Հա

Քաղաքական

09/12/2020 - 12:20

Մեծ խաղը շարունակւում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցութիւնը Բաքւի շքերթին

Դեկտեմբերի 10-ին Բաքւում կայանալիք ռազմական շքերթը նշանաւորելու է Ադրբեջանի յաղթանակը ԼՂ-ում ու Թուրքիայի տարածաշրջանային յաջողութիւնը։

«alikonline.ir» - Դեկտեմբերի 10-ին Բաքւում կայանալիք ռազմական շքերթը նշանաւորելու է Ադրբեջանի յաղթանակը ԼՂ-ում ու Թուրքիայի տարածաշրջանային յաջողութիւնը։

Բաքւում պատրաստւում են ռազմաշքերթին, որը նւիրւած է Լեռնային Ղարաբաղում տարած յաղթանակին։ Տօնախմբութիւնը տեղի կունենայ դեկտեմբերի 10-ին, դրան կը մասնակցեն աւելի քան 3000 զինծառայող ու մօտ 150 միաւոր մարտական տեխնիկա։ Շքերթում կը ներկայացւի «Հայրենական պատերազմի ընթացքում» հակառակորդից խլած ռազմական աւարների մի մասը։ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանի ներկայութիւնը շքերթին նշանաւորում է Հարաւային Կովկասում ու Կասպից ծովին կից տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցութեան գօտու ընդլայնումը։  Այս մասին Sputnik Արմենիայում գրում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրահանգել է Ադրբեջանի Հանրապետութիւնում Յաղթանակի օր սահմանել։ Պետական լրատւամիջոցները ներկայացնում են այդ յաղթանակը որպէս բազմադարանոց ազգային պատմութեան դարակազմիկ իրադարձութիւն։ Ադրբեջանական պետական տեղեկատւական գործակալութիւնը նշում է․ «Որպէս պատւաւոր հիւր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայութիւնը Յաղթանակի շքերթին թուրքական եղբայրութեան տեսանելի ապացոյց է»։

Աւելի վաղ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը խօսել է զինծառայողների ուսուցման հարցում Ադրբեջանին օգնութեան (այդ թւում` համատեղ մանեւրերի ձեւաչափով) շարունակութեան մասին։ Բայց ամէն դէպքում չարժէ իդեալականացնել Անկարայի եղբայրական օգնութիւնը հայկական կողմի դէմ զինւած պայքարում։ Թուրքիան Հիւսիսատլանտեան դաշինքի անդամ է, դաշինքի գլխաւոր խնդիրն է տարածել ուժն ու վերահսկել մոլորակի էներգապաշարները, իսկ Ադրբեջանը շատ նաւթ ու գազ ունի։

 

Մարտական եղբայրութիւն

Ղարաբաղում 44 օր տեւած մարտերից յետոյ Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի միջնորդութեամբ պայմանաւորւածութիւն ձեռք բերեցին ամբողջական հրադադարի մասին։ Տարածաշրջանում գործում են ռուս խաղաղապահները, կրակոցներ չեն հնչում, սակայն մինչ իրավիճակի ամբողջական կայունացումը դեռ շատ կայ:

Զուգահեռաբար Ադրբեջանում Ղարաբաղի իրավիճակի մոնիթորինգի համար համատեղ ռուս-թուրքական կենտրոն է ստեղծւում։ Թուրք սակրաւորների ստորաբաժանումներն օգնում են ադրբեջանցի գործընկերներին ականազերծման հարցում։ Ընդհանուր առմամբ` Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցութիւնը Հարաւային Կովկասում աճել է։ Հնարաւոր է` փորձ ձեռնարկւի տարածել այն նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների վրայ։

