Հա

Քաղաքական

26/11/2020 - 11:20

Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հաւատարիմ հասարակութեան շերտով բնակեցնելու մտադրութիւնը միանշանակ չի ընդունւի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թոյլ չի տայ ի սկզբանէ, կամ հետագայում կը դիմի հակաահաբեկչական քայլերի:

«alikonline.ir» - Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հաւատարիմ հասարակութեան շերտով բնակեցնելու մտադրութիւնը միանշանակ չի ընդունւի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թոյլ չի տայ ի սկզբանէ, կամ հետագայում կը դիմի հակաահաբեկչական քայլերի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով վերջին օրերին միջազգային եւ տեղական մամուլում շրջանառւող տեղեկութիւններին, թէ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներ է տեղափոխում սիրիացիների:

Թուրքագէտը կարծում է, որ տարածւող լուրերը, եթէ նոյնիսկ չեն բխում իրական փաստերից, այնուամենայնիւ ունեն իրականութիւն դառնալու շատ լուրջ պոտենցիալ:

Մելքոնեանի կարծիքով հարցը պէտք է դիտարկել երկու կարեւոր հարթութեան վրայ: «Առաջինն այն է, որ այս պատերազմում թուրքական ակնյայտ մասնակցութիւնը ենթադրելի էր դարձնում, որ պատերազմից յետոյ էլ Թուրքիան շարունակելու է իր ակտիւ ներկայացւածութիւնը պահպանել այս հարցում: Եւ բնական է, որ փորձելու է իր քաղաքական առաջնահերթութիւնների շարքում անել որոշակի քայլեր: Եւ երկրորդը՝ մենք պէտք է  հաշւի առնենք, որ դեմոգրաֆիկ քաղաքականութիւնը կամ դեմոգրաֆիկ ինժեներիան շատ կարեւոր տեղ ունի Թուրքիայի քաղաքականութեան մէջ: Դա յենւած է պետական աւանդոյթի վրայ, ունի դարերի պատմութիւն: Նւաճւած տարածքներում Թուրքիան անպայմանօրէն անմիջապէս սկսում է իրականացնել հետագայ սպառնալիքները չէզոքացնելու եւ թշնամի երկրների համար լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելու քաղաքականութիւն»,- ասաց թուրքագէտը:

Նա յիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանութիւնից առաջ Թուրքիան պատմական Հայաստանի տարբեր տարածքներում բնակեցրել էր մուսուլման տարբեր ազգերի, որոնք հետագայում դեր խաղացին Հայոց Ցեղասպանութեան հարցում: Մելքոնեանը շեշտեց, որ  Թուրքիան, Սիրիայում եւս օկուպացնելով որոշ տարածքներ, բնակեցնում է իրեն հաւատարիմ բնակչութեան շերտով, որոնց մէջ կարող են լինել թուրքերի հետ էթնիկ նմանութիւն ունեցող ազգեր, թուրքոմաններ, ծայրայեղական իսլամական հոսանքների ներկայացուցիչներ: Թուրքիան իր ողջ պատմութեան ընթացքում կիրառած ոճը այսօր  յաջողւած կերպով կիրառել է Սիրիայի օկուպացւած տարածքներում: Մելքոնեանի կարծիքով՝ Թուրքիան այդ նոյնը փորձում է անել նաեւ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում: «Իմ այս վերլուծութիւնը հիմնւած է թուրքական դեմոգրաֆիկ քաղաքականութեան սկզբունքների վրայ, իսկ այդ սկզբունքները թոյլ են տալիս պնդել, որ Արցախի օկուպացւած տարածքները Թուրքիային հաւատարիմ հասարակական շերտով բնակեցնելը շատ իրատեսական է»,- նշեց նա:

Մելքոնեանը վստահ է, որ այդ հաւատարիմ հասարակութեան մի շերտը հէնց ահաբեկիչներն են լինելու՝ իրենց ընտանիքներով, որոնք ամէն պահի «խաղաղ բնակչից» կարող են վերածւել ծայրայեղ ահաբեկչի՝ ընդգրկւելով ռազմական կամ ահաբեկչական գործողութիւններում: «Այսինքն` Թուրքիան, այդ տարածքում այդ բնակչութեանը հաստատելով, ըստ էութեան տեղակայում է բանակի մի իւրայատուկ ստորաբաժանում՝ ի դէմս ահաբեկիչների եւ նրանց ընտանիքների»,- ասաց թուրքագէտը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այդ տարածքներում չեն ուզում բնակեցնել հէնց ադրբեջանցիների, Մելքոնեանը պատասխանեց, որ հարցը պէտք է դիտարկել Ադրբեջանում առաջիկայում սպասւող հասարակական տարբեր զարգացումների, անհանգստութիւնների, դժգոհութիւնների տիրոյթում եւ հասկանալ՝ Ադրբեջանի այդքան թմբկահարած թեման, թէ իբր փախստականներն ուզում են րոպէ առաջ տեղափոխւել Աղդամ եւ այլ տարածքներ, արդեօք իրականութեանը համապատասխանո՞ւմ է, թէ՞ ադրբեջանական հերթական քարոզչական միֆերից է:

Թուրքագէտը նաեւ նկատեց, որ այդ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի այս մտադրութիւնները հակընդդէմ են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի, Ռուսաստանի շահերին:  «Հումանիստական մօտեցմամբ Ռուսաստանը չպէտք է թոյլ տայ ահաբեկիչներին տեղափոխել այն տարածաշրջան, որն աւելի մօտ է իր պետութեան սահմաններին: Բայց, եթէ հարցը նայում ենք քաղաքական, քաղաքագիտական հարթութիւնում, ապա այս տարածքում ահաբեկչական բնակչութիւն ունենալը հնարաւորութիւն է տալու Ռուսաստանին ամէն պահի անել որոշակի քայլեր՝ հակաահաբեկչական պատերազմի դրօշի ներքոյ, թէ այլ: Այնուամենայնիւ, դա Ռուսաստանի համար կը լինի հիմնաւոր պատրւակ՝ որոշակի քայլեր անելու համար»,- ասաց Մելքոնեանը:

Նա առաջարկեց սպասել զարգացումներին եւ հասկանալ, թէ Ռուսաստանի մօտ որ գերակայութիւնը կը լինի աւելի ազդեցիկ՝ հումանիստակա՞նը, որ ի սկզբանէ կանխի ահաբեկիչների տեղափոխումը Արցախի օկուպացւած տարածքներ, թէ՞ այդ բնակչութեան տեղափոխումից յետոյ աւելի լուրջ հիմքեր ստեղծի՝ իր հակընդդէմ քայլերն անելու համար: Այսպիսով, թուրքագէտը կարծում է, որ միանշանակ եւ Ռուսաստանը, եւ Իրանը այս քայլերը որեւէ կերպ չեն կարող ընդունել, եւ ենթադրում է, որ կախւած քաղաքական առաջնահերթութիւններից, կանեն որոշակի քայլեր կամ հիմա, կամ ընթացքում: «Այնուամենայնիւ, պէտք է յստակ ընկալել, որ այս հարցը լինելու է ռուս-թուրքական կամ թուրք-իրանական բախման հանգուցային կէտերից մէկը»,- եզրափակեց թուրքագէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։