Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան ղեկավար Հաքան Ֆիդանը վերջին շաբաթների ընթացքում կապ է հաստատել իսրայէլցի պաշտօնեաների հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցով Թուրքիայի ձեռնարկած ջանքերի շրջանակում:
«alikonline.ir» - Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան ղեկավար Հաքան Ֆիդանը վերջին շաբաթների ընթացքում կապ է հաստատել իսրայէլցի պաշտօնեաների հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցով Թուրքիայի ձեռնարկած ջանքերի շրջանակում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Al-Monitor-ը՝ վկայակոչելով երեք աղբիւրները:
Թուրքիան 2018 թւականի մայիսին յետ է կանչել Իսրայէլից իր դեսպանին Գազայի վրայ Իսրայէլի յարձակումների եւ Թել Աւիւից Երուսաղէմ դեսպանատունը տեղափոխելու ԱՄՆ որոշումից յետոյ:
Աղբիւրները յայտնում են, որ գաղտնի բանակցութիւնների վերջին փուլն ուղղւած է դեսպանների մակարդակով կապերի վերականգնմանը:
«Կայ հնարաւորութիւն՝ շրջելու էջը: Քանի որ 2018 թւականին յարաբերութիւնների վարկանիշը չէր նւազել, դիւանագիտական արարողակարգի տեսանկիւնից դեսպանների վերադարձը պարզ քայլ է»,-Al-Monitor-ին ասել է Իսրայէլի ազգային անվտանգութեան հետազօտութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաուսը:
Թուրքիայի կառավարութիւնը մտահոգւած է, որ Ջօ Բայդէնի նոր վարչակազմը նման արտօնութիւններ չի տայ, ինչպէս նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հանդուրժողականութիւն էր ցուցաբերում Մերձաւոր Արեւելքում, Արեւելեան Միջերկրական ծովում եւ Հարաւային Կովկասում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիւ արտաքին քաղաքականութեան նկատմամբ, ինչպէս նաեւ Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման եւ թուրքական Halkbank-ի դէմ ԱՄՆ-ում դատական յայցերի հետ կապւած:
«Հաշւարկն այսպիսին է. Իսրայէլի հետ յարաբերութիւններն օգուտ կը տան Թուրքիային նաեւ Բայդէնի օրօք»,-Al-Monitor-ը մէջբերում է արեւմտեան պաշտօնեայներից մէկի խօսքը:
Լինդենշտրաուսն ասել է, որ ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Թուրքիան կարող են վերականգնել դիւանագիտական յարաբերութիւնները որպէս «բարի կամքի քայլ Բայդէնի ապագայ վարչակազմի համար, որը, հաւանաբար, ցանկանում է տեսնել Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ լարւածութեան թուլացում»:
Jerusalem Post-ի վերլուծաբան Սէթ Ջ. Ֆրանցմանն ասել է, որ Թուրքիան, հաւանաբար, պատրաստւում է օգտագործել Իսրայէլին «որպէս գործիք, որպէսզի ծառայի Վաշինգտոնի համար»: ԱՄՆ-ն Իսրայէլը համարում է Մերձաւոր Արեեւլքում իր ամենաուժեղ դաշնակիցը:
«Այդպիսով, Թուրքիան կարծում է, որ Իսրայէլի կամ հրեաների հետ լաւ յարաբերութիւնները նոր էջ կը բացեն ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում: Դա մոդել է, որն օգտագործւել է նաեւ նախկինում»,- գրում է նա իր յօդւածում:
«Թուրքիայի ուլտրաաջ կառավարութիւնն այս տարի երկու անգամ ընդունել է ՀԱՄԱՍ-ի առաջնորներին եւ հաստատել յայտարարութիւններն այն մասին, որ «Երուսաղէմը մերն է», եւ որ «կազատագրի» Ալ-Աքսա մզկիթը իսրայէլական հսկողութիւնից, սակայն հիմա Անկարան ցանկանում է օգտագործել Իսրայէլին՝ Վաշինգտոնի կողմից մեկուսացումից խուսափելու համար:
Պարզ չէ, թէ արդեօք Իսրայէլը ներողամիտ կը լինի Թուրքիայի հանդէպ եւ կանտեսի նրա աջակցութիւնը ՀԱՄԱՍ-ին: Սակայն ինչ-որ պահի Իսրայէլի կառավարութիւնը կարող է յայտնաբերել, որ Անկարան կրկին ուշադրութիւնը կը սեւեռի Երուսաղէմի վրայ այն ժամանակ, երբ ստանայ այն, ինչ ցանկանում էր»,- գրում է Ֆրանցմանը: