Հա

Քաղաքական

01/12/2020 - 09:10

Իսրայէլը թանկ կը վճարի Ադրբեջանին սատարելու համար

Իսրայէլցիները կարող են արդարացնել իրենց յարաբերութիւնները Ադրբեջանի հետ իրական քաղաքականութեան տեսանկիւնից: Կոպիտ ասած՝ սա յարաբերութիւն է, որը հիմնւած է «զէնք՝ էներգիայի դիմաց» հաշւարկի վրայ: Իսրայէլը Բաքւին վաճառել է միլիարդաւոր դոլարների գերարագ ռազմական տեխնիկայ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստացել է իր նաւթային կարիքների գրեթէ կէսը: Սակայն երկարատեւ վնասը շուտով կարող է գերազանցել ցանկացած կարճաժամկէտ շահերին, «National Interest»-ում գրում է Մայքլ Ռուբինը:

«alikonline.ir» - Իսրայէլցիները կարող են արդարացնել իրենց յարաբերութիւնները Ադրբեջանի հետ իրական քաղաքականութեան տեսանկիւնից: Կոպիտ ասած՝ սա յարաբերութիւն է, որը հիմնւած է «զէնք՝ էներգիայի դիմաց» հաշւարկի վրայ: Իսրայէլը Բաքւին վաճառել է միլիարդաւոր դոլարների գերարագ ռազմական տեխնիկայ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստացել է իր նաւթային կարիքների գրեթէ կէսը: Սակայն երկարատեւ վնասը շուտով կարող է գերազանցել ցանկացած կարճաժամկէտ շահերին, «National Interest»-ում գրում է Մայքլ Ռուբինը:

Լեռնային Ղարաբաղում 45-օրեայ պատերազմում Հայաստանի պարտութիւնը հիմնականում երկնքում նրա տիրապետութեան կորստի հետեւանքն էր: Հայաստանը չունի Ադրբեջանի հսկայական նաւթային հարստութիւնը: Նրա տնտեսութիւնը նախկինի պէս խեղդւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային շրջափակման պատճառով: Տնտեսական այս իրողութիւնը ազդել է Հայաստանի ռազմական ռազմավարութեան վրայ, որն ուղղւած է Ադրբեջանի ցամաքային ուժերի հետ հաւասարութեան ապահովմանը: Լեռնային Ղարաբաղի տեղագրութիւնը յիշեցնում է Շւէյցարիան: Նոյնիսկ աւելի փոքրաթիւ ցամաքային զօրքեր ունեցող հայերը հաւատում էին, որ կարող են աւելի բարձր դիրքեր պահպանել: Դա ճակատագրական սխալ հաշւարկ էր: Ադրբեջանը ոչ միայն համալրեց իր ռազմաօդային ուժերը թուրքական F-16-ներով, այլ տասնեակ իսրայէլական կամիկաձէ ԱԹՍ-ների եւ հետախուզական ԱԹՍ-ների գնումն ու օգտագործումը պատերազմում կշեռքի նժարը թեքեց Հայաստանի դէմ:

Շատ հայեր եւ սովորական արտաքին դիտորդներ կենտրոնանում են բարոյական փաստարկի վրայ՝ մի Հոլոքոստի զոհերը ոչ միայն աչք են փակում, այլ զէնք են վաճառում միւսի հաւանական մեղաւորներին: Նախագահ Ռեուվէն Ռիւլինի հաւաստիացումները հայ գործընկեր Արմէն Սարգսեսնին այն մասին, որ Իսրայէլի ռազմական առեւտուրը «ուղղւած չէ որեւէ կողմի դէմ», աւելի դատարկ էին՝ հաշւի առնելով հակամարտութեան նախորդ օրերին եւ, հնարաւոր է, դրանց ընթացքում զէնքի արագ առաքումը: Իսրայէլում եւ այլուր ռեալիստները կարող են մերժել բարոյական փաստարկները՝ հաշւի առնելով այլ շահերի անմիջականութիւնը, բայց եթէ Իսրայէլը ներգրաււած է դրանում, ցինիկ կարճաժամկէտ մօտեցումը նրա վրայ թանկ կնստի։

Դիտարկենք սահմանների մասին Իսրայէլի պատկերացումները՝ շուրջ կէս դար է, ինչ «ապահով սահմանների» անհրաժեշտութիւնը Իսրայէլի առաջնահերթութիւններից մէկն է ցանկացած խաղաղ կարգաւորման գործընթացում: Հանգուցեալ Իգալ Ալլոնը «Պալմախ»-ի՝ հրեական հատուկ նշանակութեան ջոկատների հիմնադիրն էր անկախութիւնից առաջ, եւ նրա հետագայ քաղաքական կարիերան ներառում է ութ տարի՝ որպէս փոխվարչապետ, եւ երեք տարի՝ որպէս արտաքին գործերի նախարար:

1976թ. նա Foreign Affairs ամսագրում գրել էր «Իսրայէլ. Սահմանների ապահովման օգտին փաստարկներ» յօդւածը, որում ձեւակերպել էր Իսրայէլի մտավախութիւնները եւ իր ընկալումը, թէ ինչպէս կարող է զարգանալ «հող՝ խաղաղութեան դիմաց» սկզբունքը:

Վարչապետներ Արիէլ Շարոնի եւ Բենիամին Նեթանեահուի խորհրդական, գիտնական Դորա Գոլդը գրել է մի քանի զեկոյցներ այն մասին, որ պաշտպանւող սահմանները ծայրայեղ կարեւոր նշանակութիւն ունեն կայուն խաղաղութեան համար:

Հայաստանը վաղուց է անվտանգութեան նմանատիպ հաշւարկներ անում՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանը բաժանող տարածաշրջանները կարեւոր նշանակութիւն ունեն երկու հանրապետութիւնների անվտանգութեան համար: Խօսքը ոչ միայն բարձունքների եւ հաղորդակցութեան մասին է, այլ նաեւ Քարվաճառի շրջանի մասին, որը, Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից սահմանւած հրադադարի համաձայնագրի համաձայն, փոխանցւել է Ադրբեջանին, նաեւ Հայաստանի Հանրապետութեան ջրամատակարարման 85 տոկոսի աղբիւր է հանդիսանում:

Բաւական չէ Ադրբեջանն այժմ իշխանութիւն ունի դադարեցնել ջրամատակարարումը Հայաստանին, հայ պաշտօնեաները մտահոգւած են, որ Ադրբեջանը կամ արմատական սիրիացի արաբ իսլամիստները, որոնց, որպէս վարձկանների, նա օգտագործել է, պարզապէս կարող են թունաւոր կամ ռադիոակտիւ թափոններ լցնել առւակի մէջ եւ թունաւորել Սեւանա լիճը:

Իսրայէլն, իհարկէ, նախկինում բարձրացրել էր ջրի անվտանգութեան խնդիրները՝ կապւած Գալիլէյի ծովի եւ Գոլանի բարձունքների հետ: Սակայն այժմ նախադէպերը, որոնք նա ստեղծել է ընդդէմ Հայաստանի՝ աջակցելով Ադրբեջանին, խարխլում են Իսրայէլի հետագայ բանակցային դիրքը: Հնարաւոր է, որ Ադրբեջանը ուրախութեամբ գնել է իսրայէլական անօդաչու թռչող սարքերը, բայց Իսրայէլի երկարաժամկէտ անվտանգութեան գինը շատ աւելի բարձր է, քան կարծում են իսրայէլցիները:

Անհասկանալի է նաեւ, թե ինչպէս են աշխատելու խաղաղապահ գծերը: Ռուս խաղաղապահները, որոնց հետ ես հանդիպել եմ ինչպէս Ստեփանակերտում, այնպէս էլ Քելբաջարի շրջանում, պրոֆեսիոնալներ են: Նրանք բարեացակամ էին տեղացիների նկատմամբ: Նրանք թոյլ էին տալիս երեխաներին նստել իրենց զրահամեքենաների վրայ, տարեց բնակիչների հետ օղի էին խմում` յարաբերութիւններ կառուցելու համար, եւ կանոնաւոր դիմում էին ՀԿ-ներին` ինչպէս արեւմտեան, այնպէս էլ տեղական՝ կոորդինացման մեխանիզմներ ստեղծելու համար: Այնուամենայնիւ, ռուսները չկարողացան կասեցնել ադրբեջանական զօրքերի կամ նրանց վարձկանների կողմից նոյնիսկ Լաչինի միջանցքի երկայնքով հայ խաղաղ բնակիչների առեւանգումները եւ չկարողացան կանխել բախումները Սոթքի ոսկու հանքի շուրջ: Եթէ նախագահ Վլադիմիր Պուտինի մահւանից յետոյ Ռուսաստանն ընկղմւի քաոսի մէջ, ապա ռուս խաղաղապահները կարող են գոլորշիանալ նոյնքան արագ, որքան եկել են, եւ թողնել Հայաստանը անպաշտպան:

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը հեռու է բուֆերային գօտուց, որը Իսրայէլը պահանջեց Եգիպտոսից՝ Սինայի վերադարձից յետոյ: Պատերազմում Իսրայէլի օգնութիւնը Ադրբեջանին եւ Հայաստանը Լեռնային Ղարաբաղից բաժանող տարածքներում բուֆերային կամ ապառազմականացւած գօտիների բացակայութիւնը նոյնպէս նախադէպ կը դառնայ Արեւմտեան ափի այն մասերում ապառազմականացւած գօտիներից խուսափելու, որը, ի վերջոյ, Պաղեստինի պետութեան մաս կը դառնայ:

Իսրայէլի գրկախառնութիւններն Ադրբեջանի հետ ոչ միայն առեւտրային էր, այլեւ ռազմավարական, քանի որ երկու երկրները համագործակցում էին ընդհանուր թշնամու՝ Իրանի դէմ: Իսրայէլցի շատ պաշտօնեաներ, իհարկէ, Իսլամական Հանրապետութիւնը համարում են էկզիստենցիալ մարտահրաւէր:

Իրանական հոգեւոր ռեժիմը, սակայն, սպառնում էր նաեւ Ադրբեջանին, քանի որ այդ երկրի աշխարհիկ շիական ռեժիմը տրամադրում էր այլընտրանքային մոդել, որը շատ իրանցիներ էին ցանկանում: Իսրայէլա-ադրբեջանական ամուր յարաբերութիւնների կողմնակիցները երկու երկրների հսկողութիւն, հետապնդում եւ հետախուզական համագործակցութիւն են ծաւալում ընդդէմ Իսլամական Հանրապետութեան հետ Հայաստանի աւանդական ամուր կապերի:

Այստեղ իսրայէլցի պաշտօնեաների կողմից տարածաշրջանային դինամիկայի սխալ մեկնաբանումը ինքնաիրացման մարգարեութիւն է ստեղծում՝ ընդունելով Ադրբեջանն ու Թուրքիան, բայց լռելով այս երկու երկրների կողմից Հայաստանի շրջափակման մասին՝ նրանք ստիպում են Հայաստանին ապաւինել Իրանին՝ որպէս իր տնտեսութեան փրկութեան օղակի: Հայերի գրեթէ մէկ երրորդը ապրուստի միջոցը վաստակում գիւղատնտեսութեան միջոցով: Արգելափակման պատճառով թանկ կը լինէր արտադրանքը արտահանել օդային ճանապարհով եւ այն կը դարձներ անմրցունակ: Այսպիսով, Իրանը դառնում է միակ կենսունակ տարբերակը: Նոյնն է օգտակար հանածոների եւ արդիւնաբերական արտադրանքի մեծ մասի դէպքում: Իսրայէլի աւելի հեռանկարային քաղաքականութիւնը կը լինի օգնել Հայաստանին խուսափել Իրանից կախւածութիւնից՝ պահանջելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բացեն իրենց սահմանները հայկական ապրանքների համար:

Իսրայէլի կարճատեսութեան վերջին գործօնը կապւած է այն փաստի հետ, որ աւելի քան 7700 արաբ կամ թուրքմեն վարձկաններ Սիրիայից Ադրբեջան են տեղափոխւել՝ քրիստոնեաների դէմ կրօնական ջիհադ կազմակերպելու համար: Այս վարձկանների ինքնութիւնն աւելի ու աւելի է յայտնի դառնում՝ նրանցից շատերը եկել են Սիրիայից, իսկ ոմանք նախկինում կռւել են «Ալ-Քաիդա»-ի կամ ԴԱԻՇ-ի հետ կապւած խմբերի կողմից:

Իսրայէլցիները կարող են ներկայացնել Ադրբեջանը որպէս աշխարհիկ եւ դաւանանքի ազատութիւնը յարգող երկիր, բայց այն, որ նախագահ Իլհամ Ալիեւը գրկում է գրոհայիններին, որոնք քանդում են եկեղեցիները, գլխատում են բանտարկեալներին եւ հակաքրիստոնէական գործողութիւններ են կատարում՝ գերիների ականջները կտրելով եւ աչքերը հանելով, այլ բան է ենթադրում։

Առնւազն, իսլամիստ վարձկանների հետ Ադրբեջանի գրկախառնութիւնը կարող են ոչ միայն ապակայունացնել երկիրը երկարաժամկէտ հեռանկարում, այլ նաեւ Իսրայէլին դարձնել աւելի խոցելի: Պարզ ասած՝ լաւ ահաբեկիչ հասկացութիւն գոյութիւն չունի, եւ աչք փակելով Ալիեւի վերջին գործողութիւնների վրայ՝ Իսրայէլը խարխլում է ահաբեկչութեան դէմ իր իսկ պատերազմը՝ ինչպէս կարող է նա բողոքել, որ Գազայի հատւածում ՀԱՄԱՍ-ը օրէնքից դուրս է, երբ Իսրայէլը, թէկուզ անուղղակիօրէն, համագործակցում է այդպիսի վարձկանների հետ՝ Հայաստանի դէմ:

Իսրայէլի յարաբերութիւնները Ադրբեջանի հետ զարգացել են տասնամեակներով: Դրանք միգուցէ մի ժամանակ իմաստ են ունեցել, բայց ժամանակները փոխւել են: Հայաստանում ժողովրդավարութիւն է, իսկ Ադրբեջանում` ընտանեկան բռնապետութիւն: Հայաստանը պաշտպանում է դաւանանքի ազատութիւնը, մինչդեռ Ադրբեջանն աշխատում է իսլամիստ ծայրայեղականների հետ: Ադրբեջանի ատելութիւնը հայերի նկատմամբ նաեւ Իրանին թոյլ է տալիս օգտագործել տարաձայնութիւնները: Միեւնոյն ժամանակ, եթէ նախկինում Իսրայէլն իր էներգետիկ կարիքները բաւարարելու քիչ հնարաւորութիւններ ունէր, ապա այժմ նա կարող է ապաւինել ոչ միայն Կիպրոսին եւ արեւելեան Միջերկրական ծովում գտնւող իր սեփական գազային հանքավայրերին, այլ նաեւ Արաբական Միացեալ Էմիրութիւններին: Աբու Դաբիում մարդու իրաւունքների իրավիճակը հեռու է կատարեալ լինելուց, բայց գոնէ ցեղասպանութիւն չի հրահրում։

Իսրայէլին պէտք չէ խզել կապերը Ադրբեջանի հետ: Բայց ինչպէս Միացեալ Նահանգները թոյլ չտւեց իր արաբ գործընկերներին թելադրել ԱՄՆ-ի յարաբերութիւնները Իսրայէլի հետ, Ադրբեջանը նոյնպէս չպէտք է հաւակնի թելադրել Իսրայէլի յարաբերութիւնները Հայաստանի հետ: Իսրայէլի նպատակը պէտք է լինի բոլոր կողմերի հետ լաւ յարաբերութիւնների պահպանումը: Սակայն քանի դեռ Երուսաղեմը սատարում է Բաքւին, Իսրայէլը ոչ միայն կունենայ երկարատեւ բարոյական խայտառակութիւն, այլ նաեւ կը ստեղծի նախադէպեր, որոնք կոչնչացնեն նրա սեփական երկարաժամկէտ ռազմավարական շահերը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։