Sputnik-ն աւելի վաղ գրել էր, որ հնարաւոր է` Լեռնային Ղարաբաղը բնակեցւի Սիրիայից թուրքամէտ գրոհային-թուրքոմաններով, որոնք մասնակցել են մարտական գործողութիւններին ու հրադադարից յետոյ չեն շտապում հայրենիք վերադառնալ։ Բացի այդ, եթէ թուրքական արտաքին քաղաքական «երկու պետութիւն` մէկ ազգ» հայեցակարգը ճիշտ ու ամուր է, ապա դրա տրամաբանական շարունակութիւնը կը դառնայ «երկու երկիր` մէկ բանակն ու մէկ հրամանատարը»։ Տարածաշրջանում «աւագ եղբօր»՝ Էրդողանի տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը պաշտպանելու համար ադրբեջանական կողմին նոյնիսկ պէտք չէ ամբողջովին պահպանել իրաւաբանական ձեւականութիւնները՝ դաշինք մտնելու համար։

Հնարաւոր է՝ յարաբերութիւնների նման դասաւորւածութեամբ Ադրբեջանն արդէն մէկ ոտքով ՆԱՏՕ-ում է։ Անկարան ձգտում է Օսմանեան կայսրութեան նախկին հզօրութեան վերականգնմանը։ Արդեօ՞ք Բրիւսէլն ու Վաշինգտոնը կը դիմադրեն բարդ ու թէժ տարածաշրջանում Անկարայի միջոցով ադրբեջանական բանակը ղեկավարելու գայթակղութեանը։

 

Տնտեսական ճնշում

Թուրքիան պաշտօնապէս հաւանութիւն է տւել նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն այն ակնյայտօրէն հիասթափւած է ռուսական խաղաղապահ գործողութիւնից։ Մաքսիմում խնդիրը՝ վերադարձնել Ղարաբաղի ամբողջական վերահսկողութիւնը, լուծւած չէ։ Անկարան պատրաստ է զօրքեր ուղարկել Ադրբեջան, ու այդ հեռանկարային գործողութիւնն ամրագրւած է թուրքական խորհրդարանի որոշմամբ։ Կարծում եմ՝ թուրքական բանակում շատերը կարծում են, որ ռուս զինծառայողները «գողացել» են իրենցից մաքուր յաղթանակը։

National Interest ամերիկեան պարբերականը նշում է․ «Ադրբեջանցիները նշում են նոյեմբերի 10-ը որպէս ղարաբաղեան պատերազմում Հայաստանի հանդէպ տարած յաղթանակ։ Սակայն երբ յաղթանակի հարբեցնող զգացողութիւնն աւարտւի, նրանք կը հասկանան, որ դա իսկական ադրբեջանական անկախութեան աւարտի սկիզբն է»։ Սակայն, ադրբեջանցիների համար բարեբախտաբար, Էրդողանի «նէոօսմանեան երազանքը» տապալւում է՝ բախւելով տնտեսութեանը։

Ռազմական գործողութիւնները Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արեւելեան Միջերկրական ծովում ու Հարաւային Կովկասում` էժան չէին։ Թուրքիայի արտաքին պարտքը հասել է $421 միլիարդի, որից $181 միալիարդը պէտք է տարւայ ընթացքում վճարի։ Վերջին երեք ամիսների ընթացքում թուրքական լիրան համաշխարհային արժոյթների հանդէպ 15% անկում է ապրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ.-ի միայն առաջին կիսամեակում թուրքական արտահանումը 26%-ով պակասել է։

Արեւմտեան վերլուծաբանները չեն բացառում, որ ստեղծւած իրավիճակում Անկարան արդէն իսկ վաղը Բաքւից փոխհատուցում կը պահանջի Ղարաբաղում ցուցաբերած օգնութեան համար` էժան էներգապաշարների տեսքով։ Այստեղ թաքնւած ռազմավարական հակասութիւն կայ, քանի որ առաջիկայ հինգ տարւայ ընթացքում Ադրբեջանը պէտք է վերակենդանացնի ու բնակեցնի նորից ստացած եօթ շրջանները (դա մօտ $10 միլիարդ կարժենայ)։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատւամիջոցները նոյեմբերի 9-ից յետոյ շեշտը դնում են ազգային բանակի ինքնաբաւ լինելու ու Լեռնային Ղարաբաղում Բաքւի ինքնուրոյն ռազմական յաղթանակի վրայ։ Միւս կողմից էլ պէտք է հաշւի առնել Ռուսաստանի ռազմավարական շահերը։ Մեծ խաղը Հարաւային Կովկասում շարունակւում է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։