հանրային հեռարձակողների եւ տպագիր լրատւամիջոցների հաղորդած տեղեկատւութիւնը հիմնականում ճշգրիտ չէ եւ թերի է (տե՛ս թիւ 2):

Նրանք կասկածի տակ են դնում փաստերը (տե՛ս թիւ 4), չեն ստուգում յարձակւող կողմի մեղադրանքները, այդպիսով օրինականացնում են դաշնային կառավարութեան անգործութիւնը հայերի դէմ երկրորդ ցեղասպանութեան նախօրէին:

Համառօտ հայեացք նետելով Ադրբեջանի տասնեակ հազարաւոր հայերի կոտորածների վերջին պատմութեանը, յարձակւող երկրների ռազմական գերազանցութեանն ու Ռուսաստանի կասկածելի դերին՝ պարզ կը դառնայ հայ ժողովրդի իրական աղէտը:

Արեւմուտքի ուժեղ պատժամիջոցները եւ ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային վտարելն արդէն ժամանակավրէպ է, քանի որ կարող էին հազարաւոր կեանքեր փրկել վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Յատկապէս Գերմանիայի մեղքը՝ որպէս նախորդ ցեղասպանութեան յանցակից եւ պատժամիջոցների կանխարգելող, ամէն օր աւելանում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։