Print this page
05/12/2020 - 08:20

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել բանակցութիւնները ԵԱՀԿ հովանու ներքոյ

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երեւանին եւ Բաքւին վերականգնել բանակցութիւնները ԵԱՀԿ հովանու ներքոյ հաստատուն խաղաղութիւն գրանցելու համար: Այդ մասին լրագրողներին յայտարարել է պաշտօնական ներկայացուցիչ Ստեդան Դիւժարիկը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երեւանին եւ Բաքւին վերականգնել բանակցութիւնները ԵԱՀԿ հովանու ներքոյ հաստատուն խաղաղութիւն գրանցելու համար: Այդ մասին լրագրողներին յայտարարել է պաշտօնական ներկայացուցիչ Ստեդան Դիւժարիկը: Ըստ՝ Tert.am-ի հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերականգնել բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ կայուն կարգաւորման համար,- նշել է Դիւժարիկը: -Նա նաեւ կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւններին եւ ժողովուրդներին բռնել երկխօսութեան ուղին, որը տանում է դէպի տարածաշրջանային խաղաղութիւնը, կայունութիւնն ու բարգաւաճումը»:

Անտոնիու Գուտերեշը նաեւ կոչ է արել ղարաբաղեան հակամարտութեան կողմերին ապահովել անխոչընդոտ հումանիտար հասանելիութիւնը կարիքաւոր շրջաններում:

«Գլխաւոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բաւարարել հակամարտութիւնից տուժած բոլոր շրջաններում կարիքները եւ համապատասխան հարցման դէպքում մեծացնել օգնութեան ծաւալները Հայաստանին եւ Ադրբեջանին»,- նշել է Դիւժարիկը: «Նա կոչ է անում իրավիճակի վրայ ազդեցութիւն ունեցող բոլոր կողմերին լիարժէք համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նրանց անխոչընդոտ մուտքն ապահովելու համար»,- յաւելել է գլխաւոր քարտուղաի ներկայացուցիչը:

Յարակից լուրեր