Հա

Քաղաքական

09/12/2020 - 12:05

«Աղւէսի քաղաքականութիւնն» ու յաղթողի դիրքը, կամ ինչ է հիմա պէտք Հայաստանին ամենաշատը

Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը կարծում է, որ Երեւանը կը կարողանայ յաղթահարել այս «սեւ գիծը» եւ լուծել Թուրքիայի հետ իր հարցերը միայն յստակ ազգային գաղափարախօսութեան առկայութեան դէպքում, որը կաշխատի բոլոր ժամանակներում եւ ցանկացած իշխանութեան օրօք։

«alikonline.ir» - Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը կարծում է, որ Երեւանը կը կարողանայ յաղթահարել այս «սեւ գիծը» եւ լուծել Թուրքիայի հետ իր հարցերը միայն յստակ ազգային գաղափարախօսութեան առկայութեան դէպքում, որը կաշխատի բոլոր ժամանակներում եւ ցանկացած իշխանութեան օրօք։

Հայաստանը պէտք է աւելի կոշտ քաղաքականութիւն վարի եւ աւելի կոշտ հռետորաբանութիւն ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ։ Հայկական կողմից ցանկացած զիջում մեկնաբանւում է որպէս թուլութիւն եւ ազատում է Անկարայի ձեռքերը։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այսպիսի համոզմունք յայտնեց թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը։

Լոքմագեօզեանը նշեց, որ Արցախի շուրջ իրավիճակն ընդհանուր առմամբ թուլացրել է Հայաստանի դիրքերը, այդ թւում` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում։

Աւելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում ասել էր, որ Ղարաբաղի վերաբերեալ պայմանաւորւածութիւնները կարող են նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Արա Այւազեանը Մոսկւայում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ համատեղ ճեպազրոյցի ժամանակ նշել է, որ Հայաստանը միշտ  էլ շահագրգռւած է եղել հարեւանների, այդ թւում Թուրքիայի հետ խաղաղ եւ բարիդրացիական յարաբերութիւնների զարգացմամբ: Սակայն, հաշւի առնելով տարածաշրջանում Անկարայի ապակայունացնող եւ ագրեսիւ դերը, Թուրքիան պէտք է ձեռք բերի Հայաստանի վստահութիւնը։

«Խօսքերի եւ գործողութիւնների միջեւ կարող է հսկայական տարբերութիւն լինել։ Մինչ օրս մենք ոչ մի անգամ, ոչ մի ղեկավարի, ոչ մի իշխանութեան օրօք չենք կարողացել ադեկւատ գնահատական տալ Թուրքիային եւ դրա քաղաքականութեանը»,- ասել է Լոքմագեօզեանը։

Նրա խօսքով՝ այսքան տարւայ ընթացքում Երեւանը չի կարողացել Անկարայի նկատմամբ հռետորաբանութիւն ձեւաւորել։ Լոքմագեօզեանը կարծում է, որ Թուրքիայի հետ պէտք է կոշտ խօսել, եւ որ այդ քաղաքականութիւնը պէտք է շարունակական լինի։

Նա կարծում է նաեւ, որ Հայաստանը դեռ վաղուց պէտք է պետական ռազմավարութիւն մշակեր, որը կաշխատէր անկախ նրանից, թէ ով կը գար իշխանութեան։ Լոքմագեօզեանը նշեց, որ չի կարելի խաբւել Չաւուշօղլուի յայտարարութիւններից․ նա վստահ է, որ դա ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի «աղւէսի քաղաքականութեան» արտայայտում։

Այսօր Անկարան յաղթողի իրաւունքով, երբ խօսքը վերաբերում է արցախեան իրավիճակին, փորձում է նման յայտարարութիւններով ստորացնել Հայաստանին, հայ ժողովրդին։ Այդպիսի յայտարարութիւններով Թուրքիան ակնարկում է, որ զիջումների կը գնայ, եթէ Երեւանը «գլուխ խոնարհի», «հնազանդ լինի» եւ տայ նրան այն ամենը, ինչ նա կը խնդրի։

«Նրանք այսօր մեզ յաղթողի դիրքից են նայում, հետեւաբար նշանակութիւն չեն տալիս մեր խօսքերին։ Բացի այդ, արդէն նախադէպ է ստեղծւած (Արցախի հարցով), հետեւաբար, նրանք դրա վրայ կանգ չեն առնի եւ աւելի հեռուն կը գնան»,- ասել է Լոքմագեօզեանը։

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցին, ապա Լոքմագեօզեանը կարծում է, որ այստեղ էլ Արցախի շուրջ գործընթացները բացասական ազդեցութիւն են թողել։

Նա կարծում է, որ Թուրքիան առանց այդ էլ մտադիր չէր ճանաչել 105 տարի առաջ գործած ոճիրը, բայց հիմա նրանց համար այդ հարցն առհասարակ լուծւած է համարւում։

Իրավիճակը կարող է շտկել միայն աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդման պետական քաղաքականութիւնը։

«Ի տարբերութիւն Թուրքիայի՝ մենք ազգային ռազմավարութիւն չունենք։ Մենք պէտք է հասկանանք, թէ ինչպէս ենք ուզում հասնել դրւած նպատակին, ինչ ենք ուզում Թուրքիայից այս հարցում, ինչ կը տայ դա մեզ, ինչպէս ենք մտադիր հասնել դրան։ Մեզ ազգային գաղափարախօսութիւն է պէտք, որը կաշխատի բոլոր ժամանակներում»,- ասում է Լոքմագեօզեանը։

Յիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի տարածքի հանդէպ յաւակնութիւններ չունի։ նա նշել է, որ կարգաւորման գործընթացն օգտակար կը լինի Հայաստանի ժողովրդին, եւ որ Թուրքիան հանդէս է գալիս «արդար բաժանման օգտին»։

Նրա խօսքով` թուրքական կողմի դիրքորոշումն ուժեղ է իրաւական տեսանկիւնից, եւ Անկարան հաւատարիմ է այդ ուժն ի շահ բոլորի օգտագործելուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